Սակայն, ըստ Շենգավիթի նախկին համայնքապետ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանի, ամեն մեկը չէ, որ կարող է դառնալ համայնքապետ:
– Պատգամավոր դառնալով՝ դուք, փաստորեն, կրակը գցեցիք բոլոր այն անձանց, ովքեր հավակնում են դառնալ Շենգավիթի համայնքապետ։ Ըստ մամուլում արդեն հայտնի տեղեկությունների, հուլիսի վերջին Շենգավիթում սպասվող ընտրություններում լինելու է բավականին լուրջ մրցակցություն, թեպետ դեռ առաջադրման պահը չէ, բայց արդեն անուններ են հայտնի, ասենք՝ Հովհաննիսյան Սերյոժա (Կադիլակ Սերոժ), ԱԺ պատգամավոր Գրիգոր Մարգարյանի (Բելաջիոյի Գրիշ) եղբայրը՝ Մարգարյան Սերգեյ, Ռուբեն Մասումյան (Բենզին Ռուբո): Նաեւ տարածված է, որ այստեղ կընտրվի այն թեկնածուն, որին կսատարի նախկին համայնքապետը, այսինքն՝ դուք: Դուք ո՞ր թեկնածուին եք սատարելու:
– Իսկապես, պատգամավոր դառնալուց հետո մեր համայնքում շատերին է հետաքրքրել համայնքապետի պաշտոնը. ես, իհարկե, դա նորմալ եմ համարում: Խոսակցություններ կան տարբեր թեկնածուների վերաբերյալ, ձեր նշած անուններն, այո, շոշափվում են, բայց մինչեւ առաջադրումները չլինեն, այդ ամենը զուտ խոսակցությունների մակարդակի էլ կմնան: Եթե խոսում են, ինչպես դուք եք ասում, որ կընտրվի նա, ում ես կուզեմ, ասեմ, որ իրականում կընտրվի նա, ում կընտրեն Շենգավիթի բնակիչները: Իսկ Շենգավիթում ապրում են առավելապես պարզ, ազնիվ եւ մաքուր մարդիկ, ովքեր սովոր են հանապազօրյա հացը իրենց աշխատանքով վաստակել եւ ամեն դեպքում կարողանում են ճիշտ ընտրություն կատարել: Մարդիկ տեսնում են, թե տարիների ընթացքում ովքեր են կանգնած իրենց կողքին, ովքեր են իրենց հոգսերը հոգում, բարեգործություններ կատարում եւ, ընդհանրապես, ոչ թե պարփակվում են իրենց սեփական չորս պատերի մեջ, այլ ապրում են համայնքի հոգսերով, մարդկանց կարիքներն են հոգում իրենց հնարավորությունների չափով: Իմ պատկերացմամբ, համայնքապետը պետք է լինի մարդ, ով հենց այսպիսին է, այսինքն` ճանաչված է, մասնակցել է ընտրություններին, կարողացել է լինել թեկուզ եւ ավագանի, եւ այս առումով ուղիղ ասեմ՝ իհարկե, ես նախընտրում եմ Սերյոժա Հովհաննիսյանին: Նա երկու անգամ ավագանի է ընտրվել, համայնքը իրեն լավ ճանաչում է, եւ ինքն էլ համայնքը լավ գիտի եւ իր գործարարությամբ, կամեցողությամբ միշտ եղել է համայնքի հասարակական-սոցիալական խնդիրների լուծման ակտիվ մասնակից եւ աջակից: Եվ այդ առումով ինքը, վստահ եմ, շատ ճիշտ թեկնածու է:
– Սակայն հնարավոր թեկնածուների մեջ էլի կան մարդիկ, ովքեր բավականին հարուստ են. այնպես որ, իրենք էլ կարող են մի բան անել համայնքի համար:
– Ես չեմ ուզում թեկնածուներին նայել այդ տեսանկյունից, թե ով շատ փող ունի: Ես թեկնածուին նայում եմ իր ապրած կյանքով, թե տվյալ մարդը անցած տարիների ընթացքում ինչքանով է կարողացել բարի համբավ եւ վաստակ ձեռք բերել:
– Ըստ որոշ տեղեկությունների, հատկապես Հովհաննիսյան Սերյոժային եք սատարում եւ սատարելու եք, որովհետեւ նրա հայտնի եղբայրը՝ Օրենբուրգի հայ համայնքի ղեկավար, մեծահարուստ Սամվել Հովհաննիսյանն անձամբ ձեզ համար Երեւանի էլիտար շենքերից մեկում բնակարան է ձեռք բերել: Ասում են նաեւ, որ ձեր եղբայրը Շենգավիթ համայնքում սեփական գործ ունի, եւ որպեսզի վերջինիս բիզնեսին խանգարող չլինի, դուք արդեն պայմանավորվածություն ունեք ձեր նախընտրած թեկնածուի հետ, որ ինքը չի խանգարի այդ բիզնեսին, եւ հենց այդ պատճառով եք շահագրգռված, որ Սերյոժա Հովհաննիսյանը դառնա համայնքի ղեկավար:
– Ասեմ, որ դրանք աբսուրդի հասնող խոսակցություններ են, որովհետեւ, փառք Աստծո, ես միշտ համայնքի աչքի առջեւ եմ, միշտ բնակվել եւ բնակվում եմ Շենգավիթում, եւ ժողովուրդը ինձ լավ ճանաչում է: Ցավում եմ, ընդհանրապես, որ նրանք, ովքեր ուզում են մտնել ընտրապայքարի մեջ, արդեն սկսել են այդ ձեւով, այսինքն` կիրառում են սեւ քարոզչություն, սեւ PR, որը, կարծում եմ, պատիվ չի բերում ոչ մեկին: Ես պարզապես խորհուրդ կտամ, որ ազնիվ մրցապայքարի մեջ մտնեն: Իսկ նա, ով գիտի այդ ձեր նշած էլիտար շենքի հասցեն, թող ինձ էլ ասի, գնամ այդ տանը տիրություն անեմ, եթե իրոք նման բան կա, իսկ մնացածը, նորից եմ ուզում կրկնել, նրանք, ովքեր վատաբանում են ինձ, իմ աշխատանքը, իմ ընտանիքը, իրենք իրենց դեմ են գործում, զուտ բումերանգի օրենքով, որովհետեւ ժողովուրդը իմ համայնքում ինձ էլ է լավ ճանաչում, ուրիշներին էլ, եւ լավ գիտի` ով ով է: Ինքս խնդիր չունեմ պատասխանել տվյալ մարդկանց նման գործողություններին եւ չեմ էլ ուզում ասել, թե իրենք ինչպես են ապրել: Մարդիկ դա էլ են տեսնում: Նորից եմ կրկնում՝ յուրաքանչյուրը, ով թեկնածություն դնելու մասին է մտածում, մեկ անգամ պետք է մտածի, թե ինքն անձամբ այդ համայնքի համար ի՞նչ է արել, օգնե՞լ է իր հարեւանին` մեծ հնարավորության տեր լինելով, ինչ-որ բարեգործություն արե՞լ է կամ որեւէ սոցիալական խնդիր լուծե՞լ է այդ համայնքում, որ հիմա էլ ուզում է համայնքապետ դառնալ:
– Փաստորեն, ուզում եք ասել, որ միայն ձեր նախընտրած թեկնածո՞ւն է շատ բան արել եւ արժանի համայնքապետ դառնալ, իսկ շրջանառվող մյուս անունները՝ ո՞չ:
– Ոչ միայն արել է, այլեւ ես գիտեմ բնակիչների կարծիքը, որովհետեւ Սերյոժա Հովհաննիսյանն առաջին օրը չէ, որ պետք է ճանաչում գտնի, ինքն աշխատել է որպես համայնքի ավագանի, մասնակցել է համայնքի բյուջեի կազմմանը, եւ մարդը խորապես պատկերացնում է համայնքի բոլոր պրոբլեմները, այս առումով շատ լավ է, որ գործը շարունակականություն է ունենում:
– Դուք երկար տարիներ աշխատել եք համայնքապետ, ձեր կարծիքով՝ ի՞նչն է ձգում, որ մարդիկ ուզում են այդ պաշտոնը ձեռք բերել:
– Կողքից երեւի այս պաշտոնը գայթակղիչ է թվում, բայց դա ամենօրյա դժվարին աշխատանք է, որովհետեւ իր մեջ համատեղում է ոչ միայն կոմունալ-կենցաղային հարցեր, այլեւ ամեն ինչ՝ սկսած օգնություններից, հանապազօրյա հացի խնդրից` մինչեւ բոլոր հարցերը, քանի որ իրեն հուզող բոլոր հարցերով բնակչությունը ուղիղ համայնքապետի մոտ է գալիս: Իսկ մեր համայնքը խնդիրներ շատ ունի, քանի որ սա եղել է նախկինում գործարաններով հարուստ համայնք, որոնք այսօր փակ են, իսկ այդ մարդիկ առեւտրով չեն կարողանում զբաղվել: Այսինքն` շատ դժվարություններ կան համայնքապետի աշխատանքում, Շենգավիթի համայնքապետի համար՝ ավելի շատ: Իսկ եթե որոշ մարդիկ ուզում են համայնքապետ դառնալ միայն այդ աթոռին նստելու եւ վայելելու համար, ուղղակի չեն պատկերացնում, թե ուր են ուզում գալ: Համայնքապետ պիտի դառնա մարդ, ով գիտի համայնքի հոգսերը, ով այս տարիներին հոգացել է դրանք եւ բնակիչների կողմից սիրված եւ ընդունված է, եւ ոչ թե մեկը, ով պարզապես պաշտոն ձեռք գցելու համար է ձգտում դառնալ համայնքապետ: