Հուլիսի 2-ը Մարզական լրագրողների միջազգային օրն է: Երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանն այդ առիթով կազմակերպած ընդունելության ժամանակ Հայաստանի մարզական կյանքը լավագույնս լուսաբանող մի շարք լրագրողների ՀԱՕԿ-ի շնորհակալական վկայագրեր հանձնեց: Արմեն Գրիգորյանը, փոխնախարար Միքայել Իսպիրյանը, ՀԱՕԿ-ի փոխնախագահներ Ռազմիկ Ստեփանյանը եւ Դերենիկ Գաբրիելյանը բարձր գնահատեցին մարզական լրագրողների աշխատանքը՝ նշելով, որ առանց հանրապետության մարզական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին նրանց գործուն մասնակցության՝ ոլորտը ցանկալի առաջընթաց չի ունենա: Նրանք կարեւորեցին նաեւ սպորտի ոլորտում արձանագրվող ձեռքբերումների մասին հասարակությանը ժամանակին իրազեկ պահելը, այս կամ այն մարզական կազմակերպության ու գործչի, անկախ նրա զբաղեցրած պաշտոնից եւ դիրքից՝ աշխատանքներում տեղ գտած թերությունները տեղին ու անկողմնակալ վեր հանելը, ինչն օգնում է դրանք ժամանակին վերացնել: