Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քննվում են սպանության գործերը

Հունիս 30,2007 00:00

Տեղեկատվություն դատարաններից

Կոմանդոսի տղայի պատիժը՝ անփոփոխ

Երեկ ՀՀ քր. եւ զին. գործերով վերաքննիչ դատարանում Արթուր Պողոսյանի նախագահությամբ ավարտվեց Թաթոս Համբարձումյանի («Թումանյանի Թաթոս») եւ Հայկ Տեր-Թադեւոսյանի (Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմանդոսի որդու) գործի քննությունը: Նրանք մեղադրվում էին 25-ամյա Էրիկ Ասատրյանի սպանության համար: Սպանությունը տեղի էր ունեցել անցյալ տարվա ապրիլի 12-ին: Տուժողի քույրը եւ Երեւանի դատախազությունը վերաքննիչ բողոք էին բերել առաջին ատյանի դատավճռի դեմ՝ դժգոհ մնալով չափից դուրս մեղմ պատժաչափից: Հիշեցնենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը Էրիկ Ասատրյանին սպանելու համար նրանց դատապարտել էր համապատասխանաբար 12 եւ 4,5 տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց դատավճիռը: Վերջին երկու դատական նիստերին ամբաստանյալները հրաժարվել էրն պատասխանել իրենց ուղղված հարցերին:

Երեկ Է. Ասատրյանի իրավահաջորդներն «Առավոտին» ասացին, որ դիմելու են վճռաբեկ դատարան:

Դատավճիռը՝ երկուշաբթի

Երեկ 30 վայրկյան տեւեց Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի շրջիկ նիստը, որը տեղի է ունենում արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (Լեւոն Արազյանի նախագահությամբ): Ամբաստանյալ Գեղամ Բադալյանի դատավճիռը կհրապարակվի երկուշաբթի օրը: Նա անցյալ տարվա օգոստոսի 30-ին գյուղապետարանի շենքի դիմաց սպանել էր Դալար գյուղի գյուղապետ Տիգրան Պետրոսյանին:

Ամբաստանյալն ասաց, որ կատարվածի համար զղջում է:

Մանվել Գրիգորյանի ճառը

Երեկ ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը (Արշակ Խաչատրյանի նախագահությամբ) ավարտեց Տավուշի մարզի Չինար գյուղի «Ցիցքար» կոչվող տարածքում հրամանատար Կարապետ Դավթյանի սպանության գործը: Պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Սանթուր Չոբանյանի պաշտպան Զոյա Հակոբյանը, որը միջնորդեց անփոփոխ թողնել առաջին ատյանի կայացրած դատավճիռը: Ըստ այդ դատավճռի, Սանթուրը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման:

Մեղադրանքի կողմը ճառի ժամանակ բաժանվեց երկու հակադիր կողմերի. սպանվածի ներկայացուցիչ-փաստաբանները՝ Յուրա Խաչատրյանն ու Ենոք Ազարյանը պահանջում էին գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության եւ հոդվածը փոխել, իսկ մեղադրող Մանվել Գրիգորյանը ամբաստանյալի կողմն անցավ՝ պահանջելով անփոփոխ թողնել դատավճիռը: Տուժող կողմը բացարկ հայտնեց մեղադրողին՝ նրա «պաշտպանական» ճառից հանկարծակիի գալով: Պարզվեց, որ Մանվել Գրիգորյանին երկրորդ անգամ է բացարկ հայտնվում: Սակայն բացարկը մերժվեց: Դատարանն անփոփոխ թողեց դատավճիռը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել