Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՈՒՀԱՍ՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԼԽԻՆ

Հունիս 29,2007 00:00

\"\"Համապատասխան գերատեսչությունները առայժմ ձեռնպահ են մնում կարծիք հայտնել

Հուլիսի 10-ին կկայանան Մատենադարանի տնօրենի ընտրությունները: Հիշեցնենք, որ այդ պաշտոնի հիմնական հավակնորդներն են Հրաչ Թամրազյանն ու Էռնա-Մանյա Շիրինյանը: Ըստ Մատենադարանի 2002թ. կանոնադրության, տնօրենի ընտրությունը պիտի կատարեր գիտաշխատողներից եւ հնատիպ գրքերի ուսումնասիրողներից կազմված գիտխորհուրդը, սակայն մարտի 15-ին, կանոնադրական փոփոխությամբ, խորհրդի նոր կազմ է հաստատվել, որ բաղկացած է Մատենադարանի 27 աշխատակցից եւ 12 ոչ մատենադարանցիներից: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն էլ մայիսի 15-ին դիմել է վարչապետին՝ առաջարկելով, որ գիտխորհուրդը վերանվանվի խորհուրդ եւ նրա կազմում տեղ գտնեն կառավարության ու նախարարության մի խումբ չինովնիկներ: Այդպիսով, վերջիններս ոչ միայն մեծ դեր կունենան տնօրենի իրենց թեկնածուին անցկացնելիս, այլեւ Մատենադարանի հետագան կկանխորոշեն սեփական հայեցողությամբ:

Մի բան, սակայն, պարզ է՝ ԿԳ նախարարը կամ Մատենադարան-Հիլլ գործարքի հետեւում կանգնած ուժերը իրավունք չունեն ինքնակամ եւ առանց սփյուռքահայության, որոնց մեջ բազմաթիվ նվիրատուներ կան, տնօրինել ձեռագրերի ճակատագիրը: Ի սկզբանե «մութ» եւ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանի ձեւակերպմամբ՝ հակաօրինական պայմանագիրը պետք է որ անհանգստություն առաջացներ մասնագետների շրջանում, որոնցից շատերին մեղադրեցին Մատենադարանի տնօրենի աթոռի վրա աչք ունենալու մեջ: Մինչ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նրանց քննադատում էր միայն իրեն հայտնի չափանիշներով «Հիլլի» «փայլուն» գործարքին ընդդիմանալու համար՝ «Դե գնացեք ձեր ձեռագրերը գրկեք ու ձեր սարերում մնացեք» հայտարարությամբ («Դռնփակ քննարկում», «Առավոտ», 24.05.2007), Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյանը փաստում է, որ ձեռագրերի թվանշայնացման մասին խոսելն այսօր ժամանակավրեպ է, որովհետեւ նման աշխատանքներ դեռեւս 1988-ին իր հանգուցյալ հոր՝ Բաբկեն Չուգասզյանի ու հայ մասնագետների ուժերով էլ են արվել, եւ այդ մասնագետները բազմաթիվ համաշխարհային մրցանակների են արժանացել: Տեղին էր նաեւ օրերս TV-ներից մեկի եթերում «Տերյան» մշակութային միության նախագահ Առուշան Հակոբյանի հնչեցրած այն միտքը, որ ԱՄՆ Մինեսոտայի նահանգի Սբ. Հովհաննես վանք- համալսարանին կից Հիլլ թանգարան-ձեռագրերի գրադարանի միջեւ կնքված պայմանագրում մեզանում շրջանառության մեջ դրված $80 մլն-ի մասին ոչ մի խոսք չկա: Հայ մասնագետներից շատերը պահանջում են, որ պայմանագրին տրվի միջազգային կարգավիճակ, եւ երաշխավորը լինի կառավարությունը: Առաջարկություն կա նաեւ, որ բոլոր շահագրգիռ նախարարություններն էլ հրապարակեն իրենց եզրակացությունները: Սակայն մինչ օրս, բացի արդարադատության փոխնախարարից, մյուս գերատեսչությունների ղեկավարները կարծիք չեն հայտնել մատենադարանյան աղմուկի եւ հայտնի գործարքի վերաբերյալ՝ գերադասում են չխառնվել կամ էլ այդպիսի հրահանգ ունեն:

Երեկ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից փորձեցինք ճշտել իր դիրքորոշումը: «Այդ ծրագրերը պետք էր առաջին հերթին ներկայացնել պետության քննարկմանը: Երբ պետությունը կասեր գումար չունեմ, նոր միայն կարելի էր այլ տարբերակներ փնտրել, իհարկե՝ հստակ ուսումնասիրելով առաջարկվող պայմանները: Խնդիրն այն է, որ ՊՈԱԿ-ները, ստանալով բացահայտ ինքնուրույնություն, այսօր վերահսկողական դաշտից դուրս են, կարող են ցանկացած գործարք կատարել: Եվ եթե չկան վերահսկող մեխանիզմներ՝ համապատասխան նախարարությունների, տվյալ դեպքում՝ ԿԳ նախարարության կողմից, դրա համար այդ պատկերն է… Մի խոսքով, պետությունը պիտի վերահսկի եւ ինքն էլ իրականացնի թվայնացման գործընթացը»,- ասաց տիկ. Պողոսյանը:

Այս խնդրով մտահոգ մասնագետները քանիցս փաստել են, որ Մատենադարանի պատմությունը լակմուսի թուղթ է լինելու նախագահական ընտրությունների գնացող երկրի համար, եւ կշահի այն թեկնածուն, ով ողջամիտ ու ազգանպաստ լուծում կառաջարկի: Մատենադարանյան ցանկացած ցնցում նախեւառաջ հարված է հայագիտությանը, որը պիտի պետականորեն հովանավորվեր: Մինչդեռ, մեր տեղեկություններով, Մատենադարանը պատրաստվում են դարձնել ուղղակի թանգարան: Ի դեպ, իր այդ ծրագրի մասին Մատենադարանի տնօրենի թեկնածուներից Հրաչյա Թամրազյանն էլ է օրերս հայտնել հեռուստաեթերում: Թե ինչու «Հիլլի» հետ գործարքը կնքվեց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին եւ Մատենադարանի նախկին տնօրենի լիազորությունների դադարեցումից օրեր առաջ, ու հիմա էլ խնդիրը նախագահական ընտրությունների աղմուկներում «խեղդելու» միտում կա՝ եզրակացությունը թողնում ենք ընթերցողին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել