Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որտե՞ղ փնտրել գիտության պատիվը – 3

Հուլիս 04,2007 00:00

Մտորումներ պարզ թվաբանական գործողությունների ու գիտնականների մասին

Հայաստանում շուրջ 125 գիտահետազոտական ինստիտուտ կա, ուրեմն՝ նույնքան տնօրեն, 250 փոխտնօրեն, 250 քարտուղարուհի, 125 վարորդ, 125 գիտքարտուղար, 125 ռեժիմի պետ, 125 գլխավոր հաշվապահ, 125 կադրերի բաժնի վարիչ: Փաստորեն, միայն «նաչալնիկները՝» մոտ 1500 են: Մոտ 2000 էլ կազմում են պահակները, հավաքարարները, սովորական հաշվապահներն ու մատակարարները: Եթե «մեռած հոգիներին» էլ գումարենք, էլ գործ անող չի մնում: Ստացվում է, որ ռեալ գիտությամբ «զբաղվողների» թիվը Հայաստանում մեծ չէ: Իսկ եթե պետությունը որպես գիտության պատվիրատու գտնում է, որ 1500 կատարողին նույնքան «նաչալնիկ» է պետք, ուրեմն ինչի՞ մասին է խոսքը:

2007 թվականի պետական բյուջեն նախատեսել է, որ գիտությանը հատկացվում է 5.712.116.600 դրամ: Եթե կրթության եւ գիտության կազմակերպման համար նախատեսված 436.379.300 դրամից հանենք գիտության բաժինը եւ ավելացնենք առաջին թվին, կստացվի, որ գիտության ծախսերի համար նախատեսվում է մոտ 6 մլրդ դրամ, ինչը կազմում է շուրջ 17.5 մլն ԱՄՆ դոլար: Մի կողմ թողնենք՝ սա քիչ է, թե շատ: Պարզապես՝ փորձենք հաշվել, թե քանի մարդ կարող է զբաղվել գիտությամբ այս գումարով: Ենթադրենք՝ ամեն մարդու ամսական հատկացվում է 150000 դրամ, պահումներից հետո մնում է մոտ $350: Դա (տասն անգամ) ցածր է, քան եվրոպական զարգացած երկրներում: Նման աշխատավարձ տալուց հետո բարոյական իրավունք կունենա՞ս մարդուց աշխատանքի որակ պահանջել: Ենթադրելով, որ աշխատավարձի ֆոնդը ընդհանուր գումարի մոտ 40 տոկոսը պետք է լինի, տարին էլ ունի 12 ամիս, պարզ թվաբանական գործողություններից հետո կստացվի, որ ՀՀ բյուջեն նախատեսել է գումար, որը բավարար է մոտ 1400 հոգու գիտության ասպարեզում պահելու համար: Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ գումարի 60 տոկոսը թողել եմ վերադիր ծախսերի համար: Իսկ սրա մեջ մտնում է թե «նաչալնիկների փողը», թե սարքերի, նյութերի, գրականության եւ այլ անհրաժեշտ ծախսերի համար պահանջվող: Ենթադրելով, որ արտասահմանից էլ ինչ-ինչ գումարներ դրամաշնորհների տեսքով կմտնեն Հայաստան, կարելի է պնդել, որ մոտ 2000 մարդ կարող է զբաղվել գիտությամբ: Բայց իրականում ունենք գրանցված 6500 մարդ, որոնցից 4500-ին պատվիրատուն (պետությունը) առաջարկում է կամ պահել, կամ էլ…: Ունենք մի քանի տարբերակ: Մեկը՝ ամեն ինչ նույնությամբ թողնելն է` ինչը ենթադրում է սուտ աշխատավարձ, սուտ ֆինանսավորում եւ սուտ գիտություն (տես «Որտեղ փնտրել գիտության պատիվը-2», «Առավոտ», 16.06. 2007): Մյուս տարբերակը կարճ կարելի է բնութագրել այսպես: Եկեք ինչ հնարավոր է ծախենք, մի կերպ «յոլա» գնանք, հետո մի բան կլինի: Այս տարբերակին ես նույնպես դեմ եմ (տես «Որտեղ փնտրել գիտության պատիվը», «Առավոտ», 19.05.2007): Այս տարբերակի դեպքում, գիտությանը սպասվում է տխուր վերջաբան՝ գիտնականների մի մասը կփախչի արտասահման, մի մասն էլ կյանքից կհեռանա եւ հարցը ինքն իրեն կփակվի: Կամ էլ պետք է 4500 մարդու ասել՝ կներեք, այսօրվանից դուք անցնում եք սոցիալական հարցերով զբաղվող կազմակերպությունների (նախարարությունների, կոմիտեների) տրամադրության տակ: Մի բան պարզ է՝ ոչ ոք կամավոր թոշակի չի գնա: Ոչ ոք չի գնա ԲՈՀ ու ասի՝ կներեք, էս դիպլոմները հետ վերցրեք, մութ տարիներին, երբ գիտության նշաձողը ցածր էր, ես սրանք ստացա, հիմա էլ չեմ ուզում, ամոթ է: Եթե գնանք վերաատեստավորման ճանապարհով, այսինքն՝ կազմենք հերթական հանձնաժողովները, սկսենք իրար ստուգել լավը վատից տարբերելու համար՝ երկար ու անօգուտ ժամանակ կանցնի: Գիտության ոլորտի մարդիկ էլ իրար բարեւ չեն տա, մամուլն էլ լցված կլինի «Բայց ի՜նչ հանճարեղ տղա եմ ես» վերնագրով հոդվածներով:

Ուրեմն՝ ի՞նչ անել: Կներեք հանդգնությանս, բայց ինձ թվում է՝ ես գիտեմ: Պարզապես պետք է վարձատրվի մարդու աշխատանքի արդյունքը, այլ ոչ թե տարբեր պայմաններում ստացված կոչումներն ու պատվոգրերը: Իհարկե, նախկին արժանիքները պետք է հաշվի առնել, բայց մի պայմանով, որ տվյալ «արժանիքների տերը» իր փառավոր անցյալի համար լրացուցիչ վարձատրվում է միայն աշխատելիս, կոնկրետ գիտական պատվեր կատարելիս: Միգուցե այս ձեւով հնարավոր լինի ազատվել «մեռած հոգիներից», ոչինչ չանողներից, «պարտկոմ» հիշեցնող «նաչալնիկների» ստեղծած կառույցներից, որոնց գլխավոր նպատակը «նաչալնիկին» աշխատող մարդուց հեռու պահելն է: Կհարցնեք, թե ո՞վ է անելու այս ամենը: Էլի ես առաջվանն եմ պնդում՝ գիտության նախարարություն է պետք:

 

Սասուն Գեւորգյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել