Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՏԿԱՊԵՍ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԾՐԱԳԻՐԸ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ»

Հուլիս 04,2007 00:00

\"\"Հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններում հաղթողի գլխավոր հավակնորդ է համարվում ԼՂՀ ԱԱԾ պետ Բակո Սահակյանը:

Պարոն Սահակյանի հետ մեր այս հարցազրույցը հիմնականում առնչվում է

նրա ծրագրի սոցիալ-տնտեսական դրույթներին եւ մոտեցումներին:

– Պարոն Սահակյան, ԼՂՀ-ում նույնպես, տուրք տալով մոդայիկ դարձած «բարեփոխումների» թեմային, սկսել են հաճախակի խոսել բարեփոխումների անհրաժեշտության մասին: Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումն այս հարցի վերաբերյալ:

– Որոշ չափով համաձայն եմ, որ «բարեփոխումների» թեման նորից արդիական է դարձել հետխորհրդային շատ պետություններում: Այս տեսանկյունից «բարեփոխիչի» կերպար ունենալը գուցեեւ շատ հրապուրիչ է, իսկ նախընտրական շրջանում նույնիսկ՝ որոշ չափով շահավետ: Բայց ԼՂՀ-ի դեպքում չեմ կարծում, թե բաժանում պետք է կատարվի բարեփոխիչների եւ պահպանողականների միջեւ, քանի որ մի կողմից չեմ կարող ասել, թե Լեռնային Ղարաբաղում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն այլեւս չկա, մյուս կողմից էլ պետք է փաստեմ, որ խոսքը կարող է վերաբերել մեր հանրապետությունում արդեն իսկ սկսված սոցիալ-տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների շարունակականության մասին: Ես դեմ եմ, որպեսզի բարեփոխումներն իրականացվեն միմիայն հանուն բարեփոխումների: Բնականաբար, այնտեղ, որտեղ անհրաժեշտություն է առաջանում, մենք պետք է դիմենք բարեփոխումների, որոշ դեպքերում էլ դրանք պետք է արմատական բնույթ կրեն: Կարծում եմ՝ իմ կողմից ներկայացված նախընտրական ծրագիրը, որով ես ԼՂՀ նախագահ ընտրվելու դեպքում պատրաստվում եմ առաջնորդվել, հատկապես սոցիալ-տնտեսական առումով լուրջ եւ առարկայական բարեփոխումներ է պարունակում:

– Ձեր հակառակորդները կարող են հակադարձել, թե նախագահի մյուս թեկնածուների ծրագրերում տրվող խոստումները գուցե ավելի հրապուրիչ կարող են լինել ընտրողների համար՝ հենց նույն սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող խոստումների առումով: Ո՞րն է այստեղ Ձեր հակափաստարկը:

– Ես կարծում եմ, որ այն, ինչ առաջարկում ենք ես եւ քաղաքական գործիչներից ու մասնագետներից կազմված իմ թիմը, հիմքում մանրակրկիտ հաշվարկներ եւ ուսումնասիրություններ ունի, եւ այս առումով կարող եմ համոզմունք հայտնել, որ իմ ծրագրի գլխավոր առավելությունն այն է, որ այն իրատեսական է:

– Այդ դեպքում կխնդրեի ներկայացնել Ձեր տեսակետը ԼՂՀ-ի սոցիալ-տնտեսական հեռանկարների շուրջ:

– Ըստ իս՝ մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարները պայմանավորված են ոչ միայն առկա անհրաժեշտ ռեսուրսներով, այլեւ ներքաղաքական կայունությամբ եւ վերջին տարիներին իրականացված կառուցվածքային եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներով: Բայց ամեն դեպքում, մեզ համար առաջնայինը մեր երկրի տնտեսության երկարաժամկետ զարգացման գերակայությունները սահմանելն է: Միաժամանակ այն պետք է համադրվի տարածաշրջանում մեր դերակատարության եւ տնտեսական հնարավորությունների հետ: Այս առումով կարծում եմ մենք կարող ենք հույս ունենալ, որ կկարողանանք վերականգնել եւ զարգացնել Լեռնային Ղարաբաղի համար տնտեսության այնպիսի ավանդական ճյուղերից մեկը, ինչպիսին ագրարային հատվածն է: Իսկ հեռանկարային ճյուղերից եմ համարում լեռնամետալուրգիական արդյունաբերությունը, էներգետիկայի եւ ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտը, զբոսաշրջությունը եւ այլն:

– Գաղտնիք չէ, որ ԼՂՀ-ն մինչ օրս համարվում է ներդրումների համար ռիսկային գոտի, մինչդեռ դասագրքային ճշմարտություն է, որ տնտեսության զարգացման հիմնական նախադրյալներից մեկը ներդրումների ներգրավումն է տնտեսության մեջ: Ինչպե՞ս եք պատկերացնում այս գերխնդրի լուծումը:

– Համաձայն եմ նշված մոտեցման հետ: ԼՂՀ-ն, ինչպես եւ ցանկացած պետություն, ներդրումների ներգրավման հարցը դիտարկում է որպես երկրի սոցիալ-տնտեսական զարգացման կարեւորագույն գրավականներից մեկը: Հասկանալի պատճառներով ԼՂՀ-ն առայժմ զրկված է միջազգային ֆինանսական կազմակերպություններից միջոցներ ներգրավելու հնարավորությունից: Այս պայմաններում կարեւորագույն խնդիր է մասնավոր ներդրումների իրականացման համար բարենպաստ պայմանների ապահովումը, ինչը մեզ մոտ, կարծում եմ, արդեն իսկ առկա է: Մասնավորապես, ունենք բավականին ազատական հարկային օրենսդրություն, տնտեսվարող սուբյեկտների գրանցման չափազանց պարզ մեխանիզմ եւ այլն: Բնականաբար, աշխատանքներն այս ուղղությամբ պետք է անընդհատ տարվեն, իսկ արձանագրված խոչընդոտները՝ վերացվեն: Մենք շարունակում ենք որոշակի հույսեր կապել նաեւ սփյուռքի հետ, որի հետ ունենք հաջողված համագործակցության բազմամյա փորձ: Եվ այսօր այդ համագործակցությունը պետք է շարունակվի արդեն փոխադարձ շահավետության սկզբունքի հիման վրա: Համոզված եմ, որ սփյուռքը, որի ներդրումային հնարավորությունները մենք առայժմ լիարժեք չենք օգտագործում, բարեգործական ծրագրերը կարող է համադրել բիզնես-ծրագրերի հետ: Մենք մեր հերթին անելու ենք առավելագույնը՝ ներդրումային ռիսկերը հնարավորին չափ նվազեցնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել