Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԱՀԱՐՈՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՓԱԽԱՎ ԴԱՏԱՐԱՆԻՑ

Հունիս 30,2007 00:00

\"\"«Չեմ ուզում չարածիս համար նստել»,- ասում է նա:

«Արդշինինվեստ» ՓԲԸ «Մալաթիա» մասնաճյուղից անցյալ տարվա հունիսի 30-ին 460 պարկի մեջ լցված հափշտակվեց 62.050.713,37 դրամին համարժեք 56.503 ԱՄՆ դոլար, 2640 եվրո, 160 ֆունտ ստեռլինգ, 44.070 ՌԴ ռուբլի եւ 36.199.374 ՀՀ դրամ գումար: Բանկի մասնաճյուղից գողացվել էին նաեւ 202.564.450 դրամ արժողության ոսկյա իրեր:

Այս տարվա հունիսի 19-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում մեղադրողը՝ Մանուչար Մինասյանը, Ահարոն Հակոբյանի համար միջնորդեց 10 տարվա ազատազրկում: Մեղադրողի միջնորդությունից հետո Ահարոնը դիմել էր փախուստի: Թե դա նրան ինչպես հաջողվեց, անգամ նրա պաշտպանը՝ փաստաբանների պալատի անդամ Արմեն Մանուկյանը չգիտեր: Փաստաբանին հաջորդ օրը կանչեցին Արաբկիրի ոստիկանության բաժնի պետի տեղակալ Հայրապետ Վարդանյանի, ապա՝ Երեւան քաղաքի ոստիկանապետի տեղակալ Աշոտ Միրիջանյանի մոտ: Նրանց հետաքրքրում էր, թե արդյոք փաստաբանը գիտե՞ր Ահարոնի փախուստի մտադրության մասին կամ գիտի՞ որտեղ է իր պաշտպանյալը:

Երեկ Ա. Մանուկյանն «Առավոտին» ասաց, որ իր պաշտպանյալը տեղյակ է եղել բանկում նախապատրաստվելիք գողության մասին: Նա նույնիսկ փորձել է կանխել, ամբաստանյալներին ասելով. «Բանկը հո պապիրոսի բուդկա չէ, որ հեշտությամբ թալանեք»: Սակայն նրան մեղադրանք չի առաջադրվել իմանալ-չհայտնելու մասով, այլ առաջադրվել է ավազակային հարձակման համար, որին Ահարոնը չի մասնակցել: Փաստաբանը տեղեկացրեց, որ նախաքննության փուլում Ահարոնի բողոքները տեղ չեն հասել, նա ապակիով անգամ կտրել էր իր երակները, պարանոցը, երբ փորձել են իրեն կապել գողության, ավազակային հարձակման հետ: Նա հաճախ է իր պաշտպանին ասել. «Չեմ ուզում դատվել չարածիս համար»:

Դատական նիստերից մեկի ժամանակ տուժող, ոստիկան Կնյազ Ենոքյանին երբ փաստաբաններն ասել են, թե նկարագրի քո վրա հարձակվողին, նա նկարագրել էր, թե ավազակը բոյով էր: Մինչդեռ Ահարոնը նրանից ցածրահասակ է: Ահարոնը, երբ դեռ չէր փախել, դիմել է այս նույն տուժողին, թե՝ «քո վրա հարձակվողը կարո՞ղ էի ես լինել»: Հետեւել էր տուժողի պատասխանը. «Քո ձայնը խռպոտ է, նրանը՝ նուրբ»:

Դատավոր Միքայել Գրիգորյանի նախագահությամբ ընթացող դատական նիստի ժամանակ մեղադրյալները հայտարարել էին, թե ավազակային հարձակում ընդհանրապես չի եղել, իսկ Ահարոնն էլ չի մասնակցել դրան:

Ըստ նախաքննական մարմնի նյութերի, բանկի պահպանության բաժնի ոստիկան Արսեն Հակոբյանն է կազմակերպել գողությունը: Նա դիմել է ընկերոջը՝ Արթուր Խանոյանին, որպեսզի վերջինս գտնի դռներ բացող մեկին: Հետագայում պարզվում է, որ դուռ բացելու ունակություն ունեցողը Սուրեն Հովհաննիսյանն է: Թաղապետ Մհեր Հովհաննիսյանի ազգական Սուրենը իր հերթին ներգրավում է գործի մեջ նախկինում դատված Արթուր Բաբայանին՝ «Կռիս» մականունով:

Ահարոն Հակոբյանին ճանաչում էր միայն Արթուր Խանոյանը, որն էլ նրան խնդրել էր իր հետ բերել «ինքնաձիգ հրազեն»: Ըստ գործի նյութերի, Ահարոնը երկու Արթուրների հետ բանկի դռան մոտ անցյալ տարվա հունիսի 27-ին դարանակալել էր մասնաճյուղի պահպանությունն այդ օրն իրականացնող ոստիկան Կնյազ Ենոքյանին: Սակայն տարօրինակ է, որ Կնյազը այդ դեպքի մասին չի պատմել իր վերադասին: Հավանաբար՝ այն պարզ պատճառով, որ դիմել էր փախուստի:

3 օր անց կազմակերպչի՝ Արսեն Հակոբյանի հերթապահության օրը՝ հունիսի 30-ին, տեղի է ունենում «ավազակային հարձակումը», առանց վնասելու որեւէ մեկին, անգամ բանկի դռան թիթեղակնիքը, նախապես պատրաստված բանալիներով բացվում է դրամապահոցը:

Տեղեկացնենք, որ Ահարոն Հակոբյանը նախաքննության փուլում փախուստի մեջ էր եւ 2006թ. հուլիսի 17-ին նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Այս տարվա հունվարի 21-ին Ահարոնը կալանավորվել էր, սակայն նա իրեն մեղավոր չէր ճանաչել: «Ազատության գինն ավելի թանկ է»,- ասել էր Ահարոնը, երբ բանկը թալանելու ծրագիր էր մշակվել եւ իրեն «գին էին առաջարկել»: Ահարոնի մոր կարծիքով, լրատվամիջոցներում իր տղայի անմեղության կանխավարկածն է խախտվում՝ այն դեպքում, երբ նա ընդամենը հանցագործության մասին իմացողն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել