Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՐԱՆ ՄԻ ԿՊՑՐԵՔ ԱԺ-ԻՆ

Հունիս 29,2007 00:00

\"\"Երեկ կոչ արեց Տիգրան Թորոսյանը եւ փորձեց ապացուցել, որ աղմկահարույց երկու օրինագծերը ոչ մի կապ չունեն «Ազատություն» ռադիոկայանի հետ:

Ազգային ժողովում երեկ բուռն եւ թեժ քննարկում ընթացավ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի» մասին օրինագծերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցի քննարկման ժամանակ: Իրավիճակը շատ նման էր 2002-ի այն օրերին, երբ փակվում էր «Ա1+»-ը, եւ բոլոր իշխանական եւ ընդդիմադիր գործիչները միաձայն ասում էին, թե իրենք ինչքան են սիրում «Ա1+»-ը, որ առանց այդ հեռուստաընկերության չեն պատկերացնում իրենց կյանքը, որ եթե «Ա1+»-ը չլիներ, իրենք այն կստեղծեին, եւ այս կարգի այլ բաներ, սակայն արդյունքում «Ա1+»-ը փակվեց:

Հիմա եկել է «Ազատությունը» «սիրելու» ժամանակը: Մանվել Բադեյանը, օրինակ, հայտարարեց, որ ինքը դեմ է «Ազատության» փակմանը, եւ օրինագծերը փակման մասին չեն: Շիրակ Թորոսյանը ասաց, որ ինքը հասակ է առել եւ աշխարհընկալում է ձեռք բերել հենց այս ռադիոկայանի հաղորդումներով: Իսկ Մկրտիչ Մինասյանը հիշեցրեց, որ նույն «Ազատությունը» Ուկրաինայում եւ Վրաստանում հեռարձակվում է մասնավոր ռադիոընկերության հաճախականությամբ, եւ դրանից վերջիններիս հարաբերությունները ԱՄՆ-ի հետ չեն վատացել: Ի պատասխան, «Ժառանգության» անդամները հիշեցրին, թե երբ եւ ինչպես Ուզբեկստանում փակվեց «Ազատությունը», եւ կոչ արեցին չգնալ ուզբեկական տարբերակով:

Երեկ խորհրդարանում հնչած ելույթները կարելի է բաժանել երկու տեսակի՝ քաղաքական եւ իրավական: Քաղաքական քննարկումներին առավել ակտիվ էին «Ժառանգության» պատգամավորները եւ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Իսկ ՀՅԴ-ն իր պահվածքով ուղղակի զարմացրեց, քանի որ այս կուսակցության անունը երկար տարիներ նախ կապվում էր հենց «Ազատություն» ռադիոկայանի հետ, բավականին կարկառուն դաշնակցականներ տարբեր տարիների աշխատել են այս ռադիոկայանում: Ինչեւէ, Դաշնակցությունը, ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ համերաշխ այսօր կողմ է քվեարկելու այն օրինագծերին, որոնցով, ըստ Վիկտոր Դալլաքյանի, «փաթեթային կարգով փորձ է արվում լռեցնել «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները»:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը բոլոր ելույթներից հետո արտահերթ իր ելույթում փորձեց ապացուցել, որ քննարկվող եւ աղմկահարույց օրինագծերը ոչ մի կապ չունեն «Ազատություն» ռադիոկայանի հետ, քանի որ այս ռադիոկայանը հեռարձակող չէ. «Ես ավելի քան վստահ եմ, որ «Ազատություն» ռադիոկայանը բացարձակապես կապ չունի այս նախագծի հետ»: Հիմնավորումը սա էր. «Օրենքի եւ 3-րդ, եւ 47-րդ հոդվածների ձեւակերպումներն ասում են, որ «Ազատություն» ռադիոընկերությունը հեռարձակող կազմակերպություն չէ»: Ըստ օրենքի 47-րդ հոդվածի՝ հեռարձակման իրավունք ունենալու համար պետք է ունենալ արտոնագիր, իսկ այն «Ազատությունը» չունի, եթե չունի, ուրեմն հեռարձակող չէ, եւ այս ձեւակերպումները կապ չունեն «Ազատության» հետ: Այս պարզաբանումները ներկայացնելով՝ ԱԺ նախագահը հարցրեց. «Ո՞վ է այս սադրանքի հեղինակը, ո՞վ փորձեց լրագրողների եւ պատգամավորների մեջ տարածել, որ սա կապ ունի «Ազատություն» ռադիոկայանի հետ»: Ըստ ընդդիմադիրների, «հեղինակը» հենց նա է, ով արտահերթ նիստ հրավիրելու առաջարկ ներկայացրեց խորհրդարանին եւ արագացված ռեժիմով առաջարկեց քննարկել եւ ընդունել այս չարաբաստիկ օրինագծերը: Սակայն հայտնի է, որ նախաձեռնության հեղինակը ՀՀ նախագահն է:

Մեկ այլ մանրամասն եւս. կառավարության ներկայացուցիչ, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը ԱԺ-ի ամբիոնից երեկ անձամբ հայտարարեց, որ խոսքը ոչ միայն «Ազատության» մասին է, այլ նաեւ երեք այլ ընկերությունների ազգային ծառայությունների: Թեպետ ավելի ուշ խնդրեց իր մտքերը չաղավաղել: Ստացվում է՝ կամ կառավարությունն է պատգամավորներին խաբում, կամ ԱԺ նախագահը: Ամեն դեպքում, Տիգրան Թորոսյանը խոստացավ դեմ քվեարկել, եթե իրեն որեւէ մեկը ապացուցի, որ այս օրենսդրական փոփոխությունը ուղղված է «Ազատության» դեմ: ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ օրենքը ուղղված է հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը կանոնակարգելուն եւ ոչ թե «Ազատությունը» փակելուն. «Այստեղ հայտարարվեց (հայտարարողը ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանն էր- Մ. Ե.), որ այս տարվա փետրվար ամսից «Ազատության» հետ պայմանագիրը դադարեցվել է, անհասկանալի է, եթե չկա պայմանագիր, ապա ի՞նչ հիմունքներով է մինչեւ հիմա հեռարձակվում: Ի՞նչ, մենք չպե՞տք է պարզենք այս մթնոլորտը, երբ հեռուստաընկերության նախագահը կամ չգիտեմ թե ով կամայական ձեւով այս օրենքի տված հնարավորությունը օգտագործում են: Եթե իրենց տրված են արտոնյալ պայմաններ, առանց մրցույթի կապուղի է տրված եւ պետական հսկայական ֆինանսավորում, ուրեմն ինչո՞ւ իրենց չպետք է բացատրենք, որ իրենք պետք է աշխատեն հանրային շահի գիտակցումով: Ես խնդրում եմ, այս օրենքը դիտարկենք հենց հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը կանոնակարգելուն ուղղված եւ ոչ թե հանգեցնել նրան, որ այս օրենքը «Ազատությունը» փակելու համար է»:

Հանրապետականները չէին ընդունում ընդդիմության կողմից հնչեցվող գնահատականները, որ «Ազատությունը» փորձ է արվում փակել նախագահական ընտրությունների համար, եւ իրենց ասածը ապացուցելու համար նկատում էին, որ մայիսի 12-ին եւս «Ազատությունը» գործում էր, բայց դրանից իշխանությունները չեն տուժել, ընդհակառակը՝ մեծամասնություն են վերցրել:

ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու այս օրինագծերին: Քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ հայտարարեց. «Մենք հավատում ենք, որ առաջարկվող փոփոխությունների նպատակը ոչ թե արտասահմանյան հեռարձակողներին դուրս մղելն է լրատվական դաշտից, այլ հայաստանյան հեռարձակողների հետ նրանց հավասար դաշտ տեղափոխելը, համագործակցության եւ մրցակցության հավասար պայմաններ ստեղծելը»:

ՕԵԿ-ը դեմ է քվեարկելու, եւ Մհեր Շահգելդյանը երեկ հայտարարեց, որ «խնդիրը վերաբերում է ժողովրդավարությանը, այլակարծության հնարավորությանը եւ այլակարծության իրավունքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել