Հայաստանի ըմբշամարտի հավաքականների առաջատար անդամներից ոմանք հրաժարվում են սեպտեմբերին մեկնել հարեւան հանրապետություն:
Մայիսի սկզբներին Բաքվում կազմակերպված Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ), Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ), Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեների պաշտոնյաների մասնակցությամբ քառակողմ բանակցությունների արդյունքում Ադրբեջանը ստանձնեց սեպտեմբերի 17-23-ը Բաքվում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակության անդամների լիակատար անվտանգության ապահովումը:
Աշխարհի առաջնության մեկնարկին մնում է մոտ երեք ամիս: Մեր հավաքականներն ինչպե՞ս են նախապատրաստվում պատասխանատու մրցմանը, բարոյահոգեբանական ի՞նչ մթնոլորտ է տիրում մեր թիմերում: «Առավոտի» հետ հարցազրույցում պատմում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության օլիմպիական մարզաձեւերի համակարգման վարչության պետ Լյովա Վարդանյանը:
– Բաքվում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո ինչ-որ բան փոխվե՞լ է:
– Ամեն ինչ առայսօր մնում է ուժի մեջ: Մինչեւ հուլիսի 15-ը պետք է ՖԻԼԱ ներկայացնենք Բաքու մեկնող մեր մարզիկների եւ մարզիչների մոտավոր ցուցակը (առայժմ յուրաքանչյուր քաշային կարգում՝ երկու հոգի): Իսկ առաջնությունից մեկ ամիս առաջ կհայտարարենք հավաքականների վերջնական կազմերը: ՖԻԼԱ-ն այդ ցուցակը պետք է տրամադրի կազմակերպիչներին, որպեսզի ադրբեջանական կողմը հաստատի մեր անվտանգության երաշխիքները եւ ժամանակին մուտքի վիզաներ ապահովի:
– Բայց որքան տեղյակ եմ, կարգը պահանջում է, որպեսզի մեկ ցուցակ էլ ներկայացվի կազմկոմիտե:
– Այո: Բայց քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը ոչ մի հարաբերություն չունեն, մտածում ենք, որ նրանք այն չեն էլ կարդա:
– Այդ դեպքում նրանք կարող են վերջին պահին մեզ մերժել՝ պատճառաբանելով, թե իրենք, ինչպես կարգն է պահանջում, Հայաստանից մասնակցության պաշտոնական ոչ մի հայտ չեն ստացել:
– Դիտողությունը տեղին է: Բացառված չէ, որ այդպես էլ վարվեն: Խնդիր չկա: Մեկ օրինակ էլ կուղարկենք կազմկոմիտե եւ այդ մասին տեղյակ կպահենք ՖԻԼԱ-ին:
– Այս պահին հավաքականներն ինչո՞վ են զբաղված:
– Հունահռոմեական ոճայինները ներկայումս Ալուշտայում համատեղ ուսումնամարզական հավաքներ են անցկացնում Ուկրաինայի հավաքականի հետ: Հուլիսի 6-ին Մարիոպոլում կմասնակցեն միջազգային մրցաշարի: Ամսի 10-ին կվերադառնան Երեւան, երկու օր անց Թբիլիսիում հանդես կգան միջազգային մրցաշարում: Դրանից հետո մեկ շաբաթ կհանգստանան ու կսկսեն նախապատրաստության վերջին փուլը:
Ազատ ոճայինները մեկնեցին Թբիլիսի՝ Վրաստանի, Կորեայի եւ Չինաստանի հավաքականների հետ համատեղ մարզումների: Նրանք նույնպես այնտեղ մասնակցելու են միջազգային մրցաշարին: Հուլիսի 15-ին կգան Հայաստան, մեկ շաբաթ կհանգստանան ու կսկսեն նախապատրաստվել աշխարհի առաջնությանը:
– Եթե վերադառնալու են ամսի 15-ին, կհասցնե՞ք ցուցակներն ուղարկել ՖԻԼԱ եւ կազմկոմիտե:
– Այո:
– Մեր լեգեոներականները հավաքականների հե՞տ են:
– Յուրի Պատրիկեեւը՝ ոչ: Նա մարզվելու էր Ռուսաստանի հավաքականի հետ: Իսկ Դենիս Ֆորովը, իմ տեղեկություններով, պետք է որ մեկներ Ալուշտա: Ազատ ոճայինները հավաքն սկսել են հուլիսի 2-ից եւ, որքան գիտեմ, բոլոր չորս ըմբիշներն էլ միանալու էին նրանց:
– Իսկ Կարինե Շադոյա՞նը:
– Իր ասելով՝ նա հիմա Ռուսաստանի հավաքականի հետ Կիսլովոդսկում է, որից հետո մեկնելու է Մոսկվա եւ մարզումները շարունակելու իր մարզչի ղեկավարությամբ: Անկեղծ ասած, անձամբ ես նրա հետ հույսեր չեմ կապում: Մշտական կապ գրեթե չկա: Գուցե այստեղ մարզումային ընկեր չլինելն է պատճառը, որ Կարինեն հազվադեպ է գալիս Հայաստան:
– Ի՞նչ սկուզբունքով են որոշվելու աշխարհի առաջնություն մեկնող ըմբիշները:
– Նշածս միջազգային մրցաշարերի արդյունքներով:
– Օլիմպիական վարկանիշ տալիս են 1-8-րդ տեղերը: Ի՞նչ ծրագրեր են դրվելու մեր ըմբիշների առջեւ:
– Հավանաբար՝ ութնյակ մտնելու: Ավելիի հարկ, գուցե, չկա՝ ավելորդ լարվածություն չստեղծելու համար:
– Բաքվում մեր մարզիկների համար անչափ դժվար է լինելու: Տղաները հոգեբանորեն պատրա՞ստ են:
– Ոչ բոլորը: Հենց այս պահին կան իրենց քաշային կարգերում առաջին համարներ, որոնք հրաժարվում են մեկնել Բաքու: Ես նրանց հասկանում եմ: Սակայն ըմբիշներ էլ ունենք, որ իրենք են խնդրում հարեւան հանրապետություն մեկնելու համար:
– Ի՞նչ եք անելու:
– Պետք է աշխատենք նրանց հոգեբանորեն պատրաստել: Սակայն պարտադրել չենք կարող: Կմեկնեն նրանք, ովքեր լավ մարզավիճակում կլինեն ու հոգեպես պատրաստ պայքարի:
– Խոսակցություն կար, որ ԱՄՆ գնացած Մարտին Բերբերյանը համաձայն է վերադառնալ:
– Այո: Ես նրա հետ հեռախոսով զրուցել եմ մոտ 15-20 օր առաջ: Նա պատրաստ է կրկին հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, սակայն որոշակի պայմաններ է առաջադրում: Մեր սպորտի ղեկավարները ծանոթ են դրանց եւ համաձայնել են: Մոտ ժամանակներս Մարտինը երեխա է ունենալու: Փոքրիկի ծնվելուց հետո կգա Հայաստան ու կշարունակի այստեղ մարզվել:
– Որպեսզի մեկնի Բաքո՞ւ:
– Ոչ: Նա հայտարարել է, որ աշխարհի այս առաջնությանը չի մասնակցելու: Կպատրաստվի հաջորդ մրցաշարերին: