Լրահոս
Օրվա լրահոսը

Օդանավակայանի հիմնավորումներն ընդունեցին

Հուլիս 05,2007 00:00

Չնայած դրան, օդանավակայանը պարտավորվեց իր ծառայության համար պահանջել ոչ թե 1.2 մլն դրամ, այլ առավելագույնը՝ 550000:

«Արմենիա միջազգային օդանավակայանները» (ԱՄՕ) «Հատուկ կապ» ընկերության ավտոմեքենաներին թույլ է տալիս մուտք գործել օդանավակայանի տարածք՝ մինչեւ ինքնաթիռի կայանատեղին եւ հետադարձ (դուրս գալ): Առանց օդանավակայանի այդ ծառայությունից օգտվելու՝ «Հատուկ կապը» չի կարող սպասարկել իր հաճախորդներին, քանի որ այդ ընկերությունը ձեռնարկությունների կամ նախարարությունների գաղտնի եւ հույժ գաղտնի պետական թղթակցություններ ու գնահատված ծանրոցներ է տեղափոխում երկրից երկիր ու, որպեսզի ընկերության մեքենաները կարողանան անարգել ելումուտ անել մինչեւ ինքնաթիռի կայանատեղի, ԱՄՕ-ի եւ «Հատուկ կապի» միջեւ կնքվել է պայմանագիր: Ըստ պայմանագրի, ընկերությունը պարտավորվել էր ԱՄՕ-ին ծառայության դիմաց ամսական որոշակի գումար վճարել: Օրինակ՝ 2004-ին ԱՄՕ-ն պահանջել է վճարել ամսական 600 դոլար (մոտ 270 հազար դրամ): Սակայն տարեցտարի օդանավակայանն իր ծառայության գինը թանկացրել է՝ հասցնելով ամսական 480 հազար դրամի, այնուհետեւ՝ 1 մլն 200 հազարի: Հունիսի սկզբին «Հատուկ կապ» ընկերությունը դիմել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ բողոքելով, որ ԱՄՕ-ի սահմանած գները չափազանց բարձր են եւ հնարավոր է՝ ԱՄՕ-ն չհիմնավորված վճար է իրենցից պահանջում:

Երեկ այս առնչությամբ հրավիրած նիստում հանձնաժողովը որոշեց, որ չնայած «Հատուկ կապի» տնօրենների դժգոհությանը, ԱՄՕ-ն չի չարաշահել իր դիրքը եւ, հետեւաբար, կարող է գանձել պայմանագրով նախատեսված 1 մլն 200 հազար դրամը: Հանձնաժողովը միայն ֆիքսեց, որ պայմանագիրը լրանալուց հետո ամենաբարձր գումարը, որ ԱՄՕ-ն կարող է սահմանել իր ծառայության դիմաց, պետք է լինի ամսական 550 հազար դրամը: «Մեր ընկերությունն այդքան գումարն էլ ի վիճակի չէ մուծել, քանի որ առանց այդ էլ վնասով ենք աշխատում: Ճիշտ է, նրանք իրավունք ունեն արտարժույթի կուրսի տատանման դեպքում այդ գումարը փոփոխել: Քանի որ պայմանագրում վճարը ֆիքսվում է դոլարով եւ դոլարի կուրսն էլ գնալով իջնում է, տրամաբանությունը հուշում է, որ ծառայության սակագինն էլ պետք է դրամով իջներ, այլ ոչ թե է՛լ ավելի բարձրանար, մինչդեռ օդանավակայանը 1 դոլարը հաշվարկում է 500 դրամով»,- «Առավոտի» հետ զրույցում բողոքեց «Հատուկ կապ» ընկերության տնօրեն Սերգեյ Աֆյանը: Որպեսզի հաճախորդներին չկորցնի, «Հատուկ կապը» 3 ամսով արդեն պայմանագիր կնքել է ԱՄՕ-ի հետ՝ սակագինը սահմանելով ամսական 1.200 մլն դրամ: Ս. Աֆյանը հանձնաժողովին խնդրում էր, որ իրենք չեղյալ համարեն պայմանագիրը եւ թույլ տան հուլիսից ամսական 550 հազար դրամ վճարել, սակայն հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը մերժեց՝ ասելով, որ իրենք չեն կարող միջամտել ուժի մեջ մտած պայմանագրին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել