Եկեք խաղանք ժողովրդավարություն
Սկիզբը՝ 23.06.07թ. համարում
Այսօր ազգայնականության հիմնական սկզբունքներն ամբողջ աշխարհում ավելի մեծ տարածվածություն են ստացել, քան ազատականության կամ այլ գաղափարախոսության: Եվ չնայած հանուն «ազգային շահերի» արյան գետեր են թափվել՝ ողջ աշխարհի ազգերը համախմբող միակ կազմակերպությունը ՄԱԿ-ն է, որի հիմքում ազգայնականության սկզբունքներն են՝ «ազգային անկախության հանդեպ հարգանք», «ազգային սահմանների անքակտելիություն», «ազգային ինքնորոշում» եւ այլն:
Ժողովրդավարության հիմքերի հիմքն է ժողովրդի իշխանության սկզբունքը, որը ենթադրում է, որ կառավարությունը կարող է օրինական ուժ ստանալ միայն ընտրողների կամքով: Դրա կապը բանական եւ փիլիսոփայական ավանդույթների հետ դրսեւորվում է «հասարակական պայմանագիր» հասկացությամբ, պայմանագիրը նախատեսում է, որ հասարակությունը կազմված է բացառապես ազատ եւ բանական ընտրության ունակ անհատներից: Ենթադրվում է, որ ժողովրդի կամքի արտահայտումը մշտապես կհամապատասխանի ազգի շահերին:
Ժողովրդավարությունը սկզբունքորեն տարբերվում է այլ քաղաքական համակարգերից (ավանդական, թե ժամանակակից), որոնցում իշխող վերնախավը թելադրում է իր «աստվածային կամքը» կամ, մարքսիստների նման, ձեւակերպում է «բնապատմական օրինաչափություններ» եւ այդ ձեւակերպումների համապատասխան ղեկավարում է հասարակությանը: Ժողովրդավարությունն, ի վերջո, խաղ է, որի կանոնները, անշուշտ, խիստ բանական են, բայց «խաղադաշտը» եւ «խաղացողները» կարող են լինել բանականությունից չափազանց հեռու:
Ինչո՞ւ քաղաքացիների տվյալ խումբն ուզում է մտնել այս կամ այն աշխարհաքաղաքական տարածքը կամ ինչ-որ խոշոր քաղաքական միավորի կազմի մեջ: Քանի որ ժողովրդավարության գաղափարները համընդհանուր են, տրամաբանական կլիներ ժողովրդի իշխանության սկզբունքը տարածել ամենուրեք: Սակայն դա ենթադրում է, որ ամենուր պետք է անցնեն ժողովրդավարական բարեփոխություններ, եւ որ բոլոր ազգերը դրան սրտանց ձգտում են: Պատմությունը (եւ հատկապես հետխորհրդային շրջանը) ցույց է տալիս, որ այս երկու ենթադրությունները իրականությանը չեն համապատասխանում:
Ժողովրդավարությունը միշտ ի հայտ է եկել որոշակի հասարակություններում: Դեռ ոչ մի դեպք չի արձանագրվել, որ ազատ, իրար հետ կապ չունեցող գիտակից անհատներ ինքնաբուխ միավորվեն եւ «դատարկ տեղը» հասարակական պայմանագիր կնքեն: Հաճելի է դա, թե ոչ, բայց ազգայնականությունը պատմական հենց այն ուժն է, որը հնարավորություն է տալիս միավորել կառավարման ժողովրդավարական մոդելի շուրջ: