Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԶՈՐԱԿՑՈՒՄ Է «ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ»

Հուլիս 04,2007 00:00

\"\"Ալեքսանդր Արզումանյանի դեմ որեւէ ապացույց տակավին չկա

Հուլիսի 2-ին ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել էր իր պաշտպանի՝ փաստաբան Հովիկ Արսենյանի հետ: Վերջինիս փոխանցմամբ, իր պաշտպանյալի առողջական վիճակը լավ է, տրամադրությունը՝ բարձր: Ավելին, ԱԳ նախկին նախարարը խնդրել էր իր զորակցությունը հայտնել «Ազատություն» ռ/կ-ին եւ փոխանցել էր, թե ինքը միանում է ռ/կ-ի պաշտպանությանն ուղղված բոլոր նախաձեռնություններին:

Իսկ երեկ նրա պաշտպանը դիմել է ՀՀ Քրեական գործերով վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի՝ հուլիսի 2-ին կայացրած այն որոշումը, որով եւս 2 ամսով երկարաձգվել էր նրա պաշտպանյալի կալանքի ժամկետը: Հ. Արսենյանը Վերաքննիչ դատարանին ուղղած իր բողոքում միջնորդել է բեկանել 1-ին ատյանի դատարանի որոշումը, վերացնել խափանման միջոց կալանքը կամ այն փոխարինել այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով:

Մեր այն հարցին, թե ինքը հույս ունի՞, որ Վերաքննիչը այս անգամ կբավարարի իր բողոքը, մանավանդ որ՝ սա Ալ. Արզումանյանի կալանքի ժամկետը երկարաձգելու դեմ առաջին բողոքը չէ: «Իհարկե, հույս չունեմ, բայց ես լուրջ իրավաբան եմ եւ լուրջ եմ վերաբերվում օրենքին, թեեւ մեր իրականությունը նկատի ունենալով, դժբախտաբար, չեմ հավատում, թե մեր դատական իշխանությունը օբյեկտիվ կլինի»,- ասաց Հ. Արսենյանը:

Ալ. Արզումանյանի կալանավորումից անցել է շուրջ 2 ամիս: Ի՞նչ է փոխվել այդ ընթացքում գործի քննության իմաստով, արդյոք քննչական գործողություններ արվո՞ւմ են եւ հնարավո՞ր է, որ այդ գործն առաջիկայում դատարան ուղարկվի:

«Ես արդեն ասել եմ եւ միանշանակ կերպով էլի եմ հայտարարում՝ այս գործը դատական վախճան չի՛ կարող ունենալ, որովհետեւ որեւէ ապացույց՝ փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների եւ այլնի բացարձակապես գոյություն չունի: Այս պարագայում գործն ինչպե՞ս կարող են ուղարկել դատարան»,- պնդեց փաստաբանն ու հավելեց, որ «փողերի լվացման» գործով միակ կալանավորվածի՝ Ալ. Արզումանյանի մասով քննչական որեւէ գործողություն չի ընթանում:

Հ. Արսենյանի ասելով, նրան կալանքի տակ պահելու ողջ իմաստն ու նպատակը ԱԳ նախկին նախարարին «կոտրելն» է՝ մյուսներին «դաս» տալու համար, ինչը փաստաբանի համոզմամբ՝ չի ստացվի:

Ալ. Արզումանյանի կալանավորումից ի վեր քաղաքական իրավապաշտպան շրջանակները հաճախ են քննարկել այն հարցը, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունները հատկապես Ալ. Արզումանյանին ընտրեցին իբրեւ թիրախ: Ոմանց կարծիքով, պատճառն այն է, որ ԱԳ նախկին նախարարը, ի տարբերություն ընդդիմադիր ուժերի, իր նախաձեռնած «Քաղաքացիական անհնազանդություն» շարժմամբ հանդերձ՝ այդպես էլ չէր տեղավորվել իշխանությունների սահմանած խաղի կանոնների շրջանակներում եւ դրանով անկանխատեսելի ու վտանգավոր էր:

Այս դիտարկումները պաշտպանը չկիսեց, ասելով՝ «որքան ինձ հայտնի է, Ալ. Արզումանյանին իշխանությունները դեռեւս 1998-ին էին առաջարկել մտնել այդ խաղի կանոնների շրջանակ, բայց նա հրաժարվել էր»:

Հայտնի է նաեւ, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Ալ. Արզումանյանի գործն ընդունել է վարույթ: Մենք փորձեցինք պարոն Արսենյանից ճշտել՝ ի՞նչ փուլում է այն գտնվում: «Բողոքի փաթեթը վարույթ ընդունվել է, բայց ասել, թե այն Եվրոպական դատարանում արագացված տեմպերով առաջիկայում կլսվի՝ չեմ կարող»,- պարզաբանեց փաստաբանը: Նա ավելի կարեւոր եւ հրատապ համարեց, որպեսզի այստեղ՝ Հայաստանում, հնարավոր եւ անհնարին բոլոր միջոցներով եւ օրենքի շրջանակներում աջակցություն ցուցաբերվի Ալ. Արզումանյանին: «Խնդիրը միայն իմ պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումն ու նրան անազատության մեջ պահելը չէ: Խնդիրն այն է, որ այսպես կարող են վարվել նաեւ ՀՀ յուրաքանչյուր եւ ցանկացած քաղաքացու հետ՝ անկախ նրա սեռից ու դիրքից: Ուստի՝ հասարակությունը չպետք է անհաղորդ լինի այսօրինակ ապօրինություններին: Հասարակությունը պետք է պայքարի ի՛ր իրավունքների, պետության կողմից պաշտպանված լինելու համար, ինչը կնշանակի պայքարել նաեւ Ալ. Արզումանյանի համար»,- այս կարծիքին է Հ. Արսենյանը: Նա չհամաձայնեց նաեւ այն դիտարկման հետ, թե հայաստանյան հասարակությունն անտարբեր է այսօրինակ երեւույթների, նաեւ Ալ. Արզումանյանի գործի հանդեպ: Որպես դրա ապացույց նա մատնանշեց Ալ. Արզումանյանի պաշտպանության նախաձեռնության ինտերնետային կայք-էջ մտնողների, կարծիք եւ վերաբերմունք հայտնողների մեծ թիվը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Ալ. Արզումանյանի տիկնոջ՝ Մելիսա Բրաունի հանդիպումից հետո Ալ. Արզումանյանի եւ նրա կնոջ տեսակցություններն արգելելը, պարոն Արսենյանը ձեռնպահ մնաց իր կարծիքն ու ենթադրությունները հայտնելուց՝ ասելով միայն, թե չի կարծում, որ այդ փաստերը պետք է դիտարկել տրամաբանական ամբողջության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել