Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունիս 30,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք հինգերորդ

Գլուխ հինգերորդ

ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

Մարինեն նորից ինքնաթիռի պատուհանից դուրս նայեց եւ ավելի բարձր ծիծաղելով ասաց՝ «հիմա ավելի՛ ուժեղ ա չխկչխկում», եւ ես ասացի՝ «մի՛ գոռա», եւ ինքը շուրջբոլորը նայեց ու ասաց՝ «մարդ չկա. ումի՞ց ես ամաչում», եւ ես ասացի՝ «քնած էրեխա կա», եւ ինքը նորից պատուհանից ցած նայեց ու ասաց՝ «աչքդ լույս», եւ ես հարցրի՝ «չխկչխկոցը պրծա՞վ», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «չէ. ծո՛վը պրծավ», եւ ես ասացի՝ «ծո՞վն ինչ կապ ունի», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «գույնդ գցել էիր», եւ ես հարցրի՝ «հիմի գույնս տեղն ա՞», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «համեմատաբար. արդեն կարաս վեպդ շարունակես», եւ ես ասացի՝ «ճիշտ ես ասում. որ մի էրկու էջ էլ գրեմ՝ երեւի տեղ կհասնենք», եւ Մարինեն հարցրեց՝ «կոմպյուտերայի՞ն էջ», եւ ես ասացի՝ «կոմպյուտերի հետ գործ չունեմ. ձեռագիր էջ», եւ Մարինեն հարցրեց՝ «մինչեւ Երեւան հասնենք՝ երկու էջ կգրե՞ս», եւ ես ասացի՝ «որ չխանգարես՝ կգրեմ» եւ հարցրի՝ «քանի՞ ժամից կհասնենք», եւ Մարինեն նայեց ժամացույցին ու ասաց՝ «ժամուկեսից մի քիչ ավել», եւ ես ասացի՝ «որ ուզենամ՝ ժամուկեսում էրկու էջից է՛լ ավել կգրեմ», եւ ինքը հարցրեց՝ «հիմա՝ էս պահին ինչի՞ մասին ես գրում», եւ ես ասացի՝ «էս սամալյոտի», եւ ինքը ծիծաղեց ու հարցրեց՝ «էս չխկչխկոցի՞», եւ ես ասացի՝ «չխկչխկոցի մասին արդեն գրել եմ. հիմի ծովի մասին կգրեմ», եւ ինքը նորից ծիծաղեց ու ասաց՝ «որ ծովը չես տեսել՝ ո՞նց ես գրելու», եւ ես ասացի՝ «կգրեմ, որ ծովը չտեսա», եւ ինքը շարունակեց ծիծաղել ու ասաց՝ «այսինքն, ինչ տեսնում ես՝ էդ ե՞ս գրում», եւ ես ասացի՝ «ինչ որ չեմ տենում՝ էդ է՛լ եմ գրում», եւ ինքը շարունակեց ծիծաղել եւ ասաց՝ «բա ծովից հետո՞ ինչ ես գրելու», եւ ես ասացի՝ «մեր էս խոսակցությունը կգրեմ», եւ ինքը ժպտաց ու ասաց՝ «գործդ լավ հեշտացրել ես», եւ ես ասացի՝ «ավելի լավ ա հեշտացնեմ, քան՝ դժվարացնեմ», եւ ինքը մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, նկարիչների պես ես աշխատում», եւ ես հարցրի՝ «ո՞նց», եւ ինքը բացատրեց ու ասաց՝ «նկարիչները նայում ու նկարում են, դու էլ նայում ու գրում ես», եւ ես ասացի՝ «մո՛ւռս եմ հանում», եւ ինքը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ մուռ», եւ ես ասացի՝ «նկարիչ չդառնալուս մուռն եմ հանում», եւ ինքն ասաց՝ «դե լավ, քեզ չխանգարեմ. մուռդ հանի», եւ ես ասացի՝ «չես կարա խանգարես. ինչքան շատ խոսաս՝ էնքան շատ կգրեմ», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «էսքանը գրի՝ հետո էլի կխոսենք», ու ես էսքանն արդեն գրել եմ, եւ ինքն արդեն քնած է, ու հիմա արդեն վախս ու սարսափս չկան՝ հօդս են ցնդել, եւ հիմա մտածում ու չեմ հասկանում՝ որտեղի՞ց հանկարծակի հայտնվեցին ու մեջս սողոսկեցին էդ վախն ու սարսափը, եւ չնայած արդեն չկան՝ իսպառ ցնդել են, բայց նախկին ինքնավստահությունիցս էլ արդեն հետք չկա, եւ եթե մի քիչ առաջ վստահ էի, որ ոչ ոք չի կարող ինձ հեռացնել իմ էս արձակ զբաղմունքից, հիմա արդեն մտածում եմ, որ բոլորս ու ամեն ինչ ընդամենը մի մազից ենք կախված, ընդ որում՝ էնքա՛ն բարակ մի մազից, որ էդ մազի չկտրվելն ավելի պատահականություն է, քան՝ կտրվելը, եւ հիմա արդեն վերջնականապես խեղճացած ու ճմլված՝ վերջնականապես եմ համոզվում, որ ամեն ինչ մեր մինուճար Աստծո կամքից է կախված, եւ նմանապես ու հատկապես էս արձակ գործից իմ հեռացվելն է Աստծո կամքից կախված, ավելին՝ պոեզիայից հեռացվելս է՛լ է Աստծո կամքով եղել ու տեղի ունեցել, եւ ահա՝ վերջնականապես ճմլված, խեղճացած ու համեստացած՝ մեր մինուճար Աստծուն մի պահ հանգիստ թողնում ու դեպի ձեզ եմ գալիս ու հընթացս մտածում եմ, որ էս արձակ զբաղմունքից չհեռացվելս ու չազատվելս ամենից քիչ հենց ինձանից է կախված, ու էսպես մտածելով՝ նախ հովանավորիս ու տպագրողիս եմ վերստին մտաբերում եւ հետո մյուսներին՝ հերթով ու մեկ առ մեկ, եւ հովանավորիս, տպագրողիս ու մյուսներին մեկ առ մեկ հիշելով ու տեղը բերելով՝ հիմա արդեն մտածում ու հասկանում եմ, որ եթե իրենք չլինեին՝ ես դժվար թե էս գործի մեջ էսքան խորը խրվեի ու էսքան երկար խրված մնայի, եւ եթե ընդամենը մի ժամ առաջ լկտիաբար կարծում էի, թե՝ էս գործից ինձ հեռացնողն ու ազատողն իր մորից դեռեւս չի ծնվել, հիմա արդեն միանգամայն հստակ սկսում եմ հիշել, որ իր մորից նախ մեր մինուճար Աստված ծնվեց, այնուհետեւ մենք՝ յուրաքանչյուրս ի՛ր մորից, այնպես որ՝ եթե առ էսօր դուք ու մեր Աստված ինձ ու էս արածներս մեծահոգաբար հանդուրժում եք, էդ նրանից է, որ ես ու մեր Աստված էլ ձեզ ենք մեծահոգաբար հանդուրժում, եւ եթե ձեզանից ոմանք ինձ ու էս արածս ո՛չ միայն հանդուրժում են, այլեւ էս գործում ինձ մշտապես ու հետեւողականորեն աջակցում է՛լ են, էդ նրանից է, որ Աստված էլ մշտապես ու հետեւողականորեն իրենց է օգնում ու աջակցում, եւ եթե մարդիկ կան՝ որ ինձ ու էս արածս ոչ մի կերպ չեն հանդուրժում, նույնիսկ սրանց էս չհանդուրժե՛լն է Աստծով, որովհետեւ սրանց էս չհանդուրժելը շարունակում է դուր գալ «Առավոտի» խմբագրին, եւ Արամն առաջվա պես էն կարծիքին է, որ եթե էդ մարդիկ էս գրածս հետեւողականորեն շարունակում են չհավանել, կնշանակի՝ հետեւողականորեն շարունակում են կարդալ. այսինքն, Արամը շատ ճիշտ է անում, որ էս երկարաշունչ տվայտանքներս իր թերթի էջերում տպում է, ու Հայրապետյան Ռուբոն էլ շատ ճիշտ է անում՝ որ էս հատորներիս ծախսերն է հոգում, եւ Վիլոն ու Ավիկն էլ շատ ճիշտ են անում՝ որ իրենց տպարանում էս գրածներիս գրքի տեսք են տալիս, եւ տպարանի Վազգանուշն ու Լորան էլ շատ ճիշտ են անում՝ որ էս հատորներիս հարցում ջանք չեն խնայում, ու Սեւոն է՛լ է ճիշտ անում՝ էս հատորներս ձեւավորելով ու շապկավորելով, եւ Մարջիկն ու Կարինեն է՛լ են ճիշտ անում՝ որ էս գրածս սրբագրում ու էս գրածիս վրա աչք են փչացնում, եւ Անժիկն ու ղարաբաղցի Արտյոմն է՛լ են ճիշտ անում՝ էս գրածներս մուտքագրելով ու նմանապես աչք փչացնելով, եւ նույնիսկ Զառան, Արմինեն ու Մարիշը երբեւէ չեն փոշմանելու, որ իրենց ջահել տարիներից ահագին ժամեր են հատկացրել էս գրածներիս էջադրմանը, եւ Մելանը, Վալոդն ու Տիկոն է՛լ երբեւէ չեն փոշմանելու, որ ինձ հազար ձեւի լուսանկարում ու օգնում են բերնեբերան լցնել շաբաթօրյա «Առավոտի» զույգ էջերը, եւ հատկապես ու առանձնապես չեն փոշմանելու Սեյրանը, Երմոնյան, «Ղարաբաղ» կոմիտեի Սամսոնը, Օրթախ Աբոն ու մանկավարժականի Հայկունը, որ տարիներ շարունակ ինձ հորդորում ու համոզում էին արձակի անցնել:

Ահա անցել եմ: Վերջնականապես ու մշտապես: Մշտապես ու ամենուր՝ տանը եւ հյուրանոցում, Բեյրութում ու Փարիզում, Երեւանում ու Ծաղկաձորում, գետնի վրա ու օդում, օդում ու ինքնաթիռի գետնի վրա, եւ, ինչպես տեսնում եք, որտեղ գրում եմ՝ էդտեղի՛ մթնոլորտով եմ ապրում ու շնչում. այսինքն, շրջապատն ու շրջակա միջավայրն ինձ վրա ո՛չ միայն ուղղակիորեն, այլեւ միանգամայն դրականորեն են ազդում, եւ եթե մի պահ էս ինքնաթիռում վախեցա ու սարսափեցի, դա նրանից էր, որ ինքնաթիռն ու օդային տարածություններն ինձ համար հույժ ժամանակավոր միջավայր են, եւ նույնիսկ բանաստեղծ վախտերս երկնքում սավառնելու հակումներ առանձնապես չունեի, եւ չնայած քիչ առաջ էս ինքնաթիռի բարձրախոսով միանգամայն հստակ հայտարարվեց, որ էս պահին ծովի մակերեւույթից տասուկես հազար մետր բարձրության վրա ենք գտնվում, այդուհանդերձ, ես Երեւանից մեր Աստծո մոտիկությունն ավելի՛ որոշակի եմ զգում, քան՝ էս ինքնաթիռից, եւ չնայած մի պահ էս բարձրության վրա Աստծո գոյությունն ու կարեւորությունը շատ հստակ զգացի, բայց դուք վկա եք, որ էդ հստակ զգացողությունս ընդամենը վախիս ու սարսափիս ծնունդն էր, եւ դրանից հետո՝ երբ արդեն սկսեցի աղոթքներ ու աղերսներ հղել առ Աստված, հանկարծ զգացի, որ խոսքերս ոչ մի կերպ հասցեատիրոջը չեն հասնում ո՛չ թե էն պատճառով՝ որ թեւի դղրդոցն ու չխկչխկոցն են խանգարում, ոչ թե էն պատճառով՝ որ լուսամուտները հարյուր տոկոսով հերմետիկ են, այլ ընդամենն է՛ն պարզ պատճառով, որ ինքնաթիռն աղոթքներիս ու կոնտակտներիս համար չափազանց անսովոր տեղ է, եւ քանի որ ընդամենը ժամուկես հետո Աստծո կամքով Երեւան ու տուն ենք հասնելու, ես առանձնապես ջանք չեմ գործադրում՝ ինտեգրվելու էս ժամանակավոր միջավայրին, մանավանդ որ՝ դա ո՛չ միայն անիմաստ է, այլեւ անհնարին՝ հենց թեկուզ ժամանակի սղության պատճառով, եւ առավել հնարավորն իմ տնական ու մշտական զգացողություններն էստեղ՝ էս ինքնաթիռ տեղափոխելն է, ու էս բանը մտածելով՝ հիմա հիշեցի՝ ինչպես էր յոթանասունականների վերջերին Շառոյան Ռոլանդն Արեշի իր վարձով տանն առավոտից իրիկուն քոքում «Գյուղական ձայներ» կոչվող ձայնասկավառակը, որպեսզի էդ գյուղական հնչյունների ներքո պատմվածք գրեր, եւ էդ գյուղական հնչյունների ուղեկցությամբ իր գրած էդ պատմվածքները շատ էլ լավ էին ստացվում, ու էդպես՝ իրենց Աշնակի աքաղաղների կանչերը, կովերի բառաչն ու ամեն-ամեն ինչ Երեւան ու Արեշ տեղափոխելով՝ Ռոլանդն ինքն իրեն իր մանկության օրրանն էր տեղափոխում, ավելի ճիշտ՝ իր մանկության օրրանը տեղափոխում էր Երեւան ու Արեշ, եւ չնայած էդ ձայնասկավառակի ձայները կոնկրետ ռուսակա՛ն մի գյուղի ձայներ էին, եւ չնայած էդ ձայնասկավառակի վրա գրված էր՝ «հպսՖրՍՌպ չՏսՏրՈ», այդուհանդերձ, գյուղական էդ հնչյունների ներքո գրված Ռոլանդի մանկության տպավորությունները, որ էդ թվերին վրա-վրա տպագրվում էին «Ծիծեռնակում», լավ էլ բնական էին ստացվում, որովհետեւ ռուսական գյուղը հայկականից ընդամենը լանդշաֆտով ու բնակիչներով է տարբեր, եւ, Ռոլանդի ու «Ծիծեռնակի» էդ թվերի ընթերցողների բախտից, ռուսական ու հայկական գյուղերն ընտանի կենդանիների ու նրանց ձայնային ինտոնացիաների առումով, կարելի է ասել, մեկին մեկ նույնն են, այսինքն, ռուսական ու հայկական աքլորները նույն կերպ են կանչում, ուլերը նույն կերպ են մկկում, կովերն իրար նման են բառաչում, բայց երբ Ռոլանդի էդ ձայնասկավառակը պտտվելով-պտտվելով՝ նաեւ գորտերի կռկռոցն էր բերում, Ռոլանդն անմիջապես անջատում էր նվագարկիչն ու ասում էր՝ «էս գորտերը համը հանում են», եւ երբ հարցնում էի՝ «ինչի՞», Ռոլանդն ասում էր՝ «որովհետեւ Աշնակ գորտ չկա», ու հիմա էդ ամենն էս օդի մեջ հիշելով ու ձեզ տեղեկացնելով՝ անպայման ուզում եմ ձեզ նաեւ տեղյակ պահել, որ չնայած Ռոլանդի էդ ձայնասկավառակն անձամբ եմ լսել, եւ իմ ու իր էդ խոսակցությունն էլ իսկապե՛ս եղել է, այդուհանդերձ, գյուղական մերթ զվարթ ու մերթ չափազանց թախծոտ էդ հնչյունների ներքո իր ստեղծագործելն անձամբ չեմ տեսել է՛ն պարզ ու հասկանալի պատճառով, որ ստեղծագործական պրոցեսը չափազանց անձնական, ես կաեսի՝ ներանձնական պրոցես է եւ սովորաբար կողմնակի մարդկանց բացակայության պայմաններում է տեղի ունենում ու կայանում, եւ որ գյուղական էդ քաղցրալուր հնչյունների ներքո Ռոլանդի ստեղծագործելը նկարագրեցի, անձամբ Ռոլանդից լսածս ու անձամբ ի՛ր պատմածը նկարագրեցի, եւ որ իր ու իր էդ պլաստինկայի մասին էս անբնական օդի մեջ ու կողմնակիների ներկայությամբ հաջողացրի էսքան պարզ հիշել ու էսքան սահուն նկարագրել, պատճառն էն է, որ իմ կողմնակիներն արդեն քնած են՝ հետեւում Մարինեն, իսկ առջեւում՝ գրկի երեխան ու ջահել ծնողները, իսկ ինչ վերաբերում է մեր թարգմանչուհի Նունեին, վերջինս տեւականորեն ու շարունակաբար ընկղմված է ֆրանսերեն-ռուսերեն չափազանց հաստափոր բառարանի մեջ, որն, այնուամենայնիվ, յոթանասուն եվրոյով վերջին պահին առավ, եւ քանի որ էդ գրախանութն առավոտյան մի քիչ ուշացումով բացեցին, քիչ էր մնում՝ Նունեի բառարանի պատճառով ինքնաթիռից ուշանայինք, բայց Գասպարյան Համլետն իր մեքենայով բարեբախտաբար րոպեի ճշտությամբ մեզ օդանավակայան հասցրեց, ու էս «բարեբախտաբարն» է՛լ է առայժմ պայմանական ու հարաբերական, որովհետեւ ինքնաթիռի իմ կողմի էս ձախ թեւի դխկդխկոցն ու չխկչխկոցը շարունակվում են, եւ եթե Ռոլանդի էն ձայնասկավառակը չհիշեի, էս ձախ թեւի դխկդխկոցներով ու չխկչխկոցներով էի տարված մնալու, բայց Ռոլանդի ձայնասկավառակի կչկչոցներն ու մկկոցները մեկ առ մեկ մեջս լցվելով՝ ներսիցս վանեցին ու դուրս մղեցին ձախ թեւի էս անցանկալի չխկչխկոցներն ու դխկդխկոցները, եւ կողմնակիներն էլ, ահա, քնած են, այսինքն՝ ստեղծագործելու միանգամայն ընտիր պայմաններ են, մանավանդ որ՝ Նունեն էլ իր էդ յոթանասունեվրոյանոցի մեջ է անդառնալիորեն ընկղմված, եւ եթե ես իրեն էդ գործից չշեղեմ, ինքն ինձ հաստատ չի շեղի:

Այնուամենայնիվ, շեղեցի ու ժամը հարցրի, եւ ինքը շատ չոր ու առանց երեսիս նայելու՝ ժամն ասաց, եւ երեսիս չնայելու պատճառն էլ ո՛չ էնքան իր ներսուզված լինելն էր, այլ այն, որ էդ յոթանասունեվրոյանոցի կապակցությամբ շատ էի փնթփնթացել, որովհետեւ, էլի եմ ասում, իր էդ բառարանի պատճառով հայ-հայ էր՝ ինքնաթիռից ուշանայինք, եւ, չնայած բիձայական էդ փնթփնթոցիս, Նունեն, այնուամենայնիվ, ժամն ասաց, ու ես արդեն վստահ եմ, որ, եթե Աստված կամենա, ամենաուշը մի ժամից կլինեմ մեր տանը, ավելի ճիշտ՝ Երեւանում, իսկ ավելի կոնկրետ՝ Փարաքարում, իսկ ավելի փաստացի՝ էս հերմետիկ տարածքի համեմատությամբ Փարաքարը, Երեւանն ու մեր տունը դեռեւս ու թերեւս նույնն են, եւ ամենատարօրինակն էն է, որ հիմա արդեն առանձնապես չեմ շտապում ու անհանգիստ էլ չեմ, մանավանդ որ՝ մեր թարգմանչուհի Նունեի էս հաստափոր բառարանի մասին խոսելիս եւ ինքնաթիռից մեր ուշանալու անհանգստությունս ձեզ փոխանցելիս՝ հանկարծակի ու հընթացս հիշեցի, թե ինչո՞ւ հերթական անգամ ընթացիկ նյութիցս շեղվելով՝ սումգայիթյան մեր բանակային կյանքին ու անձամբ Շաբլովսկուն անդրադարձա, մինչդեռ ընդամենը մի քանի րոպե առաջ էս թղթերս շուռումուռ տալով ու հետ-հետ գնալով՝ ոչ մի կերպ չէի գտնում էն էջս ու էն տողս, որտեղից սկսած՝ ընթացիկ նյութիցս շեղվեցի ու Շաբլովսկուն անցա, բայց հիմա, ահա, Նունեի յոթանասունեվրոյանոց բառարանին ու ինքնաթիռից ուշանալու անհանգստությանս անդրադառնալով՝ միանգամայն պատահաբար ու բախտի բերմամբ հիշեցի, որ շեղվելուս ու Շաբլովսկուն հիշելուս բուն պատճառն իմ՝ սյուժեի առումով անընդհատ կրկնվող մի քանի տեսակի երազներն էին, որոնցից միայն մեկը՝ ֆուտբոլայինն է զվարթ ու հաճելի, մինչդեռ մյուսներն, ընդհակառակը, միանգամայն տհաճ եւ նույնիսկ ահաբեկիչ են, եւ էդ մյուսներից մեկն էլ հենց է՛ն երազս է, որի միանգամայն գունավոր էկրանին դեռեւս բանակային համազգեստով եմ ու դեռեւս բանակիս օրերն ու ժամերն եմ հաշվում, եւ էդ երազիս լավ կողմն է՛ն է, որ էդ երազիս էկրանին միանգամայն ջահել եմ՝ ընդամենը քսաներկու տարեկան, ու էդ երազիս մյուս լավ կողմն է՛ն է, որ արթնանալով ու երազս ընդհատելով՝ ի խորոց սրտի ուրախանում եմ, որ բանակային սռոկս վաղուց թոթափել ու վաղուց Երեւանում եմ, ու էս առումով կարող եմ նաեւ ասել, որ լավ երազները միշտ վատ ավարտ են ունենում, իսկ վատերն, ընդհակառակը, միանգամայն բարի են ավարտվում՝ էն իմաստով, որ լավ երազից կտրվելով ու արթնանալով՝ ի խորոց սրտի ափսոսում ես, որ էդ ամենն ընդամենը երազ էր, եւ իմ ֆուտբոլային թեքմամբ երազներից հետո մշտապես էդ խորը ափսոսանքն եմ ունենում, մտածելով, որ ահա՝ ընդամենը մի քանի վայրկյան առաջ միանգամայն ռմբարկու ֆուտբոլիստ էի, իսկ հիմա վերստին զարթնել ու վերստին ոչինչ եմ, եւ բանակային թեքմամբ երազներիս դեպքում ճիշտ հակառակն է. երազիս ողջ ընթացքում օրերը, ժամերն ու նույնիսկ րոպեներն եմ տառապանքով հաշվում, բայց վերստին իրականության մեջ արթնանալով՝ ուրախությամբ ու բոլորեքյան իրազեկվում եմ, որ բանակի օրերը, ժամերն ու րոպեներն անվերադարձ անցել են, եւ հոգուս խորքում նույնիսկ ցավ էլ եմ զգում, որ ոչ միայն բանակիս մի տարին է անվերադարձ չքվել, այլեւ՝ բոլոր հիսուներեք տարիներս, եւ հիմա Նունեի բառարանի պատճառով ինքնաթիռից ուշանալու անհանգստությունս ձեզ փոխանցելով՝ հիշեցի, որ սյուժետային ու շարունակական երրորդ երազս էլ է՛ն երազս է, որի ընթացքում միշտ ինքնաթիռից ուշանում եմ ու միշտ թախծոտ հայացքով ճանապարհում եմ արդեն օդում սավառնող ու ամպերի արանքներից հազիվ նշմարվող իմ ինքնաթիռին, որի տոմսերը գրպանումս են, եւ էս սյուժեով երազներս իմ կողմից միանգամայն ապրված են, որովհետեւ իրական կյանքում ինքնաթիռից ուշանալու դեպք իսկապես հետս տեղի է ունեցել, ընդ որում՝ ո՛չ թե մեկ, այլ՝ երկու անգամ. առաջին անգամ բանաստեղծ Ղազարյան Արտաշի հետ Նովոսիբիրսկ-Երեւան ինքնաթիռից ուշացանք ութսունմեկ թվականին, ավելի ճիշտ՝ ո՛չ թե ինքնաթիռից ուշացանք, այլ ռեգիստրացիայի հերթի մեջ երկու ռուս աղջկերքի խոսացնելով ու հետները խոսքի բռնվելով՝ հանկարծակի տեղեկացանք, որ ռեգիստրացիան ավարտվել է ու մենք այլեւս իրավունք ու հնարավորություն չունենք ինքնաթիռ ոտք դնել, եւ ինքնաթիռից երկրորդ ուշանալս էլ ութսունչորսի հունիսին էր, երբ Մոսկվայի Գորկու անվան ինստիտուտի առաջին կուրսս ավարտելով՝ ամառային արձակուրդ՝ Երեւան պիտի թռչեի, բայց Ռոդիոնով Սանյայի ու երկու ուրիշների հետ խմելով ընկա եւ, ինչպես հայտնի անեկդոտի հերոսն է ասում, ընդամենը տասը րոպե ուշացա իմ իսկ ինքնաթիռից, եւ եթե էս դեպքում ուշանալուս բուն պատճառն ի՛նքս էի, Նովոսիբիրսկի ու Արտաշի դեպքում հիմնական մեղքը պետությանն ու բարքերինն էր, եւ չնայած էսօրվա օրով Սովետի կյանքից մի գլուխ օրինակելի օրինակներ ենք բերում, բայց էդ ժամանակները տեսածներս լավ էլ հիշում ենք, որ հատկապես էդ ժամանակներում էին ինքնաթիռի մի տեղի վրա մի քանի տոմս ծախում՝ մանավանդ է՛դ աշուն Նովոսիբիրսկում, որովհետեւ հայ խոպանչիք մանավանդ էդ կողմերում բազմահազար էին, եւ չնայած էդ բազմահազարները լավ էլ հարմարվել էին էդ տեղերին ու իրենց շատ լավ էին զգում, այդուհանդերձ, ավանդապաշտ էին եւ իրենց բեռուբոխչով շտապում էին հայրենիք՝ իրենց օրինական ընտանիքների գիրկը վերադառնալ եւ, հանուն իրենց վեհ նպատակի, պատրաստ էին կրկնակի ու եռակի վճարել Նովոսիբիրսկ-Երեւան ինքնաթիռի տոմսի դիմաց, եւ ես ու Արտաշն էդ ամեն ինչից անտեղյակ, ռեգիստրացիայի էդ երկարավուն հերթի մեջ միանգամայն անհոգ կանգնած՝ մեր արեւին աղջիկ էինք խոսացնում, եւ ահա ռեգիստրացիան անսպասելիորեն ու ողբերգականորեն ավարտված ու փակված հայտարարվեց, իսկ հաջորդ ռեյսը երեք օր հետո էր, իսկ իմ ու Արտաշի գրպանները՝ դափդատարկ, մինչդեռ ինքնաթիռից էդ երկրորդ ուշանալս միանգամայն հետաքրքիր ու բովանդակալից շարունակություն ունեցավ, որովհետեւ Մոսկվա-Երեւան ինքնաթիռից ուշանալով եւ գլխիկոր հանրակացարան վերադառնալով՝ մեր Գորկու ինստիտուտի ռեկտոր Պիմենովի քարտուղարուհի Նինային հանրակացարանի իր սենյակում միանգամայն մենմենակ գտա եւ Նինային մենմենակ ու տխուր իր իսկ սենյակում հայտնաբերելով՝ երկու շաբաթով հետաձգեցի Երեւան ու արձակուրդ մեկնելս, բայց իմ ու Նինայի հարաբերությունների մեջ էս պահին առանձնապես չեմ խորանա, ինչպես նաեւ չեմ անդրադառնա իմ ու Արտաշի նովոսիբիրսկյան արկածներին ո՛չ միայն էն պատճառով, որ մեր էս Փարիզ-Երեւանն ահա-ահա վայրէջք է կատարելու, այլեւ է՛ն պատճառով, որ իմ ու Նինայի էդ անակնկալ երկշաբաթյա երջանկությանը եւ իմ ու Արտաշի նովոսիբիրսկյան արկածներին հետագայում ամենայն մանրամասնությամբ եմ անդրադառնալու: Եթե, իհարկե, Աստված կամենա:

Էս պահի դրությամբ՝ Աստված կամեցավ, որ «Արմավիայի» մեր էս ինքնաթիռը միանգամայն փափուկ վայրէջք կատարի, եւ հենց որ մեր ինքնաթիռը փափկորեն քսվեց Հայաստանի հինավուրց գետնին, ինքնաթիռում գտնվող շուրջ տասնհինգ հոգիներս ոգեւորված ծափահարեցինք, եւ չնայած Երեւանից Փարիզ թռչելիս է՛լ էինք ծափահարել, եւ չնայած բազմիցս եմ ինքնաթիռ նստել ու բազմիցս եմ վկա եղել, որ վայրէջքի առաջին իսկ պահին ուղեւորները միահամուռ ծափահարում են, բայց հիմա նոր եմ մտածում ու հասկանում, որ միահամուռ ծափահարողներս ո՛չ միայն էկիպաժին ենք ծափահարում, այլեւ ու առաջին հերթին՝ մեր մինուճար Աստծուն, եւ ըստ էության հաշվի առնելով ու հաշվելով մյուս բոլոր անցանկալի տարբերակները՝ միահամուռ ու ոգեւորված ծափահարողներս վերջնականապես ենք հասկանում ու հավաստիանում, որ վերջապես ու վերջնականապես փրկված ենք:

Հիմա արդեն Երեւանում եմ, ու Երեւանում ամեն ինչ առաջվանն է:

Ամեն անգամ ինձ թվում է, թե բացակայությանս ընթացքում ինչ-ինչ էական փոփոխություններ տեղի ունեցած կլինեն, բայց ամեն անգամ Երեւան վերադառնալով ու ամեն ինչ անփոփոխ գտնելով՝ հանգստանում ու վերստին հիմնական հունիս մեջ եմ մտնում, ու էս անգամ էլ է էդպես, ավելին՝ էս անգամվա բացակայությունս առանձնապես չի էլ իմացվել, քանի որ էս անգամ չափազանց անաղմուկ ու գաղտագողի Փարիզ թռանք, որովհետեւ էդ անթոլոգիայում մերոնցից տասնութ բանաստեղծներ էին տպագրվել, բայց ընդամենը երեքիս էին Փարիզ հրավիրել, ու մենք ավելորդ աղմուկից ու ավելորդ նաֆսերից խուսափելով՝ միանգամայն անաղմուկ ու թաքուն Փարիզ թռանք, եւ չնայած հրավիրելը հրավիրողի՛ իրավունքն ու գործն է, եւ չնայած հրավիրո՛ղն է իր հրավերի ողջ պատասխանատվությունը կրողը, այդուհանդերձ, մենք մեզ մի տեսակ անհարմար էինք զգում, որ հենց մենք ենք հրավիրվողը, ու «մենք» ասելով՝ էս դեպքում հատկապես ու առանձնապես ի՛նձ նկատի ունեմ, այսինքն, հատկապես ե՛ս էի անհարմար զգում, որովհետեւ ուղիղ հինգ տարի առաջ բանաստեղծությունը վերջնականապես թարգած՝ ահա մի ամբողջ շաբաթ մի ամբողջ բանաստեղծական տեղ էի զբաղեցրել ինքնաթիռում, Մարսելում, Փարիզում, Փարիզի մեր «SAPHIR» հյուրանոցում եւ այլ տեսարժան ու դիտարժան վայրերում, ուր իննսունչորսին մի անգամ արդեն եղել էի, եւ իննսունչորսին էդ նույն տեղերում լինելս ավելի ու ավելի էր խորացնում մեղքի ու մեղավորության զգացումներս, բայց հիմա, ահա, վերստին վերադարձած ու վերստին հանգստացած եմ, որովհետեւ արդեն հասկացել եմ, որ Երեւանից մի շաբաթով բացակայելս առանձնապես չի էլ նկատվել, եւ հիմա արդեն բանաստեղծ լինելս էլ չեմ հիշում ու վերստին ուղնուծուծով էս արձակիս մեջ եմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել