Լրահոս
Օրվա լրահոսը

Մի հետքայլի պատմություն

Հունիս 30,2007 00:00

«Ինչպիսի օրենք էլ ընդունվի, անընդունելի կլինի, եթե այդ օրենքի մեջ լինեն տարրեր, որոնք հետքայլ դառնան Հայաստանում խոսքի ազատության հարցերում»:

Երեկ այս մասին «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԳ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ ներկայացված այն երկու օրինագծերը, որոնց գործարկումը, բազմաթիվ գնահատումներով, մեծապես սահմանափակելու է «Ազատություն» ռադիոկայանի՝ Հայաստանում հեռարձակման հնարավորությունները: «Ինձ համար ցավ կլինի, եթե «Ազատություն» ռ/կ-ն հանկարծ եթերում չլինի: Ես կարծում եմ, որ «Ազատություն»-ը իր նպաստն է բերում ժողովրդավարությանը»,- վտանգի առջեւ հայտնված ռադիոկայանին առնչվող իր սրտառուչ գնահատականները շարունակեց Օսկանյանը: Հարցին, թե ՀՀ բարձրագույն ղեկավարությունն արդյոք կիսո՞ւմ է իր կարծիքը, ՀՀ արտգործնախարարը պատասխանեց. «Կարծում եմ՝ կառավարությունում կան մարդիկ, ովքեր կիսում են այն»: Ամենահետաքրքիրն այն էր, որ չնայած հանգամանքին, որ Օսկանյանն անընդունելի է համարում ՀՀ-ում խոսքի ազատության հարցերում հետքայլը, սակայն, դատելով նրա հետագա պարզաբանումներից, առնվազն ինքն անձամբ արդեն հաշտվել էր այդ հետքայլի հնարավորության հետ: «Ես ուշադիր հետեւում եմ այդ օրինագծերին առնչվող զարգացումներին, քանի որ գիտեմ, որ դրանց հետ կապված մեզ հարցեր են տրվելու, որոնց պետք է պատասխանել»,- ի զարմանս լրագրողների գոնե մի մասի, հայտարարեց Վարդան Օսկանյանը: Ի՞նչ է սա նշանակում: Միայն մեկ բան. միջազգային հանրությունը կամ առնվազն՝ դրա քաղաքակիրթ մասը Հայաստանին (կամ՝ որեւէ այլ երկրի) հարցեր է առաջադրում միայն այն դեպքերում, երբ հստակորեն արձանագրում է հետքայլի փաստը: Այսինքն՝ Օսկանյանը, չնայած առ «Ազատություն» ուղղված քնարական զեղումներին, արդեն երեկվա ասուլիսի պահին, գոնե ինքն իր համար, ճշտել էր, որ գործ ունի ակնհայտ հետքայլի հետ: Ուստի այդ պահից սկսած՝ Օսկանյանի համար կարեւորը ոչ թե բուն հետքայլի փաստն էր, այլ այն, թե ինչ կերպ նա պետք է այն պատճառաբանի Արեւմուտքի առջեւ:

Անդրադառնալով այլ թեմաների՝ Օսկանյանը «խիստ դրական» գնահատեց ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի այցը ԼՂ եւ ՀՀ: «Ես խիստ դրական եմ գնահատում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլու այցը Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան»,- ասաց նա: Անդրադառնալով նույն թեմային՝ Վ. Օսկանյանը նշեց «Ադրբեջանի մոտ քաղաքական կամքի բացակայության մասին», ինչը գլխավոր խոչընդոտն է հանդիսանում ղարաբաղյան կարգավորման գործընթացի առաջխաղացման համար: Երեկվա ասուլիսում ՀՀ ԱԳ նախարարը նշեց նաեւ, թե «եկել է ժամանակը կատարելու հաջորդ քայլը, որին Ադրբեջանը պատրաստ չէ»: ՀՀ ԱԳՆ ղեկավարը չբացառեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մոտ ապագայում կարող են հանդես գալ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ առանձին հանդիպելու նախաձեռնությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել