Համատեղության կարգով՝ Երեւանի տնտեսագիտական համալսարանում աշխատող Կառավարման ակադեմիայի ռեկտորին բուհում պատժել են:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք («Առավոտ», 03.07.2007թ.), Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկանի առանձնասենյակում գնահատականի համար վեճի ժամանակ դասախոսի կողմից ծեծի է ենթարկվել 2-րդ կուրսի ազգությամբ հույն մի ուսանող:
Պարզեցինք, որ ուսանողի անունը Անդրեյ Զելիկով է (նա ՀՀ քաղաքացի է), իսկ նրան ծեծողը Կառավարման ակադեմիայի ռեկտոր Հովհաննես Հարությունյանն է: Վերջինս համատեղության կարգով աշխատում է նաեւ Տնտեսագիտական համալսարանում եւ դասավանդում է «Հաշվապահական հաշվառում»: «Առավոտի» տեղեկություններով, Հ. Հարությունյանը իր վաստակած դրական գնահատականը ակնկալող ուսանողին մայր էր հայհոյել, վերջինս էլ համարժեք պատասխան էր տվել, որին հետեւել էր ծեծկռտուքը: Ի դեպ, նոր կարգի համաձայն, կիսամյակի ավարտին՝ կիսամյակի ընթացքում դրական արդյունքներ ստացած ուսանողին «հասնում» է դրական գնահատական:
Երեկ Տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկան Գրիգոր Տերտերյանին ափերից հանեց այս առիթով պարզաբանում ստանալու մեր խնդրանքը: Նա հայտարարեց, որ իր ղեկավարած ֆակուլտետում կատարվածից ինքը տեղյակ չէ եւ իրավասու չէ թերթերին պարզաբանումներ տալ: Իսկ մեր տեղեկությանը, թե ծեծկռտուքը եղել է հենց իր աշխատասենյակում, պատասխանեց. «Դեպքը ոչ թե իմ աշխատասենյակում, այլ դիմացի լսարանում է եղել… Բուհը ռեկտոր ունի, գնացեք իրենից էլ իմացեք»: Ի տարբերություն դեկանի, ռեկտոր Յուրի Սուվարյանը պատրաստակամություն հայտնեց պատասխանել «Առավոտին» հուզող բոլոր հարցերին: Նրանից հետաքրքրվեցինք՝ ի վերջո ի՞նչ է կատարվել, մանավանդ, մեր տեղեկություններով, ծեծի արդյունքում վնասվել են Զելիկովի դեմքն ու ատամները, եւ նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր: «Լուրջ բան չի եղել, ընդամենը թեթեւ վիճաբանություն՝ ուսանողի եւ դասախոսի միջեւ, ինչն ավարտվել է առանց հետեւանքների: Հարցը ուսումնասիրել ենք, այն այժմ փակված է»,- հավաստիացրեց պրն Սուվարյանը ու խորհուրդ տվեց «ավելի լուրջ թեմաներով գրել, ասենք՝ քաղաքական»: Մեր դիտարկմանը, որ դասախոս-ուսանող ծեծկռտուքը ամենեւին էլ մանրուք չէ, տնտեսագիտականի ռեկտորը պատասխանեց. «Տեղեկացնեմ, որ այդ ուսանողը նախկինում հեռացված է եղել, բանակից հետո է վերականգնվել: Իսկ դասախոսն էլ մերը չէ, նա համատեղությամբ է աշխատում: Ես ամբիոնի վարիչին ասել եմ, որ նրան այլեւս ժամեր չտա… Ինքս չեմ տեսել տղային, դեպքին ներկա չեմ եղել, չգիտեմ՝ դատաբժշկի ուղեգիր ունի՞, թե՝ ոչ: Մի բան կասեմ՝ ամեն մեկը ստացել է իր դիտողությունը, իսկ ուսանողին չենք պատժել, որովհետեւ այդքան մեղավոր չէր, թեեւ իրավունք էլ չուներ իրեն այդպես պահել: Մյուս կողմից էլ, դասախոսը տարիքով նրանից մեծ էր, պիտի չվիրավորեր տղայի ինքնասիրությունը: Ինքս 4 տասնամյակից ավելի աշխատում եմ, երբեք ոչ մի ուսանողի չեմ վիրավորել»: Մեր հարցին՝ հնարավո՞ր է գործընկերային համերաշխությունը հաղթի կամ Հովհաննես Հարությունյանը գործի դնի իր լծակները, եւ արդյունքում՝ Զելիկովը պատժվի կամ հեռացվի բուհից: «Դա բացառվում է: Ես դեկանին հանձնարարել եմ՝ ուսանողին հրավիրել- ասել, որ խնդիր չունի, թող գնա արձակուրդ եւ վերադառնա սովորելու: Կրկնում եմ՝ ուսանողին չեմ մեղադրում: Նա ընդամենը պատասխանել է դիմացինի կոպիտ պահվածքին»:
2 օր շարունակ չհաջողվեց կապվել Կառավարման ակադեմիայի ռեկտոր Հովհաննես Հարությունյանի հետ: Գործավարուհու փոխանցմամբ, նա շարունակ զբաղված էր կամ տեղում չէր: Ամեն դեպքում՝ պատրաստ ենք տպագրել նաեւ պրն Հարությունյանի պատասխանը: