Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղություն ես ուզում՝ պատրաստ եղիր պատերազմին»

Հուլիս 04,2007 00:00

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը երեկ Սլավոնական համալսարանում հայտարարեց, որ կյանքն առայժմ ստիպում է ապրել այս բանաձեւով:

Երեկ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում (ՌՀՀ) ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հանդիպեց ուսանողներին: Ռեկտոր Արմեն Դարբինյանը գիտական խորհրդի կողմից նախագահին հանձնեց Սլավոնական համալսարանի Պատվոշքանշանը: Այնուհետեւ պրն Ղուկասյանը դասախոսություն կարդաց «Ղարաբաղյան հիմնախնդիր. կարգավորման հեռանկարներ» թեմայով: Դասախոսությունը անց էր կացվում ՌՀՀ-ի եւ «Ռիա Նովոստիի» կողմից համատեղ կազմակերպած «Իմացությունը հզոր ուժ է» միջազգային Ամառային դպրոցի շրջանակներում:

«Պատերազմը մեր ընտրությունը չէ: Ցավոք, կյանքն է ստիպել ապրել «Խաղաղություն ես ուզում՝ պատրաստ եղիր պատերազմին» բանաձեւով: Մանավանդ, Ադրբեջանն օրեցօր մեծացնում է իր ռազմական բյուջեն՝ հավասարեցնելով ԼՂՀ- ի եւ Հայաստանի ընդհանուր բյուջեին»,- հայտնեց պրն Ղուկասյանը: Նա հիշեց նաեւ, որ դեռ 1991-ին Ադրբեջանը, պատերազմ սկսելով Ղարաբաղի դեմ, վստահ էր, որ հաղթելու է. «Այդ ժամանակվա նախագահ Էլչիբեյը հայտարարում էր, որ մի ամսից Ղարաբաղի մայրաքաղաքում՝ թեյ, 2 ամսից էլ՝ Սեւանի ափին սուրճ է վայելելու»: ԼՂՀ նախագահը փաստեց, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները սառն են. «Զարմանալի է, բայց 90-ականներին, երբ արյուն էր թափվում, Ադրբեջան-Ղարաբաղ-Հայաստան հարաբերություններն այնքան վատ չէին, ինչպես այսօր: Այդ տարիներին երկու կողմերից էլ պատգամավորներ, ժուռնալիստներ ու այլ ոլորտների ներկայացուցիչներ էին հանդիպում: Իսկ այժմ Ադրբեջանը մեզ հետ խոսում է ուժի, շանտաժի լեզվով»: Ա. Ղուկասյանը վստահեցրեց, որ եթե Ադրբեջանը հետագայում էլ շարունակի նույն կերպ վարվել եւ միայն Հայաստանի կողմից զիջումներ պահանջել, Ղարաբաղն էլ համարժեք քաղաքականություն կվարի: «Մենք այլ ելք չենք ունենա, քան միջազգային հանրությանը Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու խնդրով դիմելը: Բայց ուզում ենք, որ այդ քայլն առաջինը Ադրբեջանն ինքն անի»,- նշեց Ա. Ղուկասյանը:

«Ռիա Նովոստի» գործակալության ներկայացուցիչ Ալան Կասաեւը ԼՂՀ նախագահին հարցրեց. «Ինչ է, այդպիսի կենսական անհրաժեշտությո՞ւն ունի ձեզ համար միջազգային ճանաչումը: Եթե դա տեղի չունենա, ԼՂՀ-ում կյանքը կա՞նգ կառնի»: Ա. Ղուկասյանն էլ պատասխանեց. «Մի երկրում, որը 50 տոկոսով օկուպացված պայմաններում է գոյատեւել, կյանքը երբեք չի ավարտվի»:

Սլավոնական համալսարանի ուսանողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ արդյո՞ք հիմնականում Ադրբեջանին սատարող աշխարհը երբեւէ կճանաչի ԼՂՀ անկախությունը: «Աշխարհը այժմ ցանկանում է կայուն պահել ներկա իրավիճակը, քան նոր աշխարհաքաղաքական զարգացումներ ունենալ: Հուսամ՝ միջազգային հանրությանը կկարողանանք համոզել, որ ղարաբաղյան խնդրի լուծումը միայն Ղարաբաղից չէ կախված: Ցավոք, միջազգային էլիտան այժմ ոչ թե փորձում է հարցին իրավական լուծում տալ, այլ ձգտում է քաղաքական ուղով հասնել կարգավորման»,- նկատեց Ա. Ղուկասյանը: Վրացի քաղաքագետ Արեշիձեին էլ հետաքրքրեց, թե ԼՂՀ-ն ի՞նչ զիջումների կարող է գնալ: «Ժամանակից շուտ խաղաթղթերը բացելը դիվանագիտական տեսանկյունից ճիշտ չէ: Մյուս կողմից էլ զիջել կարելի է միայն գործընկերոջը՝ նրան, ով չի սպառնում»,- շեշտեց Ա. Ղուկասյանը: Անդրադարձ եղավ նաեւ ՀՀ-ի՝ ԼՂՀ անկախության ճանաչման հարցին: «Այն պահին, երբ Ղարաբաղն ու Հայաստանը որոշեն, որ դա անհրաժեշտ է, Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը»,- բացատրեց ԼՂՀ նախագահը:

Վրացի մի ուսանող էլ հետաքրքրվեց, թե Վրաստանն ինչ դերակատարություն կարող է ունենալ ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում: «Վրաստանին այդ հարցն այսօր այնքան էլ չի հետաքրքրում՝ իր խնդիրներն էլ քիչ չեն: Իսկ եթե երբեւէ այդպիսի ցանկություն ունենա, գուցե Ղարաբաղն էլ նրան օգնի լուծել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ ունեցած խնդիրները»,- կես կատակ-կես լուրջ պատասխանեց ԼՂՀ նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել