Ասում է ՀՅԴ համամասնական ցուցակի 33 տեղը զբաղեցրած եւ ԱԺ չանցած Գուրգեն Շահինյանը, որն այս անգամ պատգամավոր դառնալու համար պայքարում է թիվ 15 ընտրատարածքի կրկնակի ընտրություններում:
– Պարոն Շահինյան, ի՞նչ քաղաքական կենսագրություն ունեք:
– 1991-ից ՀՅԴ-ի շարքերում եմ, վերջին երկու տարում ակտիվ քաղաքականություն եմ վարում կուսակցության շարքերում, վերջին ընտրություններին եղել եմ նաեւ կուսակցության համամասնական ցուցակում:
– Ինչ եք կարծում, ճի՞շտ է ընտրությունների գնալ առանց լուրջ քաղաքական փորձառության:
– Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանից բացի այս ընտրատարածքում ո՞վ ունի հարուստ քաղաքական կենսագրություն: Այնպես չէ, որ ես քաղաքականությունից բան չեմ հասկանում, միշտ մասնակցել եմ ընտրություններին, եղել եմ մեր թեկնածուների կողքին, ընտրությունները տեսել եմ եւ դրանք ամբողջությամբ պատկերացնում եմ: Ճիշտ է, հմտացել ենք համամասնականի ուղղությամբ, սակայն դա էլ է բավարար նույնը կիրառել մեծամասնական ընտրությունների ժամանակ:
– Ինչո՞ւ Ձեր թեկնածությունն առաջադրեցիք հենց թիվ 15 ընտրատարածքում, որտեղ հիմնական դերակատարները ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են:
– Դա արդեն կուսակցության որոշումն էր, գերագույն մարմինն է այդպես որոշել, ես կուսակցական եմ եւ կատարում եմ կուսակցության առաջադրանքները: Այս ընտրատարածքում առաջ եմ քաշելու եւ իրականացնելու եմ այն ծրագրերը, որոնցով ՀՅԴ-ն մայիսի 12-ին մտավ խորհրդարան:
– Իսկ ինչո՞ւ եք մասնակցում հենց կրկնակի ընտրություններին եւ ոչ թե մայիսի 12-ի:
– Քանի որ դաշնակցությունը միշտ կողմնակից է եղել համամասնական ընտրություններին, այս անգամ դաշտն ազատ էր, դրա համար էլ որոշեցինք մասնակցել մեծամասնականով: Բացի դա, հավատում եմ, որ այս անգամ ընտրությունները նորմալ են ընթանալու, պարզապես թույլ չենք տա, որ կեղծեն: Դրան նպաստում է դաշտը, որն ազատ է եւ բոլորի ուշադրությունը կբեւեռվի թիվ 15 ընտրատարածքի վրա, կարծում եմ, դա ինչ-որ տեղ էլ խթան կհանդիսանա, որ մաքուր եւ ազնիվ ընտրություններ անցկացվեն այս ընտրատարածքում:
– Ինչպե՞ս եք գնահատում ձեր ընտրվելու հավանականությունը, երբ թեկնածուներից մեկին սատարում է վարչապետ Սերժ Սարգսյանը:
– Գնահատականը ընտրությունների ավարտը ցույց կտա, պետք է ապրենք մաքուր ընտրությունների հույսով եւ ապացուցենք, որ այդ պայմաններում կարող ենք հաղթել: Իսկ թե ընտրությունների վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ վարչապետը՝ այս պահին չեմ կարող ասել: Իսկ եթե, Աստված չանի, խախտումներ, այնուամենայնիվ, լինեն, կփորձենք դրանց դեմ պայքարել:
– Ի՞նչ միջոցներով եք պայքարելու:
– Ձեր միջոցով՝ մամուլով եւ օրենքով թույլատրված ցանկացած միջոցով կպայքարենք: Կպայքարենք նաեւ մեր վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների միջոցով: Ինձ թվում է, տեղամասերում էլ լրագրողներ կհրավիրվեն, որպեսզի կեղծ խոստումներ տվողները չկարողանան իրենց մտքինն իրագործել: Միանշանակ այդ ճանապարհով ենք պայքարելու:
– Բնակա՞ն եք համարում, երբ ընտրված պատգամավորը հրաժարվում է իր մանդատից եւ դարձյալ առաջադրում իր թեկնածությունը նույն ընտրատարածքում:
– Եթե ընտրվել է եւ մաքուր ճանապարհով է անցել, ինչպե՞ս կարող է հրաժարվել մանդատից եւ նորից առաջադրել իր թեկնածությունը, դրա իմաստը չեմ կարողանում հասկանալ:
– Դուք կասկածու՞մ եք, որ մաքուր չի ընտրվել:
– Ես ոչ մի բանում չեմ կասկածում, չեմ կարող որեւէ բան ասել, որովհետեւ չեմ իմանում ինչ է կատարվել, բայց մամուլից լսելով, որ մանդատից հրաժարվում է եւ դարձյալ առաջադրվում է, մտածում եմ, որ ինչ-որ բան այն չէ եւ չեմ կարող հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում:
– Այս ընտրություններում ո՞ւմ եք ձեզ լուրջ մրցակից համարում:
– Միանշանակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ նա լուրջ, հղկված քաղաքական գործիչ է: Եթե այս ընտրություններում պարտվեմ, ապա կուզենայի միայն նրան պարտվել: