Վ. Աճեմյանի անվան թատրոնի այս «յուրահատկությանը» մշակույթի նախարարությունում նույնիսկ տեղյակ չեն:
«Առավոտում» (21.06.2007) լույս տեսած «Ո՛չ թատրոնների KBH-ացմանը» հոդվածից հետո խմբագրություն զանգահարեցին Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աշխատակիցներ (հասկանալի պատճառով անունները չենք հրապարակում)՝ հայտնելով, որ իրենց էլ են հասել մարզային թատրոնների լուծարման մասին լուրերը: Նրանք կատակով հավելեցին, թե իրենց թատրոնին դա չի սպառնում, որովհետեւ արդեն երկու տարի է՝ մեկի փոխարեն երկու տնօրեն ունեն:
Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը եւ ՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը, որը համակարգում է հանրապետության թատրոնների գործունեությունը, 2005թ. սեպտեմբերին անսպասելի ու հանկարծակի հայտնաբերել էին, որ նույն թվականի հուլիսին հիշյալ թատրոնի տնօրեն Էդվարդ Պողոսյանի փոխարեն այդ պաշտոնում է նշանակվել ոմն Կարինե Աղաբեկյան: Թե՛ թատրոնի գեղարվեստական ղեկավարը եւ թե՛ փոխնախարարը միանգամից չեն մտաբերել հիշյալ տիկնոջը եւ նրան նշանակողին: Հետո պարզվել է, որ այդ կնոջը նշանակել էր մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը: Ի դեպ, Կ. Աղաբեկյանը այդ թատրոնում ժամանակին տնօրեններից մեկի քարտուղարուհին էր, իսկ մինչ թատրոն գալը՝ ՀՀ ՊՆ զորամասերից մեկում աշխատել է հաշվապահ: Փաստորեն, թույլ էր տրվել օրենքի խախտում, քանի որ ՊՈԱԿ տնօրենը պիտի ունենա մասնագիտական կրթություն, 5 տարվա վարչական աշխատանքի ստաժ: Կ. Աղաբեկյանի նշանակումը տնօրենի պաշտոնում եւ գործերի ընդունում-հանձնումը տեղի էր ունեցել 2005թ. հուլիսի 15-ին, երբ թատրոնի կոլեկտիվը գտնվում էր արձակուրդում: Առավել տարօրինակն այն է, որ հուլիսի 29-ին, դարձյալ կոլեկտիվի արձակուրդում եղած ժամանակ, շուրջ 100 ստորագրությամբ նամակ է հղվել նախարար Հովեյանին՝ Կ. Աղաբեկյանին տնօրեն նշանակելու խնդրանքով: Տարօրինակությունների շարանը սրանով չի ավարտվում: Նույն թվականին տնօրեն Էդվարդ Պողոսյանը հանկարծ դառնում է փոխտնօրեն՝ իր վրա վերցնելով տնօրենի լիազորությունները: Նա առայսօր թատրոնի տնօրենի աշխատասենյակում ընդունելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ նրանց ներկայանում է որպես տնօրեն:
Կ. Աղաբեկյանն էլ, որին ոչ ոք որպես ղեկավար չի ընդունում, զբաղեցրել է թատերական խմբի վարիչի փոքրիկ սենյակը եւ միայն հրամաններ ու այլ փաստաթղթեր է ստորագրում: ՊՈԱԿ-ի մասին օրենքով, թատրոնի տնօրենը պետք է ձեւավորի գեղարվեստական խորհուրդ՝ հանդիսանալով դրա նախագահը կամ գործուն անդամը, իսկ տիկին Աղաբեկյանը իր իսկ «ղեկավարած» թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ էլ չէ: Մեզ հետ զրուցած աճեմյանցիները պնդեցին նաեւ, որ մշակույթի նախարարությունում այս մասին գիտեն մեկ-երկու հոգի եւ նախարարությունը շարունակում է Էդվարդ Պողոսյանին ճանաչել որպես տնօրեն:
ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Գայանե Դուրգարյանը, ի պատասխան մեր հարցի, թե ո՞վ է Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենը, տվեց Կարինե Աղաբեկյանի անունը: Իսկ հիշյալ թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանն էլ «Առավոտին» ասաց. «Փաստորեն, մեր թատրոնը դե ֆակտո տնօրեն ունի, իսկ դե յուրե՝ տնօրենուհի»: