Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՃԱՆԿԱՐ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՑ

Հունիս 30,2007 00:00

\"\"Այսպես են պաշտպանվում կանանց եւ սեռական փոքրամասնությունների իրավունքները

Այսօր աղջիկ, վաղը…

Այս տարվա ապրիլի 17-ին ԵԽԽՎ 16 պատվիրակներ, որոնց մեջ է նաեւ մեր Հերմինե Նաղդալյանը, ստորագրել են մի հռչակագիր, որը կոչվում է. «Այսօրվա աղջիկների իրավունքները վաղվա կանանց իրավունքներն են»: Հռչակագրում մասնավորապես նշված է, թե ամեն օր ողջ աշխարհում որոշ աղջիկների իրենց կամքին հակառակ դրդում են սեքսուալ կամ ամուսնական հարաբերությունների կամ վաճառում իբրեւ ստրուկների: Փաստաթուղթը ստորագրողները պնդում են, թե ԵԽ անդամ երկրները անհապաղ պիտի վերջ դնեն աղջիկների նկատմամբ խտրականությանն ու բռնությանը: Պահանջ կա վերաիմաստավորել աղջիկների տեղը ընտանիքում, հասարակության մեջ եւ կրթության համակարգում ու փոխել այն կարծրատիպերը, որոնք վերաբերում են կանանց ավանդական «մասնագիտություններին»:

Ընդդեմ ամուսնական բռնաբարության

ԵԽԽՎ 12 պատվիրակներ էլ հունիսի 26-ին ստորագրել են մի հռչակագիր, որը կոչվում է. «Ամուսնական բռնություն»: Այս փաստաթուղթը ստորագրողները պնդում են. «Ամեն տարի միլիոնավոր կանայք են բռնաբարվում իրենց ամուսինների, զուգընկերների եւ նախկին զուգընկերների կողմից: Սակայն մեծ մասամբ այս բռնաբարությունների մասին չեն հաղորդում, եւ հանցագործները մնում են անպատիժ»: Հավելված է, թե սեքսուալ բռնության զոհ դարձած կանանց մեծ մասը չի հանդգնում դիմակայել սեփական ամուսիններին կամ զուգընկերներին՝ վախենալով, որ կկիրառվեն բռնության այլ ձեւեր: Եվ փաստաթուղթը ստորագրողները դիմում են Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին՝ «բարձրացրեք լռության քողը, որ սքողում է բռնությունն ընտանիքում եւ ամուսնական բռնությունը»: Մասնավորապես կոչ է արված, որ հատուկ ուսուցման ծրագրեր անցկացվեն ոստիկանների, դատական ու բժշկական անձնակազմի համար, որ նրանք կարողանան զատորոշել ամուսնական բռնության դեպքերը եւ զոհերին աջակցեն առավել արդյունավետ ու հետեւողականորեն:

Ընդդեմ հարկադիր պոռնկության

Ավելի մեծ թվով՝ 16 պատվիրակներ են միացել այն փաստաթղթին, որով պահանջվում է միջոցներ ձեռնարկել՝ կանխելու հարկադիր պոռնկությունը: Այստեղ նշված է, որ մարմնավաճառությունը հաճախ իրականացվում է հյուրանոցներում՝ «սա գոյություն ունի բոլոր երկրներում՝ ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց շրջանում: Պետք է գործադրվեն որոշակի միջոցներ, որ գտնվի խնդրի լուծումը»: Եվ նշված է միջոցներից մեկը՝ ԵԽԽՎ քարտուղարությունը պիտի իր կազմակերպած համաժողովների համար ընտրի միայն այն հյուրանոցները, որոնք «երաշխավորում են, թե սեքսուալ ծառայությունները կամ պոռնկությունը տեղ չունեն իրենց հյուրանոցում»:

Հանուն արվամոլների շքերթների

Մեկական պատվիրակներ են ստորագրել այն փաստաթղթերի ներքո, որոնք վերաբերում են լեսբուհիների, արվամոլների եւ բիսեքսուալների շքերթների արգելմանը: Մոսկվայում այդ շքերթի արգելման կապակցությամբ Լյուքսեմբուրգից մի պատվիրակ հունիսի 25-ին գրավոր հարցով դիմել է ԵԽ նախարարների կոմիտեին. նրան զայրացրել է, որ Յուրի Լուժկովն արգելել է մայիսի 27-ին «հպարտության շքերթի» անցկացումը, նշելով, թե «արվամոլների շքերթը չի կարող ընկալվել այլ կերպ, քան սատանայական»: Պատվիրակը սա համարում է անհանդուրժողականության կոչ եւ ԵԽ նախարարների կոմիտեից հետաքրքրվում, թե արդյոք մտադի՞ր են այս կապակցությամբ պարզաբանումներ պահանջել ՌԴ կառավարությունից՝ հիշեցնելով նրա պարտավորությունը՝ հարգել հավաքների ազատությունը բոլոր մարդկանց համար՝ ներառյալ արվամոլներին եւ լեսբուհիներին: Նաեւ հետաքրքրվել է, թե հետագա ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Նախարարների կոմիտեն, որ կանխի անդամ երկրներում հոմոֆոբիայի դրսեւորումները: Իսկ շվեդ պատվիրակ մի կին մայիսի 14-ին գրավոր հարցով նույն մարմնին դիմել է արդեն Քիշնեւում արվամոլների ցույցն ապրիլին արգելելու կապակցությամբ: Շեշտադրումները նույնն են:

Ընդդեմ հոմոֆոբիայի

Փոխարենը ԵԽԽՎ ավելի շատ պատվիրակներ՝ 32 հոգի են ստորագրել այն հռչակագրի ներքո, որը վերնագրված է. «Որոշ անդամ երկրներում հոմոֆոբիայի աճող մակարդակի մասին»: Այստեղ հիշատակվում է ե՛ւ ՌԴ-ում ու Մոլդովայում «խաղաղ» արվամոլների շքերթների արգելումը, ե՛ւ մարտին Լեհաստանի կառավարության արած առաջարկը, որով դպրոցները պիտի պարտավորված լինեն սովորողներին պաշտպանել այնպիսի բովանդակությամբ նյութերից, որոնք «խախտում են ընտանիքի եւ ամուսնության սկզբունքները, ներառյալ՝ արվամոլության քարոզչությունը»: Ստորագրողներից մեկը Լիտվայի պատվիրակ է, եւ նշված փաստերից մեկն էլ վերաբերում է հենց Լիտվային՝ Վիլնյուսի քաղաքապետարանը մայիսին արգելել է ԵԽ հովանու ներքո անցկացվող համաժողովը, որը կոչվում էր. «Հանուն բազմազանության՝ ընդդեմ խտրականության», որի նպատակն էր հանդուրժողականություն քարոզել սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Հռչակագիրը ստորագրողները լուրջ մտահոգություն են արտահայտում այս փաստերի կապակցությամբ ու կոչ անում ԵԽ անդամ երկրներին՝ հարգել մարդու իրավունքները, որի պարտավորությունը ստանձնել են անդամակցելով այս կառույցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել