Երեկ «Փաստարկ» ակումբում անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, որ գործող կառավարությունը ժամանակավոր է եւ կոմպրոմիսային՝ նախագահի եւ վարչապետի միջեւ:
Ըստ Վիկտոր Դալլաքյանի, իշխանությունների ներսում իշխանության համար մրցակցություն կա. մի կողմից՝ ամենաերիտասարդ թոշակառու լինել չցանկացող նախագահ, որը փորձում է առավելագույնս պահել իր ազդեցությունը, մյուս կողմից՝ մաքսիմալ իշխանության ձգտող վարչապետ, որը փորձում է ամբողջացնել իր իշխանությունը: Վիկտոր Դալլաքյանը կարծիք հայտնեց, որ գործող վարչապետը չի համաձայնի իր՝ նախագահ դառնալու պարագայում գործող նախագահին հանձնել վարչապետի պաշտոնը: Նաեւ չի բացառել, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո եւ վարչապետը, եւ ԱԺ մեծամասնությունը, եւ նախագահը լինեն նույն կուսակցությունից: Վիկտոր Դալլաքյանը հիշեցրել է նաեւ ՀՀՇ-ի գլխավորած «Հանրապետություն» միավորման 1995 թվականի փորձը, երբ մոնոլիտ իշխանությունը կարճ ժամանակում ձեւափոխվեց: Վիկտոր Դալլաքյանը կարծում է, որ իշխանությունները նախագահի ընտրություններում կառաջադրեն երկու թեկնածու: Մեկը Սերժ Սարգսյանն է, մյուսին առաջադրելու է Ռոբերտ Քոչարյանը, եւ ըստ Վիկտոր Դալլաքյանի, դա այն մարդն է, «ով ձեռնպահ էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քվեարկության ժամանակ»: Հիշեցնենք, որ ձեռնպահ էր արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց նաեւ, որ եթե ընդդիմությունը դասեր քաղի, ապա կարող է լուրջ մրցակցություն ցույց տալ նախագահի իշխանական թեկնածուներին, բայց եւ զգուշացրեց, որ «Սահմանադրությունը ԱԺ մեծամասնությանը եւ նրա հավանությունը վայելող վարչապետին տալիս է անվերահսկելի իշխանություն: Նախագահը ԱԺ մեծամասնության եւ վարչապետի մոտ անգլիական թագուհի է աշխատում»: Վերջերս շատ է խոսվում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 2008-ի ընտրություններին հնարավոր մասնակցության մասին: Վիկտոր Դալլաքյանը նկատի ունենալով առաջին նախագահի լռությունը՝ ասաց, որ շատ ավելի կոռեկտ կլիներ, եթե նախ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը լիներ, եւ հետո միայն տարբեր կուսակցություններ եւ գործիչներ սկսեին քննարկել վերջինիս առաջադրման տարբերակը: