Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԵՄ ԵՍ

Հունիս 29,2007 00:00

\"\"Բռնցքամարտիկ Վիկտոր Օգանովը չի հրաժարվում իր ազգությունից

Արդեն տեղեկացրել էինք («Առավոտ», 22.06.07), որ ռուսաստանցի հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկտոր Օգանովը, որ ներկայումս բնակվում է Ավստրալիայում, համագործակցության պայմանագիր է ստորագրել ամերիկացի հանրահայտ պրոումոթեր Գերի Շոուի հետ: Վերջինս նաեւ Վախթանգ Դարչինյանի պրոումոթերն է: Շատերը կասկածում են, որ Օգանովն իսկապես հայկական ծագում ունի: Այդ կասկածը փարատել է ինքը՝ Վիկտորը, «Fightnews.ru» ինտերնետային կայքին տված բացառիկ հարցազրույցում, որից ներկայացնում ենք մեկ հատված:

– Որքան հասկանում եմ, քո արմատները հայկական են, այո՞: Դա, հավանաբար, չգիտեն բազմաթիվ ամերիկահայեր (Վիկտորը հաջորդ մենամարտերն անցկացնելու է ԱՄՆ-ում- Ք. Հ.), իսկ հայկական համայնքն այնտեղ բավականին ստվար է:

– Այո, հայրս հայ է: Իհարկե, իմ երակներում հայկական արյուն է հոսում: Դա արտահայտվում է իմ բնավորության մեջ, ռինգում եւ մարտավարման ոճում:

– Հայ բռնցքամարտիկները նոկաուտ անողների համբավ ունեն: Օրինակ, Վախթանգ Դարչինյանը, Արթուր Աբրահամը, դու…

– Վիկն իրականում նաեւ տիրապետում է կատարյալ տեխնիկայի: Գումարած՝ ռինգում շատ լավ զգում է տարածությունը եւ իր մարտավարման ոճով գործում է անչափ արդյունավետ:

– Ի դեպ, նրան արժանին չեն մատուցում: Ասում են, թե աշխատում է նույն ձեւով, որովհետեւ մարտը վարում է իրեն հատուկ ոճով ու, այսպես ասած, շատ է «ֆոկուսներ» անում:

– Նա, իհարկե, շատ անհարմար մրցակից է, ունի իր ոճը, ձախլիկ է: Եվ դա ճիշտ չեն գնահատում: Վիկն իր քաշային կարգում իր կամքն է թելադրում:

– Մի փոքր պատմիր ընտանիքիդ մասին:

– Կնոջս՝ Սվետլանայի հետ գրեթե հասակակիցներ ենք: Նրա հարցում բախտս բերել է: Դուստրս՝ Աննան, շուտով կբոլորի 7 տարին: Որդիս՝ Սեմյոնը (նրան տվել եմ հորս անունը), մեկուկես տարեկան է եւ ծնվել է Ավստրալիայում: Եղբորս անունը Արմեն է (ծիծաղում է): Դա իսկական հայկական անուն է: Նա ապրում է Մոսկվայում, իսկ մայրս՝ Սիկտիվկարում: Ահա այսքանը:

– Ճանաչված բռնցքամարտիկներից ո՞ւմ հետ լավ կապեր ունես:

– Վախթանգի: Նա իմ մտերիմ ընկերն է: Նրա շնորհիվ եմ տեղափոխվել Ավստրալիա: Եթե Վախթանգը չլիներ, երրորդ անգամ չէի վերադառնա… Ոչ հայերի, ոչ էլ ռուսների մեջ նրա նմանին չես հանդիպի: Վիկը պարզապես ոսկի սիրտ ունի:

Ես երջանիկ եմ, որ հանդիպել եմ նրան ու հետն ընկերություն անելու պատիվ ունեմ: Անպայման պետք է նշեմ Էդուարդ Ղումաշյանին: Հիմա նրա մոտ եմ ապրում ու նա լիովին ստանձնել է իմ խնամքը՝ օգնում է բոլոր հարցերում, տանում բժշկի, անում անհրաժեշտ մերսումները, պրոցեդուրաները: Նա Վախթանգի, Վադիմ Տոկարեւի, Ռուստամ Նուգաեւի մենեջերն է: Ու չնայած այդքան զբաղվածությանը, կամավոր ինձ հետ աշխատում է որպես խորհրդատու, որի համար շատ շնորհակալ եմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել