Նոր փաստեր Մատենադարանի ձեռագրերի թվանշայնացման առիթով
Մատենադարան-«Հիլլ» գործարքի պատճառով ծագած աղմուկը գնալով մեծանում է: Մասնագետների կարծիքով, այն կարող է վերաճել համաեվրոպական սկանդալի, ինչպես, օրինակ, 1967 թվականին, երբ Երուսաղեմի Սբ. Հակոբ եկեղեցուց գողացվեց 27 ձեռագիր եւ դրվեց Սոթբիի աճուրդում: Եվրոպական մամուլը հեղեղվեց այդ կողոպուտի մասին հոդվածներով: Հայերը պետություն չունենալով՝ կարողացան Երուսաղեմի ձեռագրերը Սոթբիից վերադարձնել. նույնը ավելի քան հնարավոր է անկախ Հայաստանում:
ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սուրբ Հովհաննես համալսարանին կից «Հիլլ» ձեռագրերի գրադարան-թանգարանի կայքից՝ https://www.hmml.org/research06/catalogue_collections.htm տեղեկանում ենք, որ Երեւանից գնվել է 3 ձեռագիր: Թե որտեղից, ում «դաբրոյով» եւ որ մաքսավորի աչքից «վրիպելով» են դրանք հասել ԱՄՆ, այս մասին «պատմությունը լռում է»: Ոչ միայն չի թաքցվում Երեւանից անարգել ձեռագիր տանելու փաստը, այլեւ ողջ կոլեկցիան ձեռք բերելու «Հիլլի» ախորժակը: Վերջինիս տնօրեն հայր Կոլումբան հայտարարում է, թե Ստամբուլի Հայոց պատրիարքը, Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսը, ԱՄՆ արեւելյան թեմի հոգեւոր առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը իրենց հավանությունն են տվել պայմանագրին («Հիլլի» տնօրենը հիասթափված ու դառնացած է Հայաստանից», «Ազգ», 14.06.2007), աջակցել ու քաջալերել նախագծի մշակման ընթացքում: Խմբագրության տրամադրության տակ են հոգեւոր հայրերի նամակները, որոնցից, սակայն, տեղեկանում ենք, որ իրենք հավանություն են տվել ոչ թե պայմանագրին, այլ Մատենադարանի թվանշայնացմանը: Օրինակ, Արամ կաթողիկոսը ողջունել է գաղափարը փետրվարի 27-ին՝ պայմանագրի կնքումից 2 ամիս առաջ: Իսկ հոգեւոր հայրերից մեկն էլ այնքան առաջ է գնացել, որ «Հիլլի» տնօրենին կոչել է Տրդատ Մեծի քարտուղար Գրիգոր Լուսավորչից հետո Քրիստոսի լույսը Հայոց ազգի վրա բերող երկրորդ Լուսավորիչ: Ի դեպ, Եվրոպական հայագիտական ասոցիացիայի անդամները Մատենադարանի վզին փաթաթված «Հիլլի» պայմանագիրը որակել են նեոգաղութատիրական, եւ իրենց տարակուսանքը հայտնել «Հիլլի» տնօրենին ուղղված նամակում: Հիշեցնենք, որ այդ պայմանագրում խոսք անգամ չկա ԿԳ նախարարի բերանով շրջանառության մեջ դրված $70-80 մլն-անոց ծրագրի մասին, եւ խոսքը ընդամենը $1մլն-ի մասին է: Փոխարենը մի կետում նշված է, որ որակավորված գիտնականների(՞) համար ձեռագրերի մատչելիությունը կորոշի «Հիլլը», իսկ մյուս կազմակերպությունը, տվյալ դեպքում՝ Մատենադարանը, ընդամենը տեղյակ կպահվի: Հավանաբար, նույն ստորացուցիչ պայմաններով Կիլիկիայի կաթողիկոսությունը համագործակցում է «Հիլլի» հետ. այն ինքնուրույն չի կարող ձեռագրերի պատճենները հանձնել Մատենադարանին կամ որեւէ այլ հայկական հաստատության:
Տեղեկացրել ենք, թե ինչպես է օրենքը խախտելով՝ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը («Պատուհաս Մատենադարանի գլխին», «Առավոտ», 29.06.2007) Մատենադարանի տնօրենի ընտրությունների նախաշեմին փոխել «խաղի կանոնները»: Ըստ Մատենադարանի 2002 թ. կանոնադրության, տնօրենի ընտրությունը պիտի կատարեր գիտաշխատողներից եւ ձեռագրագետներից կազմված գիտխորհուրդը, սակայն մարտի 15-ին, կանոնադրական փոփոխությամբ, խորհրդի նոր կազմ է հաստատվել: ԿԳ նախարարը մայիսի 15-ին էլ դիմել է վարչապետին՝ առաջարկելով, որ գիտխորհուրդը վերանվանվի խորհուրդ եւ նրա կազմում տեղ գտնեն կառավարության ու նախարարության մի խումբ չինովնիկներ: Ստացվում է, որ հայագիտությունը գերակա ուղղություն հռչակած երկրում կարեւորագույն գիտական օջախը «վերապրոֆիլավորվում է»՝ գիտական խորհուրդը կորցնելով:
Այսպիսով, նախարարը ոչ միայն վտանգում է Մատենադարանի ճակատագիրը, այլեւ փաստի առաջ կանգնեցնում ՀՀ առաջին դեմքերին:
ԽՍՀՄ տարիներին հակակրոնական պետության մեջ Մատենադարանի նախկին տնօրենները, չնայած հաճախակի տարբեր մեղադրանքներով Մոսկվա եւ ԿԳԲ կանչվելուն, հասել էին նրան, որ ձեռագրատունը գործում էր նախարարների խորհրդին կից, իսկ այժմ այն ընդամենը ԿԳ նախարարի հայեցողությանն է թողնված: Եվ զուր են մեղադրվում այս ամենի մասին բարձրաձայնող «Հիլլի» գործարքի ընդդիմախոսները: Ոչ ոք դեմ չէ թվանշայնացմանը. նրանք պարզապես ցանկանում են, որ բոլոր իրավունքները Հայաստանի ձեռքում լինեն, որովհետեւ պետություն եւ այլեւս գոյություն չունեցող ժողովուրդների արխիվը կարող է օտարի ձեռքում լինել:
«Հիլլ»-Մատենադարան պայմանագրի ամենասկզբունքային կետերից մեկը՝ երրորդ կողմին, օրինակ Google-ին ոչինչ չտրամադրելն է: Ավելին, հայր Կոլումբան առանձին պայմանագրեր է կնքում հայկական բոլոր կենտրոնների՝ Անթիլիասի, Զմմառի, Պոլսո պատրիարքարանի հետ: Արդյունքում՝ Մինեսոտայի նահանգում կստեղծվի հայկական ձեռագրերի մայր շտեմարան եւ «Մատենադարան» պատվանունը (բրենդը) մեխանիկորեն կտեղափոխվի Մինեսոտա:
Իսկ թե ինչու է «Հիլլը», բացի հայկականից, հավաքում նաեւ ողջ Մերձավոր Արեւելքի արեւելաքրիստոնեական արխիվները, դա ուրիշ խոսակցության նյութ է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ