Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ» ԴԵՄ ԷՐ 79 ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Հունիս 30,2007 00:00

Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Պետական տուրքի մասին» օրինագծերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերը:

Կարելի է փաստել, որ «Ազատությունն» առաջին ընթերցմամբ փակվեց, երկրորդ ընթերցումը տեղի կունենա երկուշաբթի: Քվեարկության պատկերը հետեւյալն է՝ 79 կողմ, 16 դեմ եւ 1 ձեռնպահ: Դեմ են քվեարկել «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները, անկախ Վիկտոր Դալլաքյանը, Խաչատուր Սուքիասյանը, Մարտուն Գրիգորյանը («Դաշինք» կուսակցություն): Ձեռնպահ՝ Դավիթ Հարությունյանը: Չեն քվեարկել Տիգրան Ստեփանյանը, Հրանտ Մադաթյանը, Մելիք Մանուկյանը, Աշոտ Աղաբաբյանը, Հակոբ Հակոբյանը («Պիվի»), Մյասնիկ Մալխասյանը (բոլորն էլ ՀՀԿ-ից), Մխիթար Մնացականյանը, Կարո Կարապետյանը, Արշակ Մխիթարյանը, Արմեն Աբրահամյանը, Արսեն Ավագյանը՝ բոլորն էլ ԲՀԿ-ից: Դաշնակցությունից չի քվեարկել Վահան Հովհաննիսյանը: Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները երեկ փորձում էին լրագրողների մոտ իրենց արդարացնելով բացատրել, որ օրինագծերը «Ազատությունը» չեն փակելու եւ ուղղված են ՀՀՌԸ-ի գործունեությունը կանոնակարգելուն: «Ժառանգությունն» իր հերթին երեկ եւս էներգիա եւ ջանք չխնայեց մեծամասնությանը նյարդայնացնելու համար, եւ կարծես հաջողվեց: Քվեարկությունը տապալելու ակնհայտ միտումով (ժամանակը ձգելով՝ հույս ունեին, որ կոճակ սեղմելու բերվածները կձանձրանան եւ կհեռանան) «Ժառանգություն» խմբակցությանը հաջողվեց ոմանց ափերից հանել: Հերթական 7 հարցից, նույնքան ելույթից եւ քվեարկություններից առաջ վարման կարգի վերաբերյալ 7 դիտողություն անելուց հետո «Ժառանգությունը» 20 րոպե ընդմիջում խնդրեց: ՀՀԿ-ի «բերման» ենթարկվածները ստիպված էին մնալ խորհրդարանում եւս 20 րոպե, մինչդեռ Դեմիրճյանի մուտքի մոտ նրանց թանկարժեք «ջիփերի» մեջ նստած վարորդները մեքենաների շարժիչները պատրաստ էին պահել, որ հենց «շեֆերը» մոտենան, էլ ժամանակ չկորցնեն եւ հեռանան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել