«Ազատությունը» կարժանանա «Ա1+»-ի ճակատագրին
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին ուղղած իր նամակում անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող «Պետական տուրքի մասին» ու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններին, որոնք վտանգում են Հայաստանում «Ազատություն» ռ/կ-ի հեռարձակումը, ընդգծել է. «Քանի որ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ներկայումս Հայաստանի հանրային ռադիոյի հաճախությունն օգտագործող միակ արտասահմանյան մամուլի միջոցն է, լրամշակումների ընդունումը կհանգեցնի այդ ռադիոկայանի ծրագրերի հեռարձակման դադարեցմանը: «Ազատություն» ռ/կ-ն Հայաստանում տեղեկատվության այլընտրանքային աղբյուր է, որն ապահովում է բազմակարծություն, ինչը հատկապես կարեւոր է ընտրությունների շրջանում»: Հարաշտին ՀՀ իշխանություններին կոչ է արել չընդունել առաջարկվող լրամշակումները՝ հավելելով, որ երկու օրենքներում առաջարկվող փոփոխությունները «համատեղելի չեն բազմակարծության եւ մամուլում տեղեկատվության ազատ հոսքի ԵԱՀԿ սկզբունքների հետ»:
Որ տպագիր մամուլի տպաքանակի սահմանափակ շրջանառության դեպքում ՀՀ ողջ տարածքով հեռարձակվող «Ազատություն» ռ/կ-ի, ըստ էության, փակման ուղղությամբ ԱԺ-ում սկսված գործընթացը բացառապես քաղաքական նպատակներ է հետապնդում՝ անկախ այդ հանգամանքը իշխանությունների կողմից հերքելու փորձերի, եւ միտված է առաջիկա նախագահական ընտրությունները միայն «վարդագույն» գույներով ներկայացնելուն՝ բացարձակ ճշմարտություն են համարում հիշյալ օրինագծերին անդրադարձած ընդդիմադիր գործիչներն ու լրագրողական կազմակերպությունները:
Երեկ «Առավոտին տված հարցազրույցում «Ա1+»-ի գործադիր տնօրեն Մեսրոպ Մովսեսյանն ասաց, թե Հայաստանում ցանկացած անօրինականություն կատարվում է, իբր, օրինականության հաստատման անվան տակ: Տեղի են ունենում քննարկումներ, մեջբերվում են օրենքի դրույթներ, իշխանություններն իրենց քայլերը բացատրում են օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններով: «Բայց դրա շարունակության մեջ ես ոչ մի լավ բան չեմ տեսնում»,- արձանագրեց Մ. Մովսեսյանը: Նրա ասելով, «Ազատություն» ռ/կ-ն կարող է «Ա1+»-ի ճակատագրին արժանանալ, եթե հասարակությունը՝ աչքի առաջ ունենալով «Ա1+»-ի օրինակը, «խելքի չգա» եւ բողոքի ալիք չբարձրացնի: «Հասարակությունն «Ազատության», ազատ խոսքի պահանջն ունի եւ ուներ նաեւ «Ա1+»-ի կարիքը, բայց նա հիմա ավելի շատ զբաղված է իր խնդիրներով, քան՝ խոսքի ազատության կամ «Ա1+»-ի ու «Ազատության» հարցերով: Այդուհանդերձ, ես չէի ուզենա հոռետես լինել: Ես մի քիչ լավատես եմ եւ ուզում եմ հավատալ, որ հասարակությունը հստակ պատկերացնում է այս գործընթացի ավարտն ու կկանգնի ի պաշտպանություն «Ազատության»,- հայտարարեց «Ա1+»-ի գործադիր տնօրենը:
Երեկ ի պաշտպանություն «Ազատություն» ռ/կ-ի եւ հիշյալ օրինագծերում փոփոխություններ կատարելու անընդունելիության՝ հայտարարություններ են արել «Հանրապետություն» եւ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունների, նաեւ «Այլընտրանքի» ներկայացուցիչները: