Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ ՄԻ՛ ՍԱՐՔԵՔ»

Հունիս 30,2007 00:00

\"\"Կոչ է անում ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ վստահեցնելով, որ «Ազատություն» ռադիոկայանը չի եթերազրկվի

ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը «Ազատություն» ռադիոկայանի փակման մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացումը պետք է ներսից լինի եւ ոչ թե դրսից: Ի պատասխան ասվածի, «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը հակադարձեց՝ ուրեմն փակեք Ագոյի խմբի, Վենետիկի հանձնաժողովի, եվրոպական դիտորդների ճանապարհը դեպի Հայաստան: Արմեն Աշոտյանը խոսել էր նաեւ պետության տեղեկատվական անվտանգության խնդիրներից: Մեզ հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավորը ասաց. «Ես իմ ելույթում խնդրեցի լրագրողներին՝ հասկանալ միայն այն, ինչ ես ասում եմ, հասկանալ այնպես, ինչպես ասում եմ, եւ իրար չկապվող տրամաբանական շղթաներ չկառուցել, որովհետեւ որեւէ կոնկրետացում ես չեմ արել, ես ընդամենն ասացի, որ պետությունը ներկայացրել է օրինագիծ, որը ինձ համար ընկալելի է, եւ խնդիր կա ավելի գլոբալ մոտենալ այս հարցին, բարձրացնել տեղեկատվական եւ հաղորդակցության ռազմավարական խնդիրներ, իսկ ազգային անվտանգության հայեցակարգով դա վերապահված է կառավարությանը»: «Առավոտի» հետ զրույցում պրն Աշոտյանը պարզաբանեց նաեւ իր հաջորդ միտքը, ասելով, որ կարծես պետությունը պասիվ կեցվածք է որդեգրել քաղաքացիական հասարակության զարգացման համար՝ ակամայից զիջելով ոլորտի զարգացումը արտասահմանյան կազմակերպություններին, «որոնց աջակցության կարիքը, իհարկե, մենք ունենք թե ֆինանսական, թե մեթոդական, սակայն չպետք է թողնել, որ պահանջը ձեւավորվի դրսից, պահանջը պետք է լինի ներսի պահանջ, եւ կառավարության ծրագրում դա բավականին ընդգծված է: Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին կամ Ագոյի խմբին, դա ուղղակի, կարծում եմ, այդ պահին ասելու համար ճռճռան բնութագրեր էին, որոնք որեւէ կապ չունեին իմ ասածի հետ»: Իսկ ժողովրդավարությունը, ըստ պարոն Աշոտյանի՝ «պետք է լինի ներքին պահանջ եւ ոչ թե ստանձնած պարտավորության կատարում։ Եթե մենք ժողովրդավարությունը դիտարկում ենք որպես պարտավորություն եւ ոչ որպես արժեք, ապա մենք ազնիվ չենք ինքներս մեր նկատմամբ եւ արդյունքի չենք հասնի»:

Կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ բավականին դրական կարծիքներ հնչեցին անգամ ընդդիմադիր խմբակցությունների կողմից. ասվեց, որ դրանում բավականին կարեւորված են ժողովրդավարության կայացման հարցերը, սակայն դրանից հետո խորհրդարան են բերվում օրինագծեր, որոնք, ըստ պատգամավորների մի հատվածի, ամենեւին կապ չունեն ժողովրդավարության եւ դրա կայացման հետ, ընդհակառակը՝ ուղղված են ազատ խոսքի դեմ: Հետաքրքրվեցինք՝ արդյոք չարաբաստիկ նախագծերը, որ իջեցվեցին նախագահականից, նպատակ ունեն հարվածել այն դրական տպավորությանը, որը թողեց կառավարության ծրագիրը: Արմեն Աշոտյանը մեզ հետ համամիտ չէր եւ ասաց, որ նույն այդ նախագծերը ներկայացրել է կառավարությունը, եւ շահարկման կարիք չկա. «Այո, արտահերթ նստաշրջան հրավիրելու առաջարկը նախագահի ստորագրությամբ է, իսկ նախագծերը՝ վարչապետի, այսինքն՝ սահմանադրական լիազորությունների շրջանակում լուծվել է խնդիրը, եւ ներիշխանական ավելորդ սրություն, լարվածություն մտցնելու փորձերը, կարծում եմ, տեղին չեն»:

Ուղիղ հարց տրվեց՝ ինչո՞ւ է եթերազրկվում «Ազատություն» ռադիոկայանը, եւ Արմեն Աշոտյանը ասաց. «Կարծում եմ, քննարկումների արդյունքում ամենահոռետես լրագրողներն անգամ պետք է հասկանային, որ «Ազատություն» ռադիոկայանի փակման խնդիր դրված չէ, դրված են խնդիրներ, որոնք բխում են հանրային հեռուստառադիոընկերության կարգավիճակից, դրված են խնդիրներ, որոնք բխում են պետության քաղաքականությունից՝ ինֆորմացիոն տեղեկատվական-հաղորդակցության դաշտերում, եւ որեւէ՝ իրավունքի, խոսքի ազատության կամ այլ տեսակի ազատություններ ոտնահարված չեն: Կարող եմ վստահաբար ասել, որ ինքս որպես քաղաքացի չէի կարող հանդուրժել ակնհայտ ոտնձգություն թեպետ իմ կողմից ոչ այդքան միանշանակ ընկալվող լրատվամիջոցի հանդեպ: Ինքս առիթներ ունեցել եմ քննադատելու «Ազատության» մոտեցումները, բայց երբեք չէի կարող կողմ լինել որեւէ լրատվամիջոցի փակմանը, եթե այն գործում է ՀՀ օրենսդրության շրջանակներում»: Սակայն ակնհայտ է, որ հայտնի օրինագծերի ընդունումից հետո որեւէ մասնավոր ռադիոընկերություն չի համարձակվի իր եթերաժամից թեկուզ մեկ րոպե վաճառել «Ազատություն» ռադիոկայանին, եւ, մեր տեղեկություններով, արդեն որոշ նշաններ կան: Այսինքն՝ ինքնըստինքյան ստացվում է, որ «Ազատությունը» դուրս է մղվում: Արմեն Աշոտյանը սա համարեց տեսականորեն հնարավոր սցենարներից մեկը, բայց ասաց , որ ինքն անձամբ նման մտավախություն չունի. «Եթե լինի նման խնդիր ապագայում, օրենքի ընդունումից հետո, եւ «Ազատություն» ռադիոկայանը փորձի իր գործունեությունը ծավալել նոր օրենսդրական դաշտի շրջանակներում եւ խնդիրը չլուծվի, կարծում եմ, այդ ժամանակ կարելի է փորձել բարձրաձայնել այդ մասին, բայց հիմա սարքել Կիկոսի մահը եւ ասել, որ վա՜յ, «Ազատություն», վա՜յ, «Ազատություն»՝ այն դեպքում, երբ ոչինչ չի պատահել, կարծում եմ, ճիշտ չէ»: Նկատեցինք, որ նախադեպը կա՝ «Ա1+»-ը փակելուց առաջ էլ էին ասում՝ ինչո՞ւ եք շահարկում, գուցե հենց այդ հեռուստաընկերությունն է մրցույթում հաղթելու: Մեր զրուցակիցն ասաց, որ ինքը չի ուզում մտնել զուգահեռների դաշտ. «Ես չեմ ուզում զուգահեռներ անցկացնել «Ա1+»-ի եւ «Ազատության» միջեւ, ես չեմ ուզում այստեղ օրինաչափություններ որոնել: «Ազատություն» ռադիոկայանը փակման վտանգի առջեւ կանգնած չէ, ես ավելի քան վստահ եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել