Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳՐԱՎԵ՞Լ ՆԱԽԻՋԵՎԱՆԸ

Հունիս 29,2007 00:00

\"\"Սա ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակներից մեկի հերթական հայտարարությունն է: Նման պնդումները հայ պատվիրակները գերազանցապես թողնում են անարձագանք:

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը հունիսի 27-ին գրավոր հարց է ուղղել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին, որը վերնագրված է՝ «Լուրջ վտանգներ, որոնք վերաբերում են Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության նկատմամբ Հայաստանի ագրեսիվ պլաններին եւ Եվրոպայի խորհրդի պատասխանատվությանը»: Այս գրավոր հարցում նշված է. «Չնայած Եվրոպայի խորհրդին անդամակցությունից հետո Հայաստանի ստանձնած գլխավոր պարտավորություններից մեկն այն էր, որ վերջ տա Ադրբեջանի նկատմամբ ագրեսիային եւ դուրս գա գրավյալ տարածքներից՝ անցած 7 տարիների ընթացքում որեւէ էական տեղաշարժ չի արվել այս խնդրի լուծման կապակցությամբ: Եվ հակառակը՝ շահելով այն հանգամանքից, որ չկա որեւէ միջազգային վերահսկողություն գրավյալ Լեռնային Ղարաբաղի եւ դրան հարակից Ադրբեջանի 7 տարածքների վրա՝ Հայաստանը կատարել է նոր ահաբեկչական գործողություններ, օգտագործել այս տարածքները թմրամիջոցների տեղափոխման, նաեւ ահաբեկչական ճամբարների կազմակերպման ու զենքի ապօրինի առեւտրի նպատակով՝ կատարելով դիվերսիաներ զինված հակամարտություն հրահրելու եւ զինադադարի ռեժիմը բազմիցս խախտելու համար: Չնայած այն փաստին, որ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքի զավթումը, ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ զտում անցկացնելը, Լեռնային Ղարաբաղում անջատողական վարչակարգ հաստատելն արտացոլվել են Եվրոպայի խորհրդի 1416 (2005) փաստաթղթում, որպես ԵԽ պաշտոնական դիրքորոշում՝ Հայաստանը լիովին անտեսում է այդ բանաձեւը: Անպատժելիության սինդրոմը Հայաստանին մղում է նոր հանցագործությունների, եւ որպես ԵԽ անդամ միակ զավթիչ պետություն՝ մշակում է նոր ագրեսիվ ծրագրեր ընդդեմ Ադրբեջանի: Հայաստանն այս ուղղությամբ հետեւողական գործունեություն է ծավալել արդեն մի քանի տարի շարունակ: Ադրբեջանին պատկանող Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության զավթումը Հայաստանի գլխավոր ռազմական նպատակներից է: Եվ դրա համար է 2000-ի մարտի 26-ին Հայաստանի արդարադատության նախարարությունը պաշտոնապես գրանցել «Նախիջեւանի համայնք» կազմակերպությունը, իսկ 2006-ի ապրիլին Հայաստանի պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի աջակցությամբ ձեւավորվել է «Նախիջեւանի ռազմական կորպուսը»: Նախիջեւանի նկատմամբ Հայաստանի ագրեսիվ ծրագրերի շուրջ քարոզչական նյութեր տարածելու համար 2001-ի ապրիլից հրատարակվում է «Նախիջեւան» թերթը: Այդ ընթացքում Հայաստանն իր ռազմական միավորները կենտրոնացնում է Սադարակում՝ Նախիջեւանի արեւելյան հատվածի մոտ: Բացի այդ՝ զինուժ եւ ճամբարներ են տեղակայվում հայկական բնակավայրերում՝ Դաստակերտ, Եղեգնաձոր, Քաջարան ու Աղաքար, որոնք սահմանակից են Նախիջեւանին»:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ըստ Հուսեյնովի, «Նախիջեւանի ռազմական կորպուսին» տրամադրել է ռազմական ծանր տեխնիկա, բազմազան զենքեր եւ անհրաժեշտ այլ զինամթերք: Տեղեկություն կա Հայաստանի ծրագրերի մասին, որ առաջիկա 3 տարիներին Նախիջեւանին սահմանակից տարածքներում տեղակայեն մի քանի ռազմականացված միավորներ: Ներկայացնելով դա իբրեւ այս տարածքներում քաղաքացիական բնակչության հաստատում՝ Հայաստանը մտադիր է տեղակայել իր ռազմական միավորները: Հայաստանի մտադրությունը՝ մեկ այլ պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ, հնարավոր լուրջ վտանգ է Հարավային Կովկասում: Եվ ցավալի է, որ Հայաստանը տարբեր միջոցներով օգտագործում է Եվրոպայի խորհուրդը՝ Նախիջեւանը գրավելու իր ծրագիրն իրականացնելու համար»: Հաջորդում են մեղադրանքներ, թե հայերը վերացնում են ադրբեջանցիների գերեզմանները, սակայն ԵԽ-ում բողոքում Հին Ջուղայի գերեզմանոցի խաչքարերի վերացման դեմ: Պնդում կա, թե հայերն իրենք են խորհրդային տարիներին Հին Ջուղայից գողացել խաչքարերը եւ պահում են դրանք Էջմիածնում: Ջուղայի գերեզմանոցի վերացման դեմ Հայաստանի բողոքը Ադրբեջանի պատվիրակը ներկայացնում է իբրեւ Նախիջեւանը գրավելու ծրագրի քարոզարշավի մի մաս եւ այլն:

Այս հարցում շարադրված գրեթե բոլոր փաստերն ակնհայտ կեղծ են: Եվ նման պնդումներով ադրբեջանցի պատվիրակները հանդես են գալիս անընդհատ՝ ոչ միայն Նախարարների կոմիտեին ուղղված հարցերում, այլ նաեւ բոլորովին այլ թեմաներով քննարկումների ժամանակ: Ասենք, հունիսի 27-ին քննարկվում էր նախկին Հարավսլավիայի երկրների փախստականների եւ տեղահանված անձանց հարցը, սակայն ելույթ ունեցած 3 ադրբեջանցիները առավել խոսեցին իրենց 1 մլն փախստականների մասին, մեղադրեցին Հայաստանին եւ այլն: Հայ պատվիրակները ելույթ չունեցան: Չարձագանքելու այս գործելակերպի հետեւանքը թերեւս ԵԽ փաստաթղթերի եւ պաշտոնյաների հայտարարությունների բնավ ոչ հայանպաստ ձեւակերպումներն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել