Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրար աչքերի նայելու տեղ թողնենք»

Հուլիս 04,2007 00:00

Կոչ է անում է ԲՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը

ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը երեկ մեզ հետ զրույցում նկատեց, որ ինքն իր կողմից արել է մաքսիմալը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրինագծերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի ընդունումը հետաձգելու կամ որոշ պարզեցում մտցնելու համար. «Արել եմ ավելին, քան հնարավոր էր, հաշվի առնելով, որ ինքս խմբակցության անդամ եմ, ձեւակերպել եմ առաջարկություններ, որոնք, համոզված եմ, կթեթեւացնեին վիճակը, սակայն դրանք չեն ընդունվել, բացառությամբ մեկի, բայց այդ մեկը եւս շատ կարեւոր է, ոչ այն պատճառով, որ տուրքի չափը 10 հազարով պակասեցվել է, այլ այն պատճառով, որ օտարերկրյա եւ տեղական հեռարձակողները գործելու են հավասար հիմունքներով, որ հետո չստացվի, թե տեղականներին մեր իսկ կնքած միջազգային պայմանագրերին հակասող արտոնություններ ենք տալիս»:

Վահե Հովհաննիսյանից խնդրեցինք ներկայացնել իր թարմ տպավորությունները ԱԺ-ից: Պատգամավորը նկատեց, որ իր համար խորհրդարանում որոշ բաներ անհասկանալի են, մասնավորապես հետեւյալները. «Ինձ համար, որպես նոր պատգամավոր, շատ անհասկանալի է իշխող կոալիցիայի անդամ պատգամավորների՝ նիստերին մասնակցության քանակը, չեմ հասկանում՝ ինչու են բացակայում, մանավանդ՝ այսքան բարդ օրինագծերի քվեարկության պահին: Երեւի նոր եմ՝ այդ պատճառով է ինձ համար տարօրինակ, սակայն իրոք չեմ հասկանում՝ ինչպես կարող է պատգամավորը միջանցքում նստած «Պարզեցված հարկի մասին» ասել, որ դա վատ օրենք է, բայց մտնել դահլիճ եւ տրամաբանորեն հակառակ ելույթն ունենալ: Անուններ չտամ, բայց երկու օր առաջ պատգամավորներից մեկը հեռուստատեսությամբ ելույթ էր ունենում եւ ասում էր, որ սա այս երկրի լավագույն օրենքներից մեկն է, իսկ երկու օր հետո ԱԺ դահլիճում հակառակն էր ասում: Այս կարգի բաները ինձ համար անհասկանալի են»:

Մեր հարցին՝ ինքը ինչպե՞ս է քվեարկելու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրինագծի երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին օրինագծին, Վահե Հովհաննիսյանն ասաց, որ որպես խմբակցության անդամ ինքը պարտավոր է կատարել խմբակցության որոշումը, այսինքն՝ կողմ քվեարկել (երբ տեղի էր ունենում մեր զրույցը՝ քվեարկությունը դեռ տեղի չէր ունեցել), նաեւ հավելեց հետեւյալը. «Եվ հետո, երկրի բարձրագույն իշխանությունների կողմից, մասնավորապես՝ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կողմից, բազմիցս հավաստիացվել է, որ այս օրենքը չի առնչվում «Ազատություն» ռադիոկայանին, եւ որեւէ մեկն իրավունք չունի այս օրենքը շահարկելով՝ «Ազատության» հանդեպ ինչ-որ քայլեր անել: Իսկ ինչ վերաբերում է իմ մասնավոր կարծիքին, ասեմ, որ մեր երկրի կարեւորագույն ժողովրդավարության էլեմենտներից մեկն է «Ազատությունը»: Ես իմ ելույթում էլ ասացի, որ մենք կունենանք վատ իրականություն, եթե պարզվի, որ «Ազատությունն» էլ չի լինելու: Հիմա պետք է իրար աչքերի նայելու տեղ թողնենք, եթե օրենքը չի վերաբերում, կամ եթե «Ազատությունը» շատ սահուն կանցնի որեւէ լուրջ սփռելիություն ունեցող ռադիոկայանի, ուրեմն խնդիր չկա, եթե չի անցնի, ուրեմն ունենալու ենք նոր իրականություն, որն անպայման քննարկվելու է մեր կամքից անկախ, ընդ որում՝ բոլորը քննարկելու են, մենք ներքաշվելու ենք երկար քննարկումների մեջ թե՛ տեղական, թե՛ միջազգային տրամադրությունների ազդեցության տակ, ինքս հոգեբանորեն պատրաստ եմ մասնակցել այդ «հետո»-ի պրոցեսներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել