Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՕՊԵՐԱՅԻՆ ԿՐՔԵՐ

Հունիս 30,2007 00:00

\"\"Կադրերի փոփոխությունների մասին լուրերը խանգարում են թատրոնի աշխատանքին

«Առավոտին» հայտնի դարձավ, որ Ազգային օպերային թատրոնում հունիսի 26-ին կայացած Ռախմանինովի «Ալեկո» օպերային ներկայացման նախօրեին միջադեպ է եղել: Դիրիժոր Կարեն Դուրգարյանը անհարգալից է վարվել երգչախմբի արտիստների հետ: Վերջիններս էլ բողոքել են տնօրեն Կամո Հովհաննիսյանին: Նա էլ խնդրել է պրոբլեմներ չստեղծել:

Պարզվում է՝ Կ. Դուրգարյանը միայն վերջերս է «հայտնաբերել», որ շուրջ երկու տարի առաջ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնից հրավիրված ռեժիսոր Իռկին Գաբիտովի բեմադրությամբ օպերայի սկզբում՝ երգչախմբի կողմից արտաբերված «Աստված» բառի փոխարեն պետք է լինի «աշխատանք»: Պուշկինի «Ալեկո» պոեմի հիման վրա գրված Ռախմանինովի համանուն օպերայում, որի լիբրետոյի հեղինակն է Նեմիրովիչ-Դանչենկոն, մինչեւ Ստալինի իշխանության գալը, «Աստված» բառն է եղել եւ հետագայում է փոխարինվել «աշխատանք» բառով: Կ. Դուրգարյանն էլ է ուշացումով պահանջել երգչախմբից, որ «Աստծո» փոխարեն «աշխատանք» երգեն: Օպերային մոտ կանգնած «Առավոտի» աղբյուրը կարծում է, որ դիրիժորը մեկ բառի պատճառով «մեկ բաժակ ջրում փոթորիկ չէր բարձրացնի», եթե նրա նյարդերը վերջին շրջանում գերլարված չլինեին: Բանն այն է, որ Դուրգարյանը շատ է ցանկանում դառնալ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ համատեղելով գլխավոր դիրիժորի պաշտոնը, սակայն համառ են լուրերը, որ այդ պաշտոնում կնշանակվի մեկ ուրիշը՝ ճանաչված բաս Բարսեղ Թումանյանը: «Առավոտի» հարցին՝ կուզենա՞ր դառնալ թատրոնի գեղարվեստական ղեկավար, պրն Դուրգարյանը հրաժարվեց պատասխանել:

Օպերային թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամներից մեկը, որի անունը իր խնդրանքով չենք հրապարակում, «Առավոտին» հայտնեց, որ թատրոնում տեղի ունեցող խմորումների պատճառը առաջին հերթին գեղարվեստական խորհրդի չգործելն է: Այդ կառույցը պիտի զբաղված լիներ ստեղծագործական պրպտումներով, կադրերի, խաղացանկի հարցերով, հակառակ դեպքում 1999թ. սեպտեմբերից Գեղամ Գրիգորյանի՝ թատրոնում որպես գեղարվեստական ղեկավար հայտնվելուն պես, նրա ինքնակամ որոշման արդյունքում խաղացանկից չէին հանվի Տիգրանյանի «Անուշը», Չուխաջյանի «Արշակ Երկրորդն» ու «Լեբլեբիջին», Վերդիի «Օթելլոն», Լեոնկավալոյի «Պայացները», Դոնիցետիի «Պողիկտոսը»: Հիշեցնենք, որ դրանց բեմադրական աշխատանքները ֆինանսավորվել են նաեւ պետության կողմից:

«Առավոտի» հարցին՝ լեւոնյանական ներկայացումները ինչքա՞ն են «նստել» պետության վրա, մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գ. Դուրգարյանն ասաց, որ այդ մասին փաստաթղթերը պահվում են ազգային արխիվում եւ ժամանակ է պահանջվում դրանց ծանոթանալու համար, հետո էլ հավելեց. «Կոնկրետ թատրոնի ստեղծագործական աշխատանքներում պատասխանատու է միայն գեղարվեստական ղեկավարը եւ գեղարվեստական խորհուրդը: Նախարարությունը կարող է հանդես գալ միայն խորհրդատուի կարգավիճակով, բայց ոչ երբեք գեղագիտություն պարտադրելով»:

Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանից էլ հետաքրքրվեցինք՝ ի վերջո կա՞ գեղխորհուրդ, թե՞ այն ձեւական բնույթ է կրում: Հարցն ակնհայտորեն դուր չեկավ տնօրենին, որովհետեւ այսպես պատասխանեց. «Գեղխորհրդի նախագահը Գեղամ Գրիգորյանն է, անդամների ցանկն էլ անգիր չեմ հիշում, եթե գաք՝ կտրամադրեմ, կկարդաք»:

Երգիչ Գ. Գրիգորյանի արվեստը հայտնի եւ գնահատված է աշխարհում, իսկ այն փաստը, որ վերջերս Ա. Տիգրանյանի «Արշակ Երկրորդ» օպերայի պրեմիերայից հետո «Առավոտի» հետ կարծիք չկիսեց մասնագետներից եւ ոչ մեկը, մտահոգության առիթ է տալիս: Ի դեպ, Գ. Գրիգորյանը պատրաստվում է սեպտեմբերին էլ արվեստասերների դատին հանձնել իր հերթական բեմադրությունը՝ Տ. Չուխաջյանի «Դավիթ-Բեկ» օպերան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել