Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԱՆԱԿ «ԿՈՃԱԿԱՅԻՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ» ՀԱՆԴԵՊ

Հուլիս 04,2007 00:00

ԱԺ արտահերթ նստաշրջանը երեկ ավարտվեց, ֆուտբոլային լեզվով ասած, խորհրդարանական փոքրամասնության որակական հաղթանակով:

ԱԺ ընդդիմադիր եւ անկախ պատգամավորները աշխատեցին միասին եւ իրականացրին մի սցենար, որի արդյունքում կառավարության նախաձեռնած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ստանալով 63 կողմ ձայն՝ չընդունվեց: Ձեռնպահ էին Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ) եւ Ալվարդ Պետրոսյանը (ՀՅԴ), քվորումը 66 էր, իսկ քվեարկեց 65-ը։ «Ժառանգությունը» որդեգրել էր ամեն քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցնելու մարտավարությունը, որը լավագույն դեպքում օրենքի նախագծի ընդունումը հետաձգելու էր մի քանի ժամով միայն: Պատկերը փոխվեց օրվա երկրորդ կեսից: Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը (որին պատկանում է «կոճակային մեծամասնություն» տերմինը) ընդդիմադիր պատգամավորներին առաջարկեց նախագծի դեմն առնելու միակ տարբերակը. ոչ թե դեմ քվեարկել, այլ չմասնակցել քվեարկությանը: «Ժառանգությունը» իր հերթին անցավ առավել ակտիվ գործողությունների: Լարիսա Ալավերդյանը, Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը, Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Վարդան Խաչատրյանը եւ անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը բառացիորեն ոտքի կանգնած դահլիճին հետեւում էին թիկունքից եւ ամեն մի ուրիշի կոճակ սեղմելու փաստի պահին աղմուկ էին բարձրացնում, արդյունքում՝ խորհրդարանական մեծամասնությանը չհաջողվեց քվեարկել իրենց բացակա գործընկերների փոխարեն, եւ ստացվեց քվորումի բացակայություն: Քվեարկության մասնակիցների քվորումի առկայության դեպքում օրինագիծը կարող էր ընդունված համարվել անգամ 46 կողմ ձայնով: Քվեարկության փաստացի տապալումից հետո որոշ հանրապետականներ փորձում էին ձեւ անել, թե իրենք եւս շահագրգռված չէին օրինագծի ընդունմամբ: Հետաքրքիր էր Դաշնակցության պահվածքը. դահլիճում երեք մարդ կար Դաշնակցության 16 հոգանոց խմբակցությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել