Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԿԱ ՄԻ ԴԱՏԱՐԱՆ, ՈՐՆ ԱՆՄԵՂ ՄԱՐԴՈՒՆ ԴԱՏԻ»

Հուլիս 04,2007 00:00

\"\"Ասում է 2006թ. հունիսի 1-ից Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը

– Ինչպիսի՞ն է իրավիճակը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում՝ դատաիրավական բարեփոխումներից հետո:

– Առաջին դրական տեղաշարժն այն էր, որ, ի վերջո, դատարանը տնակայինից վերադարձավ քարե շենք: Նախկինում գործում էր 4 դահլիճ, սակայն դրանք էլ չեն բավականացնում 12 դատավորներին, որոնցից 4-ը աշխատում է տարբեր նստավայրերում, 8-ը՝ Վանաձորում: Մեր դատարանում է գտնվում նաեւ տնտեսական դատարանի Լոռու մարզը սպասարկող նստավայրի դատավորը, որը նույնպես օգտվում է դատական նիստերի դահլիճներից: Մեծ դահլիճն օգտագործվում է հնչեղ գործերի ժամանակ: Դատական նիստերը ձայնագրվում են:

– Այս տարվա գործերից ո՞րը կհամարեք հնչեղ:

– Ամենածանր գործը… Ամերիկայում սպանված Օդետ Ծատուրյանի գործն էր: Վանաձորցի Արթուր Խանզադյանի նկատմամբ հարուցվել էր քրգործ: Բարդությունը պայմանավորված էր նրանով, որ նախաքննությունն իրականացվել էր այլ երկրում, ապացույցները ձեռք են բերվել այլ մեթոդներով: Սակայն, քանի որ որակյալ նախաքննություն էր կատարվել, ինչ-որ առումով դժվարություն չեղավ: Այդ դատավճիռը չբողոքարկվեց:

– Վեց ամիսների ընթացքում որքա՞ն գործեր են լսվել:

– Քաղգործերի թիվն աճել է: Համեմատության համար նշեմ, որ 2006թ. առաջին կիսամյակում մուտքագրվել է 228 քրգործ, որից 162-ը ավարտվել է: Կարճվել է 10 գործ: Լրացուցիչ քննության է ուղարկվել 1 գործ: 178 անձ դատապարտվել է, արդարացվել է 1-ը: Չկա մի դատարան, որն անմեղ մարդուն դատի: 2007թ. 1-ին կիսամյակում քաղգործերից մուտքագրվել է 1437-ը, ավարտվել՝ 1050-ը: Կիսամյակի տվյալներով՝ 126-ը՝ Սպիտակում, 844-ը՝ Վանաձորում, 103-ը՝ Ստեփանավանում, 144-ը՝ Տաշիրում, 217-ը՝ Ալավերդիում:

– Պրն Հովհաննիսյան, «Առավոտի» տեղեկություններով՝ դատարանի շենքում պետք է նստի նաեւ վարչական դատարանը: Իսկ վարչական դատարանի դատավորն էլ ձեր դատարանից է:

– Տնտեսական դատարանի կառուցվածքի նման՝ նստավայրը չի բացառվում մեր նույն՝ Վանաձորի դատարանում գտնվելը: Իսկ դատավորի հարցը կորոշեն Արդարադատության խորհուրդն ու ՀՀ նախագահը:

– Կարգապահական վարույթ կա՞ մարզի դատավորներից որեւէ մեկի նկատմամբ:

– Չկա: Մեր դատարանի դատավորները գիտեն, որ էթիկայի նորմերը պահպանելն իրենց սուրբ պարտականությունն է: Լոռիում շատ հանգիստ է: Մեր խնդիրն է միայն ժողովրդին լսելը:

– Մամուլի հետ հարաբերություններն ինչպիսի՞ն են, սահմանափակումներ կա՞ն նրանց համար, անձամբ դուք հետեւո՞ւմ եք տեղական մամուլի հրապարակումներին:

– Մամուլից որեւէ մեկը չի ահազանգել, թե ուզում է դատական նիստը լուսաբանել ու մենք նրան արգելել ենք: Եթե լրագրողներ գան՝ ուրախ կլինենք, որ լուսաբանեն: Բայց մենք պարտավոր ենք հարգել կողմերի իրավունքները. նրանք պետք է որոշեն՝ նկարահանե՞լ, թե՞ ոչ:

– Ձեզ մոտ մասնագիտացումն ինչպե՞ս տեղի ունեցավ:

– Ունենք 2 դատավոր՝ քրեական մասնագիտացմամբ, մյուս 10-ը՝ քաղաքացիական: Դատավորների ծանրաբեռնվածությունը հավասարաչափ է բաշխված: Դրական եմ դիտել մասնագիտացումը եւ ասեմ, որ արդարացված էր: Եթե զգամ, որ քանակային իմաստով գործերի բաշխումը տվյալ պահին իրեն չի արդարացնում, կա հնարավորություն դատարանների նախագահների խորհրդում այդ խնդիրն առաջ քաշելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել