Երեւանում անցկացված ծանրամարտի հանրապետության պատանիների եւ աղջիկների առաջնության ավարտից հետո վստահեցրեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:
Այս առաջնությունը նախորդներից առանձնացավ մասնակիցների մեծ քանակով եւ տղաների մի քանի քաշային կարգերում գրանցված բարձր արդյունքներով: Պայքարի մեջ ներգրավվել էին հանրապետության տարբեր մարզերի ու քաղաքների շուրջ 140 տղաներ եւ աղջնակներ:
Ֆեդերացիայի նախագահն առանձնակի գոհունակություն հայտնեց, որ աշխարհի ու Եվրոպայի վերջին առաջնություններում տարած հաղթանակներից հետո մարզաձեւով սկսել են ավելի շատ աղջիկներ զբաղվել: Ճիշտ է, սկսնակների արդյունքները դեռ հեռու են միջազգային չափանիշներից, սակայն արդեն նկատվում են մարզուհիներ, ովքեր ոչ հեռու ապագայում կարող են համալրել տարբեր տարիքային խմբերի մեր հավաքականները: Աշխուժացում նկատվում է նաեւ տղաների շրջանում:
«Ինչ վերաբերում է պատանիներին,- մեզ հետ զրույցում ասաց Սամվել Խաչատրյանը,- նախ նշեմ, որ 80-ական թվականներից հետո Կապան քաղաքը, ի դեմս 62 կգ քաշային Ռոման Հարությունյանի, առաջին անգամ չեմպիոն տվեց: Գոհ ենք 50 կգ քաշային, երեւանցի Սմբատ Մարգարյանից: Երկամարտում նրա ցույց տված 180 կգ-ն օգոստոսի վերջին Իտալիայում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնության մրցանակակրի ցուցանիշ կարող է լինել: Իսկ +94 քաշային Ռուբեն Ալեքսանյանը ցնցեց բոլորիս: Արարատցի 16-ամյա այդ մարզիկը պոկեց 175 կգ, հրեց 215 կգ՝ երկամարտում բարձրացնելով 390 կիլոգրամ: Դրանք այդ տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդներ են: Համեմատության համար ասեմ նաեւ, որ վերջերս Պրահայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում +105 կգ քաշային կարգում կուբացի Ալբերտո Պուպոն չեմպիոն դարձավ երկամարտի 376 (166+210) կիլոգրամով»:
Մեր հարցին, թե այդքան փոքր տարիքում նման ծանր կիլոգրամներ բարձրացնելը մտահոգությունների տեղիք չի՞ տալիս, Սամվել Խաչատրյանը պատասխանեց. «Հասկանում եմ, թե ինչ եք ակնարկում: Ամեն բան նորմալ է: Արգելված միջոցներ օգտագործած լինելու խնդիր չկա: Այս մրցումներից առաջ տղաների եւ աղջիկների պայքարում մեդալների հավակնող 14 ծանրորդ դոպինգ-ստուգում է անցել: Այս ամսվա վերջերից մեր պատանիների հավաքականը կսկսի ուսումնամարզական հավաքները՝ նախապատրաստվելով Եվրոպայի առաջնությանը: Մեր մարզասերներն արդեն սովորել են Հայաստանի ծանրորդների՝ մեդալների հարուստ ավարով վերադարձին: Իտալիա կմեկնեն միայն լավագույնները: Ժամանակից առաջ չանցնենք: Բայց կարծում եմ, որ այս անգամ էլ լավ ավանդույթը կպահպանենք»: