Լրահոս
Օրվա լրահոսը

Սեֆիլյանին դիմավորեցին ծափերով

Հուլիս 03,2007 00:00

\"\"Երեկ առավոտյան ժ.10.30-ից մարդաշատ էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի տարածքը:

Այնտեղ հավաքվեցին նախ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի հարազատներն ու զորակիցները, քանի որ դատավոր Ռուբիկ Ներսիսյանի նախագահությամբ պետք է լսվեր նրա կալանքը երկու ամսով երկարաձգելու հարցը: Ապա հավաքվեցին «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնության անդամները՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի, ազատամարտիկ Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի քրեական գործի հետ կապված:

Ալեքսանդր Արզումանյանի գործով դատարանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության քննիչ Վահե Պապոյանի միջնորդությունը եւ փողերի լվացման մեղադրանքով ազատազրկված նախկին նախարարը եւս երկու ամիս կմնա ազգային անվտանգության տարածքում գտնվող մեկուսարանում:

Մինչ Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի գործը սկսելը՝ մինի-հանրահավաք տեղի ունեցավ դատարանի շենքի մոտ: «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության համակարգող Արմեն Աղայանն ասաց, որ սա առաջին քաղաքական դատավարությունն է, ուր քրեական ոչինչ չկա: Ըստ Ա. Աղայանի, Սեֆիլյանը մեղադրվում է կարծիք հայտնելու, հայտարարությունների համար: Ա. Աղայանն ասաց, որ Սեֆիլյանը մեղադրվում է նաեւ պարգեւատրված զենքի համար, քանի որ «Ղարաբաղի պաշտպանության բանակը չի համարձակվել վկայել, որ պարգեւատրել է Սեֆիլյանին զենքով»: Ըստ Սեֆիլյանի մարտական ընկերների, նրան սպառնում է արտաքսում Հայաստանից: Ըստ հանրահավաքի կազմակերպիչների, նույնպիսի քաղբանտարկյալ է Վարդան Մալխասյանը, որի ազատազրկումը քաղաքական պատվեր է: Իսկ Արոյանին ձերբակալել են նրա համար, որ Սեֆիլյանին ճանաչել է:

Մինչ դատական նիստը սկսվելը՝ ձեռնաշղթաներով դատարան բերվեցին Սեֆիլյանը, Մալխասյանը, Արոյանը: Նրանց ժողովուրդը դիմավորեց ծափերով, ոտքի վրա: Դատական նիստերի դահլիճում էին Սեֆիլյանի մարտական ընկերները, նախկին արտգործնախարար եւ ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը, ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու կինը, նախկին բարեգործ Խաչիկ Ստամբոլցյանը, իրավապաշտպաններ:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որն ընդունել էր գործը, տեղեկացավ, որ իրեն բացարկ են հայտնել նիստից առաջ: Նիստը ընդմիջվեց երեք ժամով:

Նշանակված ժամից՝ 15-ից շուտ սկսվեց նիստը: Դատավորն ասաց, որ բացարկի հետ կապված փաստաթղթերը գտնվում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Ժորա Վարդանյանի մոտ եւ հուլիսի 6-ին կպարզվի՝ ընդունվե՞լ է այն, թե՞ ոչ:

«Առավոտի» հարցին, թե բացարկում ի՞նչ պահանջ է ներկայացվել, Ժ. Սեֆիլյանի պաշտպան Վահե Գրիգորյանը տեղեկացրեց, որ իրենք վիճարկել են Սեֆիլյանի կալանքի տակ մնալու հարցի օրինականությունը, քանի որ, ըստ բացարկի, Սեֆիլյանի կալանքի ժամկետը լրացել է հունիսի 10-ին: Այսինքն՝ Սեֆիլյանը պետք է ազատության մեջ լիներ: Ըստ Վ. Գրիգորյանի, կալանքի տակ պահելու վայրի վարչակազմը պարտավոր էր անհապաղ արձակել Սեֆիլյանին: Բացի այդ, պարզվել է, որ դատավոր Մ. Մարտիրոսյանի վարույթում է գտնվում մեկ այլ քրեական գործ՝ հարուցված Անդրանիկ Աբրահամյանի նկատմամբ, եւ երեկվա դրությամբ այս դատավորը այդ գործով գտնվելիս պետք է լիներ խորհրդակցական սենյակում: Փաստորեն, նա Սեֆիլյանի գործով դատարան գալով խախտել է խորհրդակցական սենյակի գաղտնիության սկզբունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել