Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՒՅՆՆ ԷՐ ԵՐԵԿ, ՆՈՒՅՆՆ Է ԵՎ ԱՅՍՕՐ

Հուլիս 03,2007 00:00

«Ա1+»-ն ու «Ազատությունը» դուր չեն եկել ո՛չ «նախկիններին», ո՛չ գործողներին

Հայաստանում Մարդու իրավունքները, խոսքի ազատությունն ու երկրի հիմնական օրենք-Սահմանադրությունը բոլոր իշխանությունների՝ ե՛ւ «նախկինների», ե՛ւ գործողների օրոք պաշտպանվել են տեղ-տեղ՝ ըստ նպատակահարմարության եւ քաղաքական կոնյունկտուրայի: Այն, ինչ այսօր կատարվում է «Ազատություն» ռ/կ-ի շուրջ՝ ռադիոկայանի բացման, փակման, վերաբացման, արդեն երկրորդ պտույտն է:

«Ազատությունը» մեկ անգամ արդեն եթերազրկվել էր «նախկինների» օրոք՝ 1994թ. դեկտեմբերի 21-ին, ՀՅԴ-ի կասեցումից ուղիղ մեկ շաբաթ եւ 1995թ. սահմանադրական հանրաքվեից վեց ամիս առաջ: Այն ժամանակ Հեռուստատեսության եւ ռադիոյի պետական կոմիտեի նախագահն էր Տիգրան Հակոբյանը, ռադիոյինը՝ ՀԺԿ նախկին անդամ Ստեփան Զաքարյանը: 94-ին իշխանություններն իրենց այս քայլը պաշտոնապես որեւէ կերպ չէին պատճառաբանել, թեեւ մինչ այդ քաղաքական սույն որոշումը ՀՀ նախագահին կից Անվտանգության խորհրդում քննարկման էր դրվել, լուրջ բանավեճեր, թեր ու դեմ արտահայտվողներ էին եղել: «Ազատությունն» այն ժամանակ փակվել էր՝ պետական ռադիոյի հետ հեռարձակման մասին պայմանագիր ունենալու եւ այդ պայմանագիրը ռադիոյի ղեկավարության կողմից միակողմանիորեն դադարեցնելու պարագայում ու առանց իրավական հիմքերի: Հիմքերը զուտ քաղաքական էին: Այն ժամանակվա իշխանությունները համարել էին, որ ռ/կ-ն միակողմանի եւ աչառու է, նրա ղեկավարությունը դաշնակցականներ են:

Ավելի ուշ, «Առավոտին» տված հարցազրույցում Հեռուստատեսության եւ ռադիոյի պետական կոմիտեի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարել էր, թե՝ անցել են այն ժամանակները, երբ բոլորը պարտավոր էին «Ժամանակ» ծրագիր լսել: Նա նաեւ հավելել էր, թե բազմակարծությունը մի գլխում՝ շիզոֆրենիա է:

Իհարկե, նույն Տիգրան Հակոբյանն արդեն 2003-ին անձամբ «Ազատություն» ռ/կ-ին հանձնեց «Երեւանի մամուլի ակումբի» սահմանած մրցանակը` բազմակողմանի լուսաբանման համար՝ դրանով փորձելով քավել ռ/կ-ն փակելու հարցում ունեցած նաեւ իր մեղքը:

94-ից հետո 4 տարի պահանջվեց, որ «Ազատությունը» կրկին եթեր վերադառնա: Դա նախաձեռնեց նույն Ռոբերտ Քոչարյանը, որը արդեն 2006-ի դեկտեմբերի վերջերին իր նստավայրում ռ/կ-ի թղթակցի երեսին հայտարարեց, թե՝ «ձեզ ընդհանրապես պետք էր փակել, ուղղակի աղմուկի հավես չունեմ»:

«Ազատություն» ռ/կ-ի եթերազրկումից շուրջ վեց ամիս անց՝ ԱԺ ընտրություններից եւ սահմանադրական հանրաքվեից օրեր անց փակվեցին նաեւ պետական հեռուստատեսության եթերով հեռարձակվող «Ա1» անկախ հեռուստաընկերության հաղորդումները: Այդ փուլում ընդդիմությունն ակտիվ գործունեություն էր ծավալում, «Ա1»-ը չէր խորշում դաշնակցականներին եթեր տրամադրելուց, երկրում բազմահազարանոց հանրահավաքներ էին ընթանում, իսկ առջեւում 96-ի նախագահական ընտրություններն էին: Իշխանությունները սա էլ պատճառաբանեցին նրանով, թե ընկերության ներսում բաժնետերերի միջեւ կռիվ է գնում, թեեւ հասկանալի էր, որ այն ժամանակ եւս խնդիրը քաղաքական էր եւ իշխանական «խոհանոցային» պայքարի արդյունք: Ութ ամիս հետո «Ա1»-ը եթեր վերադարձավ արդեն իբրեւ առանձին հեռուստաընկերություն՝ «Ա1+» հայտնի անվանումով:

Հեռուստաընկերությունը եթերազրկվեց մեկ էլ 2002-ի ապրիլի 2-ին՝ արդեն «օրինական» հիմքով. նրա ներկայացրած «թույլիկ» ծրագիրը «լավատեսական» հաղորդումների հետ «մրցակցել» չկարողացավ, բայց հաճախությունից զրկվելն էլի քաղաքական շարժառիթ ուներ եւ դարձյալ կապված էր՝ այս անգամ 2003թ. ընտրությունների հետ: Հիմա «Ազատությունն» ուզում են փակել եւ էլի՝ նախագահական ընտրություններից առաջ:

Զուգադիպությունները «նախկինների» եւ գործող իշխանությունների վարած քաղաքականության մեջ մի քիչ շատ են, որից բխող եզրակացությունն այն է, որ մեր երկրում բոլոր իշխանությունների ձգտումները, ցավոք, նույնն են եղել՝ ունենալ հլու-հնազանդ եւ վերահսկելի ԶԼՄ-ներ, որովհետեւ դա սեփական իշխանության համար ավելի անվտանգ է: Հիմա մի բան է փոխվել՝ իշխանությունները փորձում են անցանկալի եւ անհնազանդ լրատվամիջոցներին լռեցնել «օրենքի շրջանակներում»: Ընդ որում, ե՛ւ 2003-ին, երբ եթերազրկվում էր «Ա1+»-ը, ե՛ւ այսօր, երբ նույն վտանգը սպառնում է «Ազատություն» ռ/կ-ին, իշխանությունները պնդում են, թե իրենց ընդունած օրենքներն ամենեւին էլ «Ա1+»-ի եւ «Ազատության» հետ կապ չունեն, բայց արդյունքում, որպես կանոն, ստացվում է, որ ոչ միայն կապ ունեն, այլեւ օրենքները գրվում են հե՛նց այդ հատուկ նպատակներով:

Որ «Ազատության» հեռարձակումը վտանգող օրենսդրական փաթեթն այսօր կընդունվի ձայների գերակշիռ մեծամասնությամբ եւ առանց հասարակական հակազդեցության՝ կանխատեսելի է: Մնում է սպասել, որ մի օր խորհրդարանական այսօրվա մեծամասնությունը կունենա այդ նույն «Ազատության» եւ «Ա1+»-ի կարիքը եւ կպայքարի այդ ընկերությունների վերահեռարձակման համար ճիշտ այնպես, ինչպես դրանք ժամանակին փակած նախկին իշխանավորները:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031