Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՇՆԱՄԻ», ԱՆՈՒՆԴ ՄԱՐԴ Է

Հունիս 28,2007 00:00

Ընդամենը կես ժամ տեւեց «Թշնամին» խաղարկային-կարճամետրաժ ֆիլմը, որի պրեմիերան կայացավ երեկ «Մոսկվա» կինոթատրոնում, սակայն այդ 30 րոպեանոց ֆիլմում ասվեց այնքան բան, որ տարիներ շարունակ չեն կարողանում ի մի բերել երկու թշնամացած ժողովուրդները՝ հայերն ու ադրբեջանցիները: Դավիթ Մաթեւոսյանի սցենարով, բեմադրությամբ եւ պրոդյուսերությամբ իրականություն դարձած ֆիլմը, որի նախատիպը Վսեվոլոդ Գարշինի «Ջրհորի մոտ» պատմվածքն է՝ պատերազմ-մարդկային արժեքներ հայտնի հակադրությամբ, չափազանց համոզիչ է: Համոզիչ է իր լակոնիզմով, ասելիքով, ճշմարտացիությամբ եւ, անշուշտ, դերասանների խաղով: Աշոտ Ադամյանի կերտած Յուսուֆի ամեն մի հեւոցն ու հոգոցը, ամեն մի հայացքը, անգամ յուրաքանչյուր հայհոյանքն այնքան բնական են, որ ֆիլմը դիտողը մի պահ մոռանում է, որ դա ընդամենը խաղ է, եւ որ էկրանին սիրված դերասանն է, այլ ոչ թե ադրբեջանցի զինվորը: Սակայն պակաս տպավորիչ չէ նաեւ երիտասարդ դերասան Էդգար (Snake) Ղազարյանի վիրավոր Օհանը: Դե, իսկ փոքրիկ Անի Մաթեւոսյան-Մանանան, ինչպես, հավանաբար, մտածված էր սցենարում, իր յուրաքանչյուր հայտնվելով կադրում՝ լույս էր բերում պատերազմական մռայլությանը: Եվ ընդհանրապես, այս ֆիլմն ամբողջությամբ մարդ արարածի լուսավորության մասին էր՝ ընդդեմ պատերազմի խավարի: Եվ եթե պատերազմը ստիպում է, որ հարեւան ազգերը իրար մեջ նախեւառաջ թշնամի տեսնեն, ապա Կյանքը ստիպում է, որ երկու վիրավոր զինվոր իրար մեջ Մարդ տեսնեն: Երիտասարդ Օհանի կյանքը փրկող Յուսուֆը, ո՞վ գիտե, գուցե եղել է, գուցե իրական դեմք է: Ոչ ոք չգիտի: Ցավալին այն է, որ ոչ ոք չի էլ ուզում իմանալ: Սակայն գիտենք Ռամիլ Սաֆարով-հրեշին: Գիտենք, որովհետեւ Սաֆարովը պատերազմի խավարն է: Իսկ թշնամի եւ «էթնիկապես անհամատեղելի» ժողովուրդները չեն ուզում ցրել այդ խավարը: Կամ՝ չեն կարողանում: Դավիթ Մաթեւոսյանի «Թշնամին» այդ խավարը ցրելուն է ուղղված, քանի որ այստեղ թշնամին թշնամի չէ, այլ ընդամենը՝ մարդ: Մարդ, որը փրկում է իր դիմաց վիրավոր ընկած երիտասարդին, չնայած նա թշնամի է: Ինչպես ֆիլմի վերջում Օհանին օգնության հասած սանիտարն է ասում. «Թշնամին փրկեց քո կյանքը… Պատահում է»: Խորհրդանշական է, որ ֆիլմը նվիրված էր խավարի զոհին՝ Գուրգեն Մարգարյանին, ում հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով սկսվեց ֆիլմի պրեմիերան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել