Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ է դատաձգաբանը տարբերվում հետքաբանից

Հունիս 29,2007 00:00

Մարդու ոտքն ու կահույքի մասը փորձագետը համարեց «բութ, կոշտ առարկա»

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի այս տարվա ապրիլի 11-ի դատավճռով շարքային Սանթուր Չոբանյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: Նա մեկ տարի առաջ՝ հունիսի 26-ին, Չինարի «Ցից քար» կոչվող մարտական հենակետում սպանել էր իր հրամանատարին՝ լեյտենանտ Կարապետ Դավթյանին: Ըստ գործով վկաների, այդ օրը (26.06.06) որեւէ միջադեպ չի եղել, որը կարող էր հանգեցնել հանցագործության՝ Չոբանյանի եւ հրամանատարի միջեւ լարվածություն չէր նկատվել: Զինվորներից մեկն ասել էր, թե հրամանատարը ջուր է խնդրել Սանթուրից, որը եւ կատարում է խնդրանքը՝ զենքը ձեռքին: Հրամանատարն ասել է. «Քյալ ես, զենքը ցած դիր, մեկ էլ տեսար՝ կրակեցիր»: Ու հնչել է կրակոցը: Ամբաստանյալը դատավարության ժամանակ ասել էր, որ հրամանատարը իրեն չի հայհոյել եւ չի նվաստացրել: Սպանության համար նա զղջացել էր ամբողջությամբ, բայց դժգոհ էր մնացել 8 տարի պատժաչափից եւ դիմել էր վերաքննիչ դատարան:

Այժմ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանի նիստերի դահլիճում շարունակվում է Ս. Չոբանյանի բողոքի քննությունը, եւ այդ գործին արժե անդրադառնալ՝ մեր դատական փորձագիտության մակարդակը պարզելու համար: Անցած ուրբաթ դատարան էր հրավիրվել փորձագետ-դատաբժիշկ Արսեն Բաբայանը, որին հարցեր էին տալիս տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները՝ փաստաբաններ Ենոք Ազարյանն ու Յուրա Խաչատրյանը: Ե. Ազարյանի հարցին, թե Ս. Չոբանյանի ինքնաձիգից արձակված կրակոցները քանի՞սն են եղել, փորձագետը պատասխանեց. «Դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնաբերվել են 4 հրազենային մուտքի, 2 ելքի անցք եւ 1 հրազենային շոշափվող վերք»: Հաջորդ հարցին, թե մի կրակոցով կարո՞ղ էր պատճառվել այդքան վնասվածք, դատաբժիշկը տվեց բացասական պատասխան:

Ըստ գործի նյութերի, հրամանատարը պառկած է եղել, երբ զինվորը կրակել է նրա վրա: Փորձագետ բժշկի տեղեկացմամբ, գնդակներից մեկը հայտնաբերվել էր Դավթյանի ողնաշարի աջ մասում, գոտկային շրջանում: Դատական նիստի ժամանակ պարզվեց, որ Կ. Դավթյանի վրա, բացի հրազենային վնասվածքներից, հայտնաբերվել էին նաեւ քերծվածքներ, մասնավորապես՝ աջ բազկի շրջանում, ձախ արմնկահոդին, նախաբազուկի վրա, որովայնի շրջանում՝ արյունազեղումների տեսքով: Թվարկված վնասվածքները, ըստ փորձագետների, առաջացել են «բութ, կոշտ առարկաների» ներգործության հետեւանքով: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կարծիքով, դա ինքնաձիգի խզակոթի հարվածի հետեւանքով էր առաջացել, իսկ դատարան հրավիրված փորձագետ Ա. Բաբայանի պարզաբանմամբ՝ «բութ, կոշտ առարկաներ կարելի է դիտել ցանկացած որոշակի կարծրություն եւ զանգված ունեցող իրը, առարկան, գործիքը, այդ թվում՝ մարդու ոտքն ու կահույքի մասը»:

Փաստաբան Յուրա Խաչատրյանը հարցեր տվեց դատակոչված դատաձգաբան Արամ Համբարձումյանին: Սակայն իսկական սկանդալ կարող է համարվել այն, որ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի անցյալ տարվա դեկտեմբերի 20-ի որոշմամբ նշանակվել է դատահետքաբանական փորձաքննություն, իսկ փոխարենը չի կատարվել դատարանի որոշումը եւ անցկացվել է դատաձգաբանական փորձաքննություն: Պատկերավոր ասած՝ զենք հետազոտողի փոխարեն եզրակացություն է տվել եւ դատակոչվել է դատարան՝ հագուստ հետազոտողը: Այդ պատճառով այս փորձագետը չէր կարողացել պատասխանել, թե մեկ գնդակը քանի մուտքի անցք է առաջացրել, որոնք են դրանք, քանի կրակոց է, ի վերջո, արձակվել հրամանատարի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել