Լրահոս
Օրվա լրահոսը

Սկզբում՝ բոլոնիական համակարգը, հետո՝ կարգը

Հունիս 30,2007 00:00

Հայաստանյան բուհերը աշխատում են «ճաշից հետո մանանեխ» սկզբունքով

Հայաստանյան բուհերը լիովին իրազեկ չեն կրթության որակի գնահատման եվրոպական չափանիշներին, կրեդիտները մեր երկրի կրթության բնագավառում իրենց նպատակին չեն ծառայում, գործող Սահմանադրությունը եւ ոչ ճկուն ուսումնական ծրագրերը խոչընդոտում են հայ ուսանողների միջբուհական տեղափոխություններին: Օրերս «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված «Բոլոնիայի գործընթացով դեպի եվրոպական բարձրագույն կրթական տարածք. Բերգենից Լոնդոն» թեմայով սեմինարին այս խնդիրները շեշտվեցին: Դրանք բացահայտվել են Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի եւ Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների կենտրոնի 2007թ. իրականացված հետազոտության արդյունքում: Միջոցառմանը ներկա ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ վերջերս Լոնդոնում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ մշակվել է Բոլոնիայի հռչակագրին միացած երկրներում 2010-2020 թթ. իրականացվելիք բարեփոխումների ծրագիրը: «Հիմնական մտահոգությունն այն է, որ բարեփոխումների գործընթացը չդառնա երկրի էլիտար վերնախավի սեփականությունը, այլ տեղայնացվի բուհերում եւ ուսանողական լայն շրջանակներում»,- շեշտեց նա:

«Կարծում եմ, առաջարկները չեն մնա թղթի վրա, եթե բուհերի ղեկավարների կողմից բարեփոխումներ իրականացնելու կամք ցուցաբերվի: Մեր բուհերի հիմնական թերությունն այն է, որ դրանք կյանքի կոչելու համար համապատասխան կադրային կազմ չունեն, եւ այդ գործը կատարում են առանձին անհատներ»,- «Առավոտին» հայտնեց Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Բուդաղյանը: «Առանձին անհատները չեն կարող այնպիսի բարդ գործընթաց իրականացնել, ինչպիսին Բոլոնիայի հռչակագրի սկզբունքներին համապատասխան կրթական բարեփոխումներն են: Մենք ունենք թիմ եւ վերջերս մշակել ենք մեթոդական ցուցումներ, թե ինչ ուղղություններով ենք իրականացնելու բարեփոխումները: Մյուս կողմից էլ, մենք դեմ ենք այն մոտեցմանը, որ մեր եղածի վրա պիտի խաչ քաշենք եւ ամբողջությամբ ընդունենք եվրոպական կրթական սկզբունքները»,- «Առավոտին» ասաց Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանը: Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն էլ արձագանքելով Ա. Բուդաղյանի քննադատական դիտարկմանը՝ գովեց իր ղեկավարած բուհը. «Հնարավոր է այլ բուհերում բարեփոխումների իրականացման հանդեպ համակարգային մոտեցում չի ցուցաբերվում, բայց մեզ մոտ թիմային աշխատանք է տարվում: Իսկ սխալները, որ մինչ այժմ այս ոլորտում թույլ են տրվել, արդյունք են ամերիկյան կամ եվրոպական կրթական մոդելի մեխանիկական թարգմանության եւ ներդրման»: Մասնագետների մի մասը պնդում է, որ Հայաստանը բարեփոխումների առումով առաջ է Անդրկովկասի մյուս երկրներից: Փոքրաթիվ չեն նաեւ հակառակ կարծիք ունեցողները: Մի զավեշտալի փաստ՝ 1 տարի է՝ հայաստանյան բուհերում ներդրվել է կրեդիտային համակարգը, սակայն այդպիսի ուսուցման կազմակերպման կարգը 10 օր առաջ է մշակվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել