«Հայֆիլմն» իր աշխատողներին ամիսներով չի վարձատրում
Արդեն 3 ամիս է՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի 25 աշխատակից աշխատավարձ չի ստացել: Նրանց պատմելով՝ «ամեն անգամ, երբ հարցնում ենք, թե վերջապես ե՞րբ կստանանք մեր աշխատավարձերը, պատասխանում են՝ մի քանի օրից»:
Կինոստուդիայի խորհրդի նախագահ Ռուբեն Գեւորգյանցը «Առավոտի» հետ զրույցում չհերքեց, որ, իսկապես, արդեն մի քանի ամիս է՝ աշխատավարձ չեն վճարել. «Բանկային խնդիրներ են առաջացել: Մեր սեփականատերերից մեկը ԱՄՆ-ից է (խոսքը Գաֆէսճեանի մասին է- Ն. Բ.) եւ փողերն էլ այնտեղից են փոխանցում: Հերթական փոխանցման ժամանակ խնդիրներ են առաջացել: Դոլարի կուրսի տատանումներն էլ մեծ պրոբլեմներ են առաջացնում, քանի որ գումարը փոխանցում են դոլարով, իսկ մենք աշխատավարձը վճարում ենք դրամով: Աշխատավարձերի ուշացման հիմնական պատճառը դա է: Դրա համար էլ պատահում է, որ երկու ամիսը մեկ ենք վճարում»:
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ «Հայֆիլմի» աշխատակիցներն իրենց ամսավճարը ժամանակին չեն ստանում: Շատ աշխատողներ այլ եկամտի աղբյուր չունեն, բացի «Հայֆիլմից», ուստի աշխատավարձերի ամեն անգամ ուշացումը նրանց ծանր կացության մեջ է գցում:
Մեր այն դիտարկմանը, որ կրճատումների հետեւանքով մնացել է մոտ 25-30 աշխատող, այն էլ ժամանակին չեն վճարում, պարոն Գեւորգյանցը պատասխանեց. «Դա ոչ մեկի գործը չէ, թե մենք ինչքան աշխատող ունենք եւ ինչքան ենք վճարում աշխատավարձ, քանի որ սեփականաշնորհված հիմնարկ է, այլ հարց, որ աշխատողները պահանջեն իրենց աշխատավարձերը, իսկ չվճարած աշխատավարձերի համար ինչքան որ պետք է՝ արդեն տույժ ենք վճարել համապատասխան կառույցներին»: Աշխատավարձերը ժամանակին չվճարելու համար Աշխատանքի պետական տեսչությունը մի անգամ արդեն «Հայֆիլմին» տուգանել է, ուստի Ռ. Գեւորգյանցի այն խոսքերը, որ «արդեն տույժ ենք կրել», վերաբերում էր հենց այդ տուգանքին:
Աշխատանքի տեսչությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ այս տարի դեռ «Հայֆիլմում» ստուգումներ չեն անցկացրել, տուգանել են նախորդ տարի աշխատավարձն ուշացնելու համար: Տեսչության մամուլի քարտուղար Սաթիկ Դաբաղյանի պարզաբանմամբ՝ «Մենք ամեն տարի ծրագրային ստուգումներ ենք անցկացնում եւ եթե հայտնաբերվում է խախտում, սահմանված կարգի համաձայն՝ տուգանում ենք: Տուգանքի չափը սահմանվում է՝ ելնելով չվճարված աշխատավարձի չափից: Մենք կինոստուդիային անցյալ տարի մայիս ամսին ենք տուգանել, բայց դա չի նշանակում, որ պիտի նորից ուշացնեն աշխատավարձերը»: Ըստ տեսչության՝ ցանկացած հիմնարկությունից գանձած տուգանքները փոխանցվում են կենսաթոշակային ֆոնդ: Մեր այն հարցին, թե լինո՞ւմ են հարգելի պատճառաբանություններ, որի համար տեսչությունը չի տուգանում հիմնարկին՝ Ս. Դաբաղյանը պատասխանեց, որ՝ ոչ. «Մարդն աշխատել է ու պիտի ժամանակին ստանա իր աշխատավարձը, մանավանդ, եթե նրանք պայմանագրային աշխատողներ են, ինչպես «Հայֆիլմի» դեպքում: Ըստ օրենքի, ամեն ամսվա աշխատավարձերը պետք է վճարվի մինչեւ հաջորդ ամսվա 15-ը»: