Լրահոս
Օրվա լրահոսը

Մադոյաններից այգին խլում են

Հուլիս 04,2007 00:00

Գյումրիի քաղաքապետը առավելությունը մարզպետի եղբորն է տվել ու Մադոյանների կողմից 55 տարի մշակվող այգին նրան հանձնել:

«Ես ամբողջ կյանքս ապրել եմ այդ տարածքում եւ եթե ես սեփականաշնորհելու իրավունք չունեմ, առավել եւս՝ ոչ մի պաշտոնյա չունի: Մարզպետը գյուղից եկել՝ ուրիշի ստեղծածն է խլում: Սա շնորհակալության փոխարե՞ն է: Քաղաքապետարանը հանկարծ սխալվի մի ծառ տնկի՝ հազար հեռուստատեսությամբ ցույց են տալիս, բայց ոչ մեկի պետքը չէ, որ գյումրեցիների համար այսպիսի անվճար հանգստավայր ենք ստեղծել: Էսօր քաղաքում էն վիճակն է, որ ով փող ունենա՝ ուրիշի կնոջն ու երեխային էլ կգնի»,- Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի եղբոր գործողություններից վրդովված՝ ասում է գյումրեցի Նունե Մադոյանը: Օրերս Ն. Մադոյանը Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու, թե իրենց քաղաքում թիկունք չունեցող մարդիկ ինչպես են հալածվում: Բանն այն է, որ մարզպետի եղբորը՝ Սարատակ գյուղի բնակիչ Ռոբերտ Մանուկյանին հաջողվել էր Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ լեզու գտնել ու ավագանու որոշմամբ 90 տարվա վարձակալության պայմանագրով տեր կանգնել Գյումրիի կենտրոնում, Շարա Տալյան փողոցի հարեւանությամբ գտնվող Մադոյանների այգուն: Ըստ Ն. Մադոյանի, Մանուկյան գերդաստանի ախորժակը բացվել էր նախկին մարզպետի կողմից այգուն կից ավտոտեխկայանը սեփականաշնորհելուց հետո: Նունե Մադոյանի պատմելով, 2000 քմ տարածքով այգի-պուրակը հիմնադրվել է իր հոր՝ Պադո Մադոյանի կողմից՝ դեռեւս 1952թ., իսկ երկրաշարժին հետեւած մութ ու ցուրտ տարիներին ընտանիքը չի թույլատրել անգամ ծառից մի ճյուղ կտրել: Այգին Գյումրիում հայտնի է հենց Պադոյի այգի անունով: Ն. Մադոյանի խոսքերով, տարածքը սեփականաշնորհելու նպատակով ինքը դիմել է Վարդան Ղուկասյանին, որն էլ փափուկ բարձ է դրել նրա գլխի տակ՝ ասելով, որ երեք ամսից ներկայանա: Սակայն 3 ամիս հետո պարզվել է, որ աճուրդ-վաճառքը կայացել է եւ այգու նոր տերն էլ սարատակցի մարզպետի եղբայրն է:

«Աճուրդ-վաճառքը կատարվել է անօրինական՝ մեզնից խիստ գաղտնի: Ռոմիկ Մանուկյանի եղբայրը սկզբում խաբում էր, թե իրենք տարածքը մեկ տարով են վարձակալել, այնուհետեւ սկսեց սպառնալ, որ այն արագ ազատենք, ասելով՝ ուր ուզում եք բողոքեք: Ըստ վարձակալության պայմանագրի, նա իրավունք ունի այգում կառուցապատում անելու»,- ասաց Նունե Մադոյանը: Նա խոստացավ մեկ օրվա ընթացքում այգու բոլոր ծառերն արմատախիլ անել՝ «եթե ավագանին իր անօրեն որոշումը հետ չվերցնի, ու որեւէ մեկը փորձի ինձ իմ այգուց տեղահանել»:

Հ. Գ. Ավելի ուշ Նունե Մարդոյանը «Առավոտին» հայտնեց, որ Ռոմիկ Մանուկյանի եղբայրը, լսելով «Ասպարեզում» կազմակերպված մամուլի ասուլիսի մասին, գնացել է այգի ու Ն. Մադոյանին սպառնացել՝ «Թե հաշիվ ունեք՝ քաղաքապետի հետ մաքրեք, առաջինն ու վերջինը լինի Ռոմիկի անունը շոշափեք, մեկ է՝ ձեզանից ի՞նչ եք ներկայացնում, որ տարածքը չազատեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել