Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ՝ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ

Հուլիս 03,2007 00:00

\"\"Արարատում ՀՀԿ-ն հաղթեց ՀՀԿ-ին

Հուլիսի 1-ին Արարատ համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթեց անկուսակցական Աբրահամ Բաբայանը, որին սատարում էր Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Իսկ գործող քաղաքապետ եւ Արարատի նույն՝ ՀՀԿ կառույցի ղեկավար Հակոբ Թովմասյանը պարտվեց ձայների զգալի տարբերությամբ:

Սկզբնական շրջանում առաջադրված էր 6 թեկնածու, սակայն, հավանաբար տարաբնույթ բանակցությունների արդյունքում, թեկնածուներից երեքը՝ Գրիգոր Ավետիսյանը, Գագիկ Գասպարյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Կարեն Խաչատրյանը, հանեցին իրենց թեկնածությունը, ընտրապայքարում թողնելով նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Հակոբ Թովմասյանին, Աբրահամ Բաբայանին (Արարատի էլցանցի տնօրեն) եւ անկուսակցական, Արարատի ինդուստրիալ-տեխնոլոգիական քոլեջի փոխտնօրեն Հայկ Հայկյանին:

Նախընտրական մթնոլորտը Արարատում ավելի շիկացած էր՝ կապված Հակոբ Թովմասյանի կողմից Աբրահամ Բաբայանի վստահված անձերից մեկին ապտակելու միջադեպի հետ: Արարատցիներից շատերը դա գնահատում էին որպես սադրանք՝ «Թովմասյանի գլխին սարքելու համար»: Սակայն, ընդհանուր առմամբ, հուլիսի 1-ի ընտրությունները Արարատում անցան խաղաղ ու հանդարտ, բայց ոչ առանց ընտրախախտումների: Բազմաթիվ էին դեպքերը, երբ քաղաքացիները գնում էին ընտրատեղամաս եւ տեսնում, որ իրենց անվան դիմաց ընտրացուցակում արդեն ինչ-որ մեկը ստորագրել է: Նման դեպքեր արձանագրվել են 18/4, 18/5, 18/2 եւ այլ տեղամասերում: Հանձնաժողովների նախագահները եւ քարտուղարները դա վերագրում էին թյուրիմացությանը եւ պատահականությանը: Օրենքի կոպիտ խախտում է նաեւ, երբ գործող քաղաքապետը ընտրության օրը գտնվում է իր աշխատավայրում: Ընտրությունների օրը Արարատի քաղաքապետարանը Հակոբ Թովմասյանի համար կարծես դարձել էր նախընտրական շտաբ: Նրա նախընտրական շտաբում մեզ ասացին, որ շտաբի պետը եւ Թովմասյանը քաղաքապետարանում են: Փորձեցինք զրուցել նրանց հետ աշխատավայրում եւ պարզեցինք, որ այնտեղ տարօրինակ եռուզեռ է: Թե ովքեր էին այդ մարդիկ, որոնք, ըստ քաղաքապետարանի պահակի, իրենց աշխատողները չէին, բոլորը խուսափեցին պատասխանել, այդ թվում նաեւ գործավարուհու աթոռին նստած մի օրիորդ: Մեր հանդիպումը Թովմասյանի եւ իր նախընտրական շտաբի հետ՝ չկայացավ, քանի որ «բանակցությունների համար» նրանց առանձնասենյակ մտած երիտասարդը ուշացումով դուրս եկավ եւ ասաց, որ բոլորը գնացին հաց ուտելու:

Արարատում ընտրության օրը Աբրահամ Բաբայանի կողմից բաժանվում էր 5000-ական դրամ ընտրակաշառք: Այդ մասին հավաստում էին արարատցիները: Մեզ չհաջողվեց տեսնել եւ մեր հարցերն ուղղել նաեւ այս թեկնածուին, քանի որ նա մեզ հեռախոսով հայտնեց, թե քաղաքում չէ: Իսկ նախընտրական շտաբը ժամը 15:00-ից հետո արդեն փակել էր դռները:

Կարողացանք զրուցել միայն Հայկ Հայկյանի նախընտրական շտաբի պետ Մարտին Նադարյանի հետ, քանի որ Հ. Հայկյանը մեր շտաբում եղած ժամանակ գնացել էր քվեարկելու: Մարտին Նադարյանը հավաստում էր, որ բացի այն հանգամանքից, որ շատ քաղաքացիների փոխարեն նախօրոք ուրիշներն են քվեարկել, ընդհանուր առմամբ՝ ընտրությունները ընթանում էին բնականոն եւ խաղաղ հունով:

Հուլիսի 1-ի՝ քվեարկության օրը Արարատում իր շքախմբով ընտրատեղամասերում շրջում էր ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Հունան Պողոսյանը, ինչը նույնպես օրենքի կոպիտ խախտում է: Ընտրողների թիվը՝ ըստ ցուցակի, 12157 էր, ընտրությանը մասնակցել է 6763 ընտրող, այսինքն՝ ընդհանուր թվի 57%-ը: Աբրահամ Բաբայանի օգտին քվեարկել է 3130 ընտրող, Հայկ Հայկյանի օգտին՝ 2259, Հակոբ Թովմասյանի օգտին՝ 1171: Անվավեր է համարվել 182 քվեաթերթիկ:

Արարատցիները հիմնականում անտարբեր էին ընտրությունների հանդեպ եւ «Առավոտի» հետ զրույցում ասում էին, որ միեւնույն է, իշխանությունը նշանակելու է իր ուզած մարդուն, իսկ Արարատում բազմաթիվ չլուծված խնդիրները մնալու են նույն վիճակում: Մարդկանց տրամադրվածությունը թեկնածուների նկատմամբ՝ տարբեր էր: Նախկին ազատամարտիկներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, իր վիրավորանքը արտահայտեց այն հանգամանքից, որ Աբրահամ Բաբայանը իր նախընտրական ծրագրում որեւէ կերպ չի հիշատակում նախկին ազատամարտիկներին ու նրանց հիմնախնդիրները եւ տալիս է այնպիսի խոստումներ, որոնք, ըստ ազատամարտիկի, չի կատարելու: Քաղաքականապես տեղեկացված մի երիտասարդ էլ՝ ՀՀԿ-ի տարօրինակ դիրքորոշումը, որ չի սատարում իր կուսակցության անդամին, մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Դե, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Բաբայանը Հանրապետականի օգտին շատ լավ աշխատեց, դրանով էլ դարձավ նրա աչքի լույսը: Իսկ Թովմասյանը կարծես թե իրեն այդ հարցում չարդարացրեց, դրա համար էլ այդպես ստացվեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել