Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՎՈՐ Է ՈՒՆԵՆԱԼ ԼԵԳԻՏԻՄ ՆԱԽԱԳԱՀ

Հուլիս 03,2007 00:00

\"\"Մեր թերթին տված հարցազրույցում ասում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը

– Ընդունված է ընդդիմությանը բնորոշումներ տալ՝ կառուցողական, արմատական, հարմարվողական: Ձեր գնահատմամբ՝ այսօր ինչպիսի՞ ընդդիմություն է ՕԵԿ-ը, եւ ինչպիսի՞ն են ապագայի Ձեր ծրագրերը:

– Ժամանակակից քաղաքականության մեջ կա երկու բնորոշում՝ իշխանություն եւ ընդդիմություն: Մնացած բոլոր ձեւակերպումները՝ կիսատ իշխանություն կամ արմատական ընդդիմություն, բոլորն արհեստական ձեւակերպումներ են: Այսօր մենք ընդդիմություն ենք բառիս դասական առումով եւ մեր քաղաքական գործունեությունն իրականացնում ենք հենց այս դիրքերից՝ նպատակ ունենալով ստեղծել հասարակական խաղաղության վրա խարսխված, մրցունակ եւ ժողովրդավարական երկիր: Իսկ հասարակական խաղաղության երաշխիքը դա ժողովրդից ծնված իշխանությունն է, որի նպատակը պետք է լինի մեծ ներուժ ունեցող երկրի ստեղծումը: Ի վերջո մեր նպատակը պետք է լինի դառնալ պարկեշտ եւ հույսերով լի հասարակություն, ուստի նաեւ համոզված եմ, որ հիմա քաղաքական խաղերի ժամանակը չէ: Սա նոր սկզբի ժամանակն է, եւ մենք դիմում ենք բոլորին՝ մի կողմ դնել հիասթափության կամ անօգնականության ամեն մի զգացողություն մեր երկրի ապագայի հետ կապված եւ միավորվել մեր ազգի համար այս դրամատիկ եւ պատասխանատու փուլում:

Եթե գործողությունը կամ ծրագիրը ճիշտ է, պետք է հիմնվել դրա վրա եւ ունենալ հոգու տոկունություն եւ գնալ առաջ, եթե նույնիսկ ընթացքը դժվար է: Հենց սա է պատճառը, որ մենք նաեւ ասում ենք, որ իշխանությունը չպետք է հարաբերվի քաղաքական դաշտի հետ ամբարտավանության դիրքերից, իսկ ընդդիմությունը՝ սոսկ ատելության: Յուրաքանչյուրն իր առաքելությունը պետք է իրականացնի իր մոտեցումներից ելնելով:

– Ձեր իսկ ընդդիմություն-իշխանություն մատնանշած այս փիլիսոփայությունից ելնելով՝ այս պահին անձամբ Դուք ի՞նչ հարաբերություններ ունեք վարչապետ Սերժ Սարգսյանի հետ:

– Հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին կարող են լինել վարչապետի եւ ընդդիմադիր կուսակցության ղեկավարի միջեւ, մեկ բառով՝ քաղաքական:

– 2008 թվականի նախագահական ընտրություններում առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը, հնարավո՞ր է, որ հենց Դուք լինեք ընդդիմության մի հատվածի միասնական թեկնածուն:

– Արդեն նոյեմբերից պաշտոնապես մեկնարկում է ընտրարշավը, իսկ նախագահական ընտրությունների նշանակությունը վճռորոշ է մեր երկրի ապագայի համար: Համալիր մարտահրավերներով լի այս պատասխանատու ժամին կղզիացման եւ օլիգարխիզացիայի ճանապարհը ոմանց կարող է թվալ հրապուրիչ, սակայն այն ավարտվում է վտանգի եւ անկման մեջ: Ուստի առաջընթացի եւ զարգացման միակ եղանակը համախմբվածությունն է ազգային խնդիրների շուրջ:

Եթե ես Ձեր մեկ հարցի մեջ ամփոփված երկու հարցադրումներին էլ այժմ պատասխանեմ եւ ասեմ «այո», ապա դա բերելու է նոր քննարկումներ՝ համեմված տարաբնույթ, այդ թվում անհիմն ու պատվիրովի մեկնաբանություններով, եթե պատասխանեմ «ոչ»՝ նույնպես: Ուստի ես առայժմ ձեռնպահ կմնամ պատասխանելու այս հարցին նախ եւ առաջ երկու պատճառով: Առաջին՝ ներկայումս մենք գտնվում ենք քննարկումների փուլում տարբեր քաղաքական կառույցների հետ, եւ երկրորդ՝ կուսակցության ներսում եւս քննարկումներ տեղի կունենան, եւ միայն որոշ ժամանակ անց մենք կհրապարակենք մեր դիրքորոշումը:

Ոչինչ չպետք է լինի ինքնանպատակ: Յուրաքանչյուր որոշում պետք է առնվազն ունենա երկու հիմնարար նպատակ՝ ստեղծել ժողովրդավարական հասարակություն երկրի ներսում եւ մրցունակ պետություն՝ երկրի սահմաններից դուրս: Այդ իսկ պատճառով մեզ անհրաժեշտ է ազգի եւ երկրի մրցունակության բարձրացման հատուկ ռազմավարություն, որը խարսխված կլինի փոխադարձ հանդուրժողականության եւ նոր գաղափարների վրա: Ժողովրդավարական երկիրը չի կարող կախված լինել այն առաջնորդներից, որոնք կախված չեն իրենց ժողովրդից: Ուստի եւ մեզ անհրաժեշտ է ունենալ լեգիտիմության տեսանկյունից անխոցելի նախագահ, որը ի զորու կլինի ոչ միայն դիմակայել մարտահրավերներին, այլ նաեւ ազգի համար ապագայի ճիշտ կամուրջներ կառուցել:

– Դուք սիրում եք խոսել եվրոպական արժեքներից, ժողովրդավարությունից, միջազգային գնահատականներից, սակայն տեսա՞ք, թե ինչ եղավ, երբ մայիսի 12-ի ընտրությունների մասին շատերը մտածում են, որ արդյունքները խեղաթյուրված են, մինչդեռ նույն այդ եվրոպական ատյանները բավականին բարձր գնահատականներ հնչեցրին: Չե՞ք հիասթափվել Ձեր սիրելի եվրոպացիներից:

– Ազատ եւ ժողովրդավարական երկիր ստեղծելու համար չափազանց կարեւոր է զգալ եւ հասկանալ, գնահատել եւ արժեւորել ազատ եւ ժողովրդավարական աշխարհի համերաշխության ուժը: Ցավոք, Հայաստանում այդպես չեղավ նախ եւ առաջ 2 պատճառով. առաջին՝ իշխանությունը գործեց շատ ավելի խոհեմ՝ բիրտ ուժը փոխարինելով փողի ուժով, եւ երկրորդ՝ նպաստելով, որ ընդդիմությունը հանդես գա պառակտված դիրքերից, հարված հասցրեց հասարակական հավատին՝ դրանով իսկ նպաստելով վերարտադրությանը: Տեսեք, այսօր հեռուստատեսային ողջ դաշտը վերահսկվում է, վերահսկվում են տպագիր լրատվամիջոցներից շատերը, եւ որքան էլ արտառոց է, իրենց ընդդիմադիր համարող որոշ լրատվամիջոցների հիմնական խնդիրը ընդդիմադիր գործիչների վարկաբեկումն է ու մրոտումը, ինչը հետագայում կազմակերպված ձեւով փոխանցվում է տարբեր հեռուստաալիքների միջոցով: Իմ կարծիքով, տրված գնահատականները պայմանավորված էին նաեւ համեմատաբար համախմբված իշխանական եւ անհամեմատ պառակտված ընդդիմադիր դաշտով, ինչը, ըստ էության, գրեթե բացառում էր իրական այլընտրանքի առկայությունը: Այնպես որ, պատճառը միայն եվրոպացիները չեն, սակայն քիչ չեն նաեւ նրանք նույն Արեւմուտքում, ովքեր չեն հավատում Հայաստանում եւ Կովկասում ժողովրդավարության հաստատման հնարավորությանը: Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի որոշ շրջանակներում այժմ հետաքրքիր բանավեճ է ընթանում՝ կայունության, ժողովրդավարության եւ բաց հասարակությա՞ն միջոցով, թե՞ փակ եւ վախի հասարակության: Այսինքն՝ ոմանք սկսել են կասկածի ենթարկել, թե արդյոք ժողովրդավարական երկրներն իրավունք ունե՞ն իրենց արժեքները պարտադրելու մի տարածաշրջանում, որտեղ դրանք մերժվում են: Եվ այս իմաստով հարցադրումը պարզ է՝ բաց, ազատ ժողովրդավարությո՞ւն, թե՞ փակ, կառավարելի հասարակություն: Երբեմն իբրեւ հիմնավորում բերվում են փաստեր, թե Միջին Արեւելքի ներկայիս վարչակարգերը ճնշում են ազատությունը, սակայն առկա է այն համոզմունքը, որ այդ վարչակարգերը ճնշում են նաեւ շատ ավելի վատ այլընտրանքը՝ արմատականներին ու ծայրահեղականներին, որոնք կարող են հաղթել ընտրություններում: Այսինքն՝ գաղափարը միանգամայն պարզ է. որոշ ուժեր մտածում են, թե ավելի լավ է գործ ունենալ բարեկամ հանդիսացող փակ վարչակարգի, քան հակառակորդ հանդիսացող ժողովրդավարական հասարակարգի հետ:

– Բայց չէ՞ որ ըստ ոմանց՝ Հայաստանում ժողովրդավարությունը դեռ սաղմնային վիճակում է:

– Այո, ես համակարծիք եմ եւ այս առումով ես մեր հասարակությունը կբաժանեի մի քանի խմբի: Առաջինը նրանք են, ովքեր օգտվում են գործող համակարգից, հնարավորն են անում ոչինչ չփոխելու համար, եւ նրանց թիվը չնչին է: Երկրորդ խումբն այն մարդիկ են, ովքեր իրական բարեփոխումներ են ցանկանում, եւ նրանց թիվը քիչ չէ: Երրորդ խմբում ամեն գնով եւ ամեն ինչ փոխելու կողմնակիցներն են, որոնց թիվն աճում է: Եվ վերջին, ամենամեծ խումբն այն երկդիմի մարդիկ են, ովքեր մտածում են մի բան, սակայն ասում են այլ բան, ասում են մի բան, սակայն անում են բոլորովին այլ բան: Այս մարդիկ ոչ միայն չեն հավատում իշխող գաղափարախոսությանը, այլ նաեւ վախենում են սպասվելիք բարեփոխումներից: Նրանք միշտ խուսափում են ասել այն, ինչ արգելված է, եւ վախենալով, որ հանկարծ իրենց տեսակետները կարող են հանրության սեփականությունը դառնալ, շարունակ հարկադրված ցուցաբերում են ծառայամիտ նվիրվածության մշտական դրսեւորումներ՝ թութակի պես կրկնելով վերեւներին հավատարմորեն հետեւելու իրենց պատրաստակամությունը եւ թաքցնելով իրենց իրական համոզմունքները: Եվ վերջապես, կա հույսն ու հավատը կորցրած մարդկանց մի բազմություն, որն ապրում է օրվա կյանքով եւ մի քանի արծաթով վաճառում է իր ձայնը:

– Ի դեպ, ի՞նչ է կատարվում Ձեր կուսակցությունում, ինչո՞ւ են հեռանում մարդիկ, որ մինչեւ վերջերս կուրծք էին ծեծում հանուն Արթուր Բաղդասարյանի եւ հայտնի էին որպես Ձեզ անվերապահորեն նվիրված մարդիկ:

– Հետընտրական շրջանում կատարվողը բնական գործընթաց է: Անձնական շահերով պայմանավորված՝ մեկ-երկուսի հեռանալը կամ կուսակցությունից հեռացվելը ընթացիկ գործընթաց է: Քաղաքական նոր իրողության պայմաններում ՕԵԿ-ը զանգվածային կուսակցությունից անցում է կատարում ժամանակակից արեւմտյան տիպի դասական կադրային կուսակցության, որտեղ կխստացվեն կուսակցությանը անդամագրվողների որակական չափորոշիչները, ինչպես նաեւ զտումների միջոցով կուսակցությունը կձերբազատվի շահամոլներից եւ պատեհապաշտներից: Անկախ տարաբնույթ եւ արհեստածին շահարկումներից՝ ՕԵԿ-ը երկրի առավել կայացած եւ կազմակերպված քաղաքական ուժերից մեկն է: Մենք պայքարելու ենք իսկապես ժողովրդավարական եւ մրցունակ Հայաստան ստեղծելու համար, մանավանդ որ՝ արդեն սեպտեմբերից մենք թեւակոխում ենք երկրի ու ժողովրդի համար առանցքային նշանակություն ունեցող մի նոր ժամանակաշրջան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել