Այսօր խորհրդարանում կքննարկվեն օրինագծեր, որոնք դեմ են խոսքի ազատությանը
Երեկ ամբողջ օրը լրագրողներն անհամբեր սպասում էին, թե երբ են քննարկվելու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ինչպես նաեւ «Պետական տուրքի մասին» օրինագծում փոփոխություններ կատարելու մասին հարցերը: Սակայն խորհրդարանը երեկ մինչեւ ժամը 19-ը տեւած նիստի ընթացքում այս հարցերին չանդրադարձավ: Մինչդեռ պատգամավորների շրջանում եւս առավոտից անհանգստություն կար, եւ իրենք էին լրագրողներից հարցնում՝ «Էդ ճի՞շտ է, որ «Ազատությունը» փակելու են»։ Ու երբ ոմանց բացատրում էինք, որ դա իրենց քվեարկությունից է կախված, եւ եթե կողմ քվեարկեն ՀՀ նախագահի ներկայացրած օրակարգի հենց վերոնշյալ հարցերին, ուրեմն ռադիոկայանի գործերը լավ չեն լինի, զարմանում էին: «Ես անձամբ չեմ ուզում, որ փակեն»,- հիմնականում այսպես էին ասում նույնիսկ իշխանամետ պատգամավորները, որոնք, սակայն, ինչպես հայտնի է, իրենց տերը չեն:
Երեկ ԱԺ-ում «Ինտերնյուս» հ/կ-ի կարծիքը «Պետական տուրքի մասին» օրինագծում փոփոխություններ կատարելու մասին, որում ասվում է, որ oրինագիծը պատշաճ հիմնավորված չէ, հետեւաբար կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների. «ՀՀ կառավարության կողմից ներկայացված հիմնավորումը տրամաբանական չէ եւ ապակողմնորոշիչ է: Անհավասար մրցակցային պայմաններում են գտնվում զուտ հայրենական արտադրանքից բաղկացած հեռուստահաղորդաշարեր հեռարձակող հեռուստաընկերությունները եւ դրանց մրցակիցները, որոնք ամբողջովին կամ մասամբ վերահեռարձակում են օտարերկրյա հեռուստաընկերությունների կողմից հեռարձակվող հաղորդումները: Առավել արտոնյալ պայմաններ ունեն այն ընկերությունները, որոնք վերահեռարձակում են միջպետական եւ միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում վերահեռարձակվող օտարերկրյա հեռուստաալիքները»: «Առավոտը» այս նամակի իր օրինակը փոխանցեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին: Վերջինս պատասխանելով մեր հարցերին՝ ասաց, որ ԱԺ-ում քննարկումների արդյունքում մտահոգությունները կներկայացվեն, եւ յուրաքանչյուրը հետեւություններ կանի: Իսկ արդյոք չի՞ սահմանափակվելու խոսքի ազատությունը. «Նախ՝ նախագիծը պիտի քննարկվի, գա վերջնական տեսքի, ընդունված օրենքների վերաբերյալ կարելի է տարբեր մեկնաբանություններ, բացատրություններ տալ, բայց գուշակություններ անել՝ նախագիծը կընդունվի, թե ոչ, այս տեսքով կընդունվի, թե փոփոխված, կարծում եմ՝ ճիշտ բան չէ»: Հարցրինք՝ արդյոք այս տեսքով բերված նախագծերը չե՞ն վերաբերում կոնկրետ «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման դադարեցմանը: Տիգրան Թորոսյանը նորից ասաց, որ իր տեսակետը կարտահայտի՝ լսելով հիմնական զեկուցողին, պատգամավորների ելույթները:
Ընթերցողին տեղեկացնենք, որ «Պետական տուրքի մասին» օրինագծի հիմնավորման մեջ նշված է. «Նկատի ունենալով, որ հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումը գտնվում է մրցութային կարգավորման ոլորտում՝ գտնում ենք, որ օտարերկրյա զանգվածային լրատվության միջոցների ազգային խմբագրությունների եւ ծառայությունների հաղորդաշարերի յուրաքանչյուր թողարկման համար պետք է սահմանվի պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բազային տուրքի 70֊ապատիկի չափով: Այս օրենսդրական լուծումը հնարավորություն կտա ապահովելու հավասար մրցակցային պայմաններ, մանավանդ որ՝ այլ կազմակերպությանը հաճախականություն տրամադրելը, ըստ էության, գործունեության ինքնուրույն ոլորտ է: Ինչ վերաբերում է ըստ թողարկումների քանակի պետական տուրք վճարելուն, ապա դա իրատեսական է, քանի որ մինչեւ սահմանված կարգով ու ժամկետներում պետական տուրք վճարելը՝ յուրաքանչյուր ընկերության համար արդեն պարզ են լինում այդ թողարկումների բնույթի ու քանակի հարցերը»: Տիգրան Թորոսյանի հետ զրույցում մենք նաեւ հայտնեցինք, որ շատ պատգամավորներ չէին էլ հասկացել, որ այս օրինագծերի ընդունումով փակվելու է «Ազատությունը»: Տիգրան Թորոսյանը այսպես պատասխանեց. «Շատ լավ, պատգամավորները իմացան, իրենք իրենց տեսակետը կարտահայտեն դահլիճում, եւ կտեսնենք, թե ով ինչ կասի»: