Քառյակի անդամների հավաստմամբ, հայկական երգարվեստի գանձերը արտերկրում միշտ հիացմունքով են ընդունվում:
Բրյուսելի եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ «21-ի հեռանկարներ» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնի շրջանակներում երեկ, «Ա. Խաչատրյան» համերգասրահում, կայացավ աշխարհահռչակ բրիտանական «Հիլիարդ» վոկալ քառյակի համերգը: Այսօր նրանք հանդես կգան Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Հիշեցնենք, որ 2003թ. քառյակի փակ համերգը Մայր աթոռ սուրբ Էջմիածնում՝ առաջացրել էր մասնագետների եւ դասական երաժշտության երկրպագուների արդարացի դժգոհությունը: Քառյակի վոկալիստները սիրով պատասխանեցին «Առավոտին» հետաքրքրող հարցերին:
Մեր հարցին, երեկ դուք կատարեցիք նաեւ հայկական ավանդական երգեր՝ Կոմիտասի մշակմամբ, որտե՞ղ եք ծանոթացել հայկական երգարվեստի գանձերին, քառյակի երգիչներից Սթիվեն Հարոլդն ասաց. «Երբ 2003-ին առաջին անգամ այցելեցինք Հայաստան, լսելով ձեր ժողովրդի շարականները՝ պարզապես սիրահարվեցինք: Իսկ նոտաները մեզ տրամադրեց կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: Արդեն տարիներ շարունակ շարականները ներկայացնում ենք աշխարհին: Պետք է տեսնեիք, թե ինչպես ընդունվեցին դրանք, օրինակ, վերջերս Լոս Անջելեսում կայացած մեր համերգին: Եթե ներկա են լինում հայեր, նրանք հուզմունքից արտասվում են»: Շարունակելով գործընկերոջ խոսքը, Ռոջերս Քովի-Քրամփն էլ հայտնեց, որ իրենք պատիվ են ունեցել ձայնագրելու կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ Ներսես Շնորհալու տեքստով գրված «Հավատով խոստովանի» երկը, որին մասնակցել է նաեւ աշխարհահռչակ ալտահար Քիմ Քաշքաշյանը:
Քառյակի կազմում է նաեւ Դեվիդ Ջեյմսը, որն ունի տղամարդու համար եզակի հանդիպող ձայն՝ կոնտրտենոր: Հետաքրքրությանը, թե աշխարհում հանդիպող հազվագյուտ ձայնով օժտված վոկալիստը ինչո՞ւ է ընդգրկված այս քառյակի կազմում, այն դեպքում, երբ կարող էր հիանալի սոլո կարիերա անել, պարոն Ջեյմսը հայտնեց, որ ինքը ժամանակին երգել է օպերային թատրոնում. «Մի տեսակ ստեղծագործական անբավարարություն էի զգում: Մի բան է երգել դիրիժորի փայտիկին հետեւելով, մի այլ բան է, երբ դու ազատ ես»: Գորդոն Ջոնսն էլ հաստատեց. «Ուրիշ բան է ստեղծագործական ազատությունը»: Հարցրինք՝ օրերս Մեծ Բրիտանիան ունեցավ նոր վարչապետ, դա ինչ-որ ձեւով կանդրադառնա՞ ձեր ստեղծագործական կյանքի վրա, թե՞ ձեր գործունեությունը քաղաքականության հետ կապ չունի: «Նախկին վարչապետ Թոնի Բլեերը լեյբորիստ էր, որին փոխարինելու եկավ նույն կուսակցության անդամը: Մենք՝ բրիտանացիներս, հարգում ենք մեր երկրի առաջին դեմքերին: Նշեմ, որ վարչապետի նախկին կաբինետի ղեկավարները միշտ էլ հաճախել են մեր համերգներին: Կարծում եմ, նոր վարչապետն էլ դասականի սիրահար է: Հավանաբար լավ կզգաք, եթե իմանաք, որ մեր նորանշանակ առողջապահության նախարարը հայազգի է»,- ասաց պարոն Հարոլդը: