Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակում վաղը «Ազատություն» կլսեն

Հունիս 30,2007 00:00

Նիկոլ Փաշինյանը երեկ կոչ արեց միասին պայքարել խոսքի ազատության համար

«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը երեկ կրկին Ազատության հրապարակ էր հրավիրել իր համախոհներին եւ ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրին: Ու թեեւ ոչ մարդաշատ այս հերթական զանգվածային միջոցառմանը ոմանք ներկայացել էին Հայաստանում քաղբանտարկյալներ հայտարարված Ալեքսանդր Արզումանյանի, Արման Բաբաջանյանի, Վարդան Մալխասյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի դիմանկարներով, այդուհանդերձ, հրապարակում ծավալված քննարկման հիմնական թեման վերաբերում էր Հայաստանում խոսքի ազատության հերթական սահմանափակման ուղղությամբ ՀՀ իշխանությունների նոր քայլերին եւ երեկ ՀՀ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված այն օրինագծերին, որոնք միտված են Հայաստանում միակ այլընտրանքային տեղեկատվություն մատուցող էլեկտրոնային լրատվամիջոցի՝ «Ազատություն» ռադիոկայանի եթերազրկմանը: «Իշխանությունները հստակ գնում են ռադիոկայանը փակելու ճանապարհով, եւ մենք բոլորս գիտենք, թե ինչու են ուզում փակել «Ազատությունը». որովհետեւ այն, ըստ էության, միակ անկախ լրատվամիջոցն է, որը հասանելի է ՀՀ քաղաքացիների լայն շերտերին»,- հայտարարեց Ն. Փաշինյանը: Նա արձանագրեց, որ թերթերն այսօր փոքր տպաքանակ ունեն եւ շատ դեպքերում շրջաններ չեն հասնում, «ինչը նշանակում է, որ «Ազատությունն» այն միակ խոչընդոտն է, որը Հայաստանի իշխանություններին թույլ չի տալիս ՀՀ շրջանների բնակիչներին համոզել, թե իրենք ապրում են ազատ, երջանիկ ու բարեկեցիկ եւ հեռանկարային կյանքով, եւ խանգարում է Սերժ Սարգսյանին սուրբ ներկայանալ ժողովրդի առջեւ: Ես հույս ունեմ, որ այս գործընթացի համատեքստում մեզ որեւէ մեկը խորհուրդ չի տա հարցը չքաղաքականացնել, որովհետեւ այսօր երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած բոլոր հարցերը պահանջում են մեկ լուծում, եւ այդ լուծումը քաղաքական է»:

Անդրադառնալով քաղբանտարկյալների խնդրին՝ Ն. Փաշինյանն ասաց, որ նրանք այսօր անազատության մեջ են գտնվում շինծու մեղադրանքներով: Լրագրողի համոզմամբ, բոլորը պետք է հասկանան, որ հասարակության անտարբերությունը, հանրահավաքների ժամանակ հրապարակի դատարկությունն է, որ իշխանություններին թույլ է տվել երկիրը հասցնել այս վիճակին:

Երեկ Ազատության հրապարակում հայտարարվեց, որ հաջորդ զանգվածային միջոցառումը, որը նվիրված է լինելու խոսքի ազատության եւ «Ազատություն» ռ/կ-ի պաշտպանությանը, տեղի է ունենալու հաջորդ ուրբաթ, որին մասնակցելու են նաեւ մի շարք ընդդիմադիր կուսակցություններ, այդ թվում՝ «Այլընտրանքը», «Հանրապետություն» եւ ՀԺԿ կուսակցությունները, ըստ ամենայնի, նաեւ՝ «Ազգային միաբանությունը», ՕԵԿն ու ՆԺԿ-ն: Բայց մինչ այդ, նկատի ունենալով, որ երկուշաբթի օրը ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվելու եւ քվեարկության է դրվելու «Ազատության» հեռարձակումը վտանգող երկու օրինագծերի փաթեթը, Ն. Փաշինյանը անհրաժեշտ համարեց, որ ե՛ւ այսօր, ե՛ւ կիրակի օրը մարդիկ կրկին հավաքվեն Ազատության հրապարակում՝ որոշելու համար, թե ինչ պետք է անել երկուշաբթի օրը ԱԺ-ում ընդունվելիք որոշումը կանխելու եւ այդ ուղղությամբ խորհրդարանի վրա ճնշում կիրառելու համար:

Միջոցառումից հետո հավաքվածները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ եւ ապա վերադարձան Ազատության հրապարակ ու ցրվեցին՝ այսօր կրկին հավաքվելու ու նաեւ ռադիոկայանի երեկոյան հաղորդումը միասին Ազատության հրապարակում լսելու ակնկալիքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել