Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐԸ ՏԱՐԱՆ

Հուլիս 04,2007 00:00

Գրողների միության արժեզրկված մրցանակների մասին

Եթե մեր օրերի հայ մարդու ընտրություն կատարելու բարոյական մակարդակի վերլուծության փորձ անենք, երեւի թե ամենաբնորոշը, իբրեւ բնաբան, բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանի մի առիթով ասածն է. «Կարմիր խնձորը տարան, բայց այդպես էլ մութ մնաց՝ հարսը կո՞ւյս էր, թե՞ ոչ…»: Ընդ որում, ասվածը գրեթե առանց բացառության կարելի է վերագրել բոլոր ոլորտներում համատարած զեղծարարություններին: Բայց փորձիր խոսել քաղաքական ձեռնածություններից՝ թյուր մեկնաբանությունը չի ուշանա՝ ուրեմն ուզում է պատգամավոր դառնալ… փորձիր խոսել ՀԳՄ թերացումներից՝ ուրեմն ուզում է այնտեղ պաշտոն ձեռք գցել… փորձիր խոսել մրցանակաբաշխական հանձնաժողովների անհեթեթության հասնող կամայականություններից՝ ուրեմն ուզում է մրցանակ ստանալ… Ոչինչ էլ չենք ուզում. ինձպեսները պաշտոնավարության համար չեն: Ուզում ենք մեր երեխաների առաջ չամաչել՝ թե ինչ երկիր ենք նրանց թողնում: Ուզում եմ ինձ որպես գրողի ինչ-որ միջակություն դասեր չտա, ինչ է թե՝ պետմրցանակակիր է: Ոչ մի խնդիր չունենալով մրցանակակիրների հետ, այնուամենայնիվ, չի լինի չհիշել խնձորի տխուր պատմությունը: Ո՛չ մի առաջխաղացում օբյեկտիվությունը առավելագույնս պահպանելու, ո՛չ մի կանխարգելող-մշակված միջոց՝ ընդդեմ հանձնաժողովականների ինքնագլուխ որոշումների:

Ծախվածության, կեղծիքի դեմ գրողի լռելը, եթե այսչափ նողկալի չլիներ, գուցե կյանքում սովորական քաղաքացու լուռ հարմարվողականությունը «արժանիք» համարեինք: Լռող գրողը իր մեղսակցությամբ վաղը ավելի պատասխանատվության է ենթակա, քան նրանք, ովքեր այս անբարոյությունների համար անմիջականորեն պատասխանատու են: Մենք ամեն ինչ անձնավորում ենք՝ չմտածելով, որ հնարավոր է ոչ մեկից ոչինչ չակնկալող վրդովմունք -զայրույթ: Լռելը ենթադրել է տալիս՝ ինչ-որ տեղ համաձայն ես կեղծարարներին: Մնում է ըմբոստանալը, որը եթե ոչինչ չի փոխում գրողական մեր այս տարաբաժանված միջավայրերում, գոնե սովորեցնում է իրավունքներիդ տեր կանգնել, չընկրկել գրական այն տեսակի առաջ, որ չգիտես ինչու ինչ-որ ինքնաբավությամբ ուզում է ձախողված տեսնել գրականությունը առհասարակ:

2006թ. Ռուսաստանի, երեւի թե, ամենահեղինակավոր «ըՏսՖՔՈարձակագիր Դմիտրի Բիկովին: Պետք էր տեսնել նախաձեռնող հանձնախումբը ինչպիսի զգուշավորությամբ, պատահականությունները գրեթե բացառող անցափուլեր էր մշակել՝ պարզելու համար, թե ներկայացված հարյուրից ավելի թեկնածուներից ովքեր են մտնելու եզրափակիչ, եւ այս եզրափակիչից ովքեր են, ի վերջո, «զտվելու»՝ ըստ արժանվույն ներկայացնելու համար ռուս գրականության տարվա դեմքը: Միայն վերջին վայրկյանին, երբ գրական հսկա բազմության ներկայությամբ բացվեց կնքված արկղը, Բիկովին եւ մյուս մրցանակակիրներին հայտնի դարձավ՝ իրենց է նախընտրել մի քանի փուլերով անցած Նորին Մեծություն Անկաշառությունը: Որքան հիշում եմ, նախորդ նմանատիպ մրցանակաբաշխություններից մեկում ընդամենը երրորդ աստիճանակարգով բավարարվեց հռչակավոր գրող Վասիլի Ակսյոնովը:

Հայաստանում նման բաներ պատկերացնելը նույնքան տարօրինակ է, որքան, ասենք, կակտուս թրաշելը… ինչ է թե, տեսեք՝ մենք անփուշ ենք: Քիչ թե շատ անուն վաստակած մեկը հերիք է «կպցնի» գործը, ամիսներ (գուցե եւ տարի) առաջ կշտապի հիշեցնել՝ 1-ինը իմն է, 2-րդին, 3-րդին ձեռք տվողի… Ամոթ է: Նույնքան ամոթ է, որքան, ասենք, չհասկանալը, որ եթե մրցանակով գրողը ավելին դառնար, քան իրականում կա, Եդովմի այծերը պետք է որ իրենց ամենամեծ գրողները երեւակայեին, քանի որ նրանք ամեն օր դափնու տերեւներ են ուտում… Ասենք, ո՞ւմ եմ ասում, Գրողների միությունում լսող թե լիներ, այս աննորմալ վիճակը չէր ստեղծվի:

Մտահոգությունս վաղն է: Մտահոգությունս է՝ ո՞ւր է տանում այս անվերջ դափնեկերությունը, ընդ որում՝ ով որտեղ հասցնի, կամ ավելի ճիշտ՝ ժամանակին հասցնի. «Ասենք, այդ տարի տվյալ բանաստեղծի հիսնամյակն էր լրացել [ուշարժան է, որ նաեւ վաթսունամյակը, յութանասունամյակը, բայց հետաքրքիր է՝ երբեք քառասունամյակը… կամ էլ չասեմ] կամ ծանր վիրահատության էր ենթարկվել ու շատ փող ծախսել, կամ՝ էս անգամ էլ նրան տանք, վաղուց չի ստացել, կամ երբեք չի ստացել՝ էլ չեմ խոսում՝ բարեկամ, ծանոթ, հարազատ հավերժական կատեգորիաների մասին» («Գրեթերթ», 2007, թիվ 1, Արքմենիկ Նիկողոսյան, «Մրցանակաբաշխություններ…»):

Ինչո՞ւ չի վերանայվում մրցանակաբաշխական ողջ կառույցը, ո՞ւմ է ձեռնտու այն, որ նախատեսված մրցանակային ֆոնդը մինչեւ մրցանակակրին հասնելը այնպես «հալչի», որ վերջինս դեռ մի բան էլ գոհ մնա՝ ոչինչ, որ որսապատառը «ծամված» է, իսկ եթե դա՞ էլ չլիներ: Մյուս կողմից էլ մտածում եմ՝ արժե՞ նման կիսաեփ, մի քանի անգամ «ուտվելու» փորձից պրծած պատվի արժանացնեն մրցանակներ «պատրաստող» մութ խոհանոցից հեռու, իրոք, մեծարումի արժանի մեր մի քանի գրողների: Արժե՞ նման մեղսավոր խաղով-ձեռնածությամբ մի բաժին էլ «ետ գցեն», ասենք, Հրաչյա Սարուխանի պես ազնվագույն մարդուն ու մեծ բանաստեղծին ի պատիվ:

Այնպես է աղարտված, այնպես է վարկաբեկված-արժեզրկված մրցանակ հասկացությունը Հայաստանում, որ ուզում ես մի դառը-հեգնական խոսքով որեւէ բան փոխելու անզորությունդ գոնե փարատել: Եվ եթե Արա Բալիոզյանի միտքն էլ տեղին չէ՝ «եթե երբեւէ հայերը ինձ մրցանակ տան, կվերցնեմ փողը, կմերժեմ պատիվը», ռուսական ասացվածքը հիշեցնենք՝ մրցանակը հոմռոյ է, վաղ թե ուշ բոլորը կստանան: Սա հենց մեզ համար է ասված, որովհետեւ միայն մենք գիտենք, թե մեկ-երկու տարի հետո ո՞վ է կանխ-ախտորոշված այդ հիվանդությամբ, ո՞ւմ է այդ ախտը հասնելու, կամ … չի հասնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել