Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինագծերը «մեղմացնո՞ւմ» են

Հուլիս 03,2007 00:00

ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանն առաջարկել է դրանք հետաձգել

Խորհրդարանը երեկ եւս շարունակեց արտահերթ նիստը, որի օրակարգային կարեւոր հարցերից են «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքների փոփոխությունները: Այդ օրինագծերը քննարկվում են փաթեթով, քանի որ վերաբերում են միեւնույն խնդրին՝ հեռուստատեսային եւ ռադիոհեռարձակումներին: Մասնավորապես, որոշ գնահատականների համաձայն, օրինագծերն ընդունվում են «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը դադարեցնելու նպատակով, քանի որ հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքի փոփոխությունն արգելում է հանրային հեռուստառադիոընկերության եթերում օտարերկրյա հեռարձակողների հաղորդումների հեռարձակումը: Իսկ մասնավոր ընկերությունների եթերում հեռարձակման համար սահմանվում է 70 հազար դրամ պետտուրք՝ ամեն հաղորդման համար: Օրինագծերն առաջին ընթերցմամբ ընդունվել էին նախորդ շաբաթ: Իսկ երեկ քննարկման ներկայացված օրինագծերը ենթարկվել են որոշ փոփոխությունների: «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքում հեռարձակող ընկերություն հասկացության դիմաց ավելացված է՝ «Հեռուստառադիոհեռարձակման իրավունք ունեցող ընկերություն»: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը չթաքցրեց, որ այս նոր ձեւակերպումը եւս «կարող է վերաբերել «Ազատությանը», նայած, թե ինչպիսին է ռադիոկայանի կարգավիճակը. «Եթե վերաբերում է հեռարձակմանը, այո, կարող է վերաբերել, եթե խոսքը պատրաստի նյութը, արտադրությունը տրամադրելու մասին է, ապա չի վերաբերում: Եթե դա պետք է լինի արտադրանք, նյութեր պատրաստի, եւ դա կտրամադրվի որեւէ ընկերության, ապա այստեղ սահմանափակում չկա: Ընդ որում, սահմանափակում չկա անկախ հեռուստառադիոընկերության կարգավիճակից: Իսկ եթե դա կվերաբերի հեռարձակմանը, երբ հաճախականությունը տրամադրվում է մեկ այլ հեռարձակող կազմակերպության, ապա անպայման կվերաբերի»:

Իշխանական ճամբարի ներկայացուցիչ պատգամավորներից միայն ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էր, որ համարձակություն ունեցավ, ըստ էության, «դեմ» խոսել ներկայացված օրինագծերի փաթեթին: «Ի վերջո, մինչ այս պահը պարզ չէ՝ արդյոք այս օրենսդրական փոփոխությունները վերաբերում են «Ազատություն» ռ/կ-ի՞ն, թե՞ ոչ: Եթե չեն վերաբերում, ապա հարցի սրությունը դուրս է գալիս, եւ մենք ունենում ենք որոշակի առողջ շեշտադրումներ պարունակող օրենսդրական փոփոխություն: Եթե, այնուհանդերձ, դրանք առնչվում են «Ազատությանը», ապա առաջանում է երկու տարբերակ. «Ազատությունը» շարունակում է հեռարձակվել որեւէ մասնավոր ռ/կ-ով, ինչը ամենեւին սարսափելի չէ: Սակայն կա նաեւ այլ տարբերակ՝ թեկուզ, տեսականորեն՝ «Ազատությունը» չի հեռարձակվում հանրային ռադիոյով, իսկ բոլոր մասնավոր ռադիոկայանները միաբերան հրաժարվում են համագործակցել «Ազատության» հետ: Եթե կա դրա թեկուզ տեսական հնարավորությունը, մենք այն պարտավոր ենք հնչեցնել»,- երեկ ԱԺ-ում հայտարարեց Վ. Հովհաննիսյանը՝ կանխատեսելով, որ եթե վերը նշվածը տեղի ունենա՝ «մենք կունենանք վատ իրականություն՝ ընդհանուր բոլորիս համար»: Ուստի ԲՀԿ-ի պատգամավորն առաջարկեց՝ կասկածանքի եւ փոխադարձ անվստահության, հասարակական երկփեղկվածության մթնոլորտը կասեցնելու համար սույն օրինագծերը ուժի մեջ դնել 2008 թ. կեսերից. «Սա թույլ կտար օրենքը չկապել սպասվող նախագահական ընտրությունների հետ, ինչպես նաեւ բավարար ժամանակ կտրվեր «Ազատությանը» մասնավոր ռ/կ-ների հետ պայմանագրեր կնքելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել