«Իզի» եւ «ալո» քարտերի բաժանորդները կընկնեն քաշքշուկների մեջ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ այս տարվա հուլիսի 1-ից բջջային կապի երկու օպերատորները՝ «ԱրմենՏելն» ու «ՎիվաՍելլը», պետք է իրենց կանխավճարային «իզի» եւ «ալո» քարտերը վաճառեն գրավոր պայմանագրերով: Իսկ այն բաժանորդները, ովքեր արդեն ունեն կանխավճարային քարտեր, պետք է մինչեւ այս տարվա նոյեմբերի 1-ը իրենց օպերատորների հետ պայմանագիր կնքեն, հակառակ դեպքում նրանց չեն մատուցվի շարժական կապի ծառայություններ:
Իր որոշումը հանձնաժողովը պայմանավորում է հանրային շահի եւ ազգային անվտանգության շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ, թեեւ իրականում հասկանալի է, որ այդ որոշումը թելադրված է «վերեւներից». նախկինում ցանկացած մարդ կարող էր 1200-1500 դրամով ցանկացած խանութից, թերթի կրպակից կամ նույնիսկ փողոցում լոտո ծախողից քարտ գնել, զանգել ուր ուզում էր, խոսել ինչ ուզում էր ու քարտը դեն նետել՝ առանց իր հետեւից որեւէ հետք թողնելու: Ոչ ոք չէր կարող գուշակել, թե ում մոտ է եղել այդ քարտը: Ըստ շրջանառվող լուրերի, ամիսներ առաջ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը, անծանոթ համարներից անընդհատ զանգեր են ստացել ու լսել սպառնալիքներ, բայց այդպես էլ չեն կարողացել բռնացնել՝ ով է զանգողը: Եվ, հավանաբար, հենց այդ է եղել հանձնաժողովի՝ «հանրային շահի եւ ազգային անվտանգության շահերի պաշտպանության» մասին մտածելու հիմնական պատճառը: Հանձնաժողովի պատկերացմամբ՝ եթե բաժանորդները ստիպված լինեն պայմանագիր կնքել, արդեն չեն կարող «թաքուն» համարներ ունենալ: Գործնականում հնարավոր է հանձնաժողովն իր նպատակին հասնի եւ այլեւս բաժանորդները չկարողանան իրենց անանուն զանգերով «անհանգստացնել» իշխանության ներկայացուցիչներին, բայց պայմանագրով քարտ վաճառելը շարքային քաղաքացու համար մի շարք գլխացավանքներ է ստեղծելու:
Նախ, ինչպես «Առավոտին» պարզաբանեցին «ԱրմենՏելից», իրենք արդեն պայմանագրի ձեւն ունեն եւ մարդիկ նոր պայմանագրով «իզի» քարտ ձեռք բերելու համար կարող են դիմել ոչ միայն իրենց սպասարկման կենտրոններ, այլեւ «ԱրմենՏելի» դիլլերներին: Բայց դիլլերի հետ պայմանագիր կնքելու դեպքում մարդը պետք է նրան թողնի իր անձնագրի պատճենը, իսկ «ԱրմենՏելի» գրասենյակներում միայն ստուգում են չափահասի անձը հաստատող փաստաթուղթը, բայց պատճենը չեն վերցնում: Մինչ օրս քաղաքացիները «իզի» քարտ կարող էին գնել ամենուրեք, անգամ՝ մթերային խանութներից, բայց հաշվի առնելով, որ խանութների վաճառողները չեն կարող մի կողմից, ասենք, երշիկ վաճառել, մյուս կողմից՝ բաժանորդի հետ պայմանագիր կնքել, փաստորեն, օպերատորները պետք է արդեն խանութներից ու նման մանր-մունր բոլոր կետերից հավաքեն իրենց քարտերն ու այն վաճառեն միայն ֆիրմային սպասարկման կենտրոններում կամ ընկերության հատուկ գրասենյակներում: Այսինքն՝ քարտ գնելը դառնում է ավելի բարդ գործընթաց, քան նախկինում էր: «ՎիվաՍելլի» «ալո» քարտ գնելու դեպքում, ինչպես ընկերությունից «Առավոտին» մեկնաբանեցին, պայմանագրերը կարող են կնքվել ինչպես իրենց սպասարկման կենտրոններում, այնպես էլ բոլոր վաճառակետերում: Այսինքն՝ որքան էլ զարմանալի է, ընկերությունը մթերային խանութի վաճառողին տեսնում է պայմանագիր հաստատողի դերում: Նրանք, ովքեր արդեն ունեն «ալո» քարտ, պայմանագիրը պետք է կնքեն միայն «ՎիվաՍելլի» սպասարկման կենտրոններում:
Նշենք, որ արդեն անչափահասները չեն կարող «իզի» կամ «ալո» քարտ ձեռք բերել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից «Առավոտին» պարզաբանեցին, որ դա չի նշանակում, թե նրանք չեն կարող քարտից օգտվել, պարզապես նրանց համար քարտը պետք է գնեն նրանց ծնողները, հարազատները կամ որեւէ չափահաս անձ, որը եւ կստանձնի այդ քարտի հետ կապված ամբողջ պատասխանատվությունը: Այսինքն՝ եթե երեխան քարտից զանգի մեկին՝ գժվացնի, պատասխանատվության կենթարկվի այն անձը, ում անունով ձեռք է բերվել այդ հեռախոսահամարը:
Մեկ անձը կարո՞ղ է մեկից ավելի քարտ գնել՝ նույն պայմանագրով, մեր հարցին հանձնաժողովից պատասխանեցին, որ քարտերի քանակի որեւէ սահմանափակում չի դրվելու, կուզեն՝ կարող են 100 քարտ գնել:
Պայմանագրով կանխավճարային քարտերը վաճառելու մասին որոշումը նաեւ վերացնելու է մարդկանց՝ միմյանց քարտ նվիրելու ավանդույթը, որովհետեւ դա արդեն խիստ ռիսկային կլինի եւ քարտ կնվիրեն միայն նրան, ում շատ կվստահեն: Բացի այդ, եթե նախկինում բաժանորդները քարտը կորցնելիս պարզապես նորն էին գնում, հիմա արդեն չեն կարող հենց այնպես խաչ քաշել իրենց քարտի վրա, պետք է դիմեն բջջային կապի իրենց օպերատորին, պայմանագիրը չեղյալ համարեն, քարտը անվավեր ճանաչեն ու նոր պայմանագիր կնքեն՝ նոր քարտ ձեռք բերելու համար:
Նկատենք, որ «իզի» կամ «ալո» քարտ ձեռք բերելու գործընթացն այսքան բարդացնելուց հետո էլ չի բացառվում, որ բարձրաստիճան պաշտոնյաներին կշարունակեն զանգել, սպառնալ, հայհոյել ու այդպես էլ չբացահայտվել: Օրինակ, կարող են ուրիշի բջջային հեռախոսը գողանալ՝ քարտի հետ միասին, զանգել, իրենց ուզածն ասել ու քարտը շպրտել, այս դեպքում օպերատորները պայմանագիրը կնքած քաղաքացուն հո չե՞ն տանելու քաղմաս, այնքան ծեծեն, որ իր վրա վերցնի: