Արշակ Սադոյանի տեղը թափուր չի մնացել
Խորհրդարանական առաջին քայլերն անող անգամ «Ժառանգությունը» երեկ եւս ակտիվ ելույթներ էր ունենում, եւ ամբողջ խմբակցությունը մեկ մարդու նման մասնակցում էր անգամ երկրորդ թվացող հարցերի քննարկումներին: Լրագրողներն արդեն սկսել են կատակել, որ եթե ԱԺ-ն աշխատի «Ժառանգության» ակտիվությամբ, ապա տասը տարին էլ չի բավականացնի խորհրդարանի մեկ գումարման համար: Խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրինք, թե իրենց այս ակտիվ պահվածքը որքա՞ն կտեւի, այդքան էներգիա կունենա՞ն շարունակելու նույն տեմպով: «Կշարունակենք այնքան, որքան Աստված մեզ կյանք տա»,- պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ մեր զրուցակցի, իրենք ընդամենը առաջարկում են, որ յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվի ոչ թե քաղաքական որոշումներով, ուղղահայաց համաձայնություններով, այլ նաեւ ԱԺ պատգամավորի պարտականություններով, գործառույթներով. «Օրենքները ընդունվում են ոչ թե այսօրվա, այլ սերունդների համար, եւ դա բարձր պատասխանատվություն է ենթադրում: Ես հույս ունեմ, որ աստիճանաբար այդ գիտակցումը կտարածվի գոնե որոշների վրա, պատրանքներ չեմ տածում, բայց հույս ունենք, որ այստեղ մեր գործընկերները կհասկանան, որ ԱԺ-ն ամենաուղղակի եղանակով ժողովրդի ձայնն է, որը հարգում է օրենքը, հիմնված է բազմակարծության վրա, եւ դա հիմա, փաստորեն, խախտվում է մեր աչքի առաջ»: Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց նաեւ, որ բոլորը պետք է հասկանան. «Կյանքի կարուսելը պտտվում է անկանխատեսելի ձեւով, տեղերը փոխվում են, հանրային ծառայության վայրերը, բայց օրենքը մեկն է, եւ այնպիսի օրենք ընդունենք եւ այնպիսի ընթացակարգով ընդունենք, որ որեւէ մեկը հանկարծ չմտածի, որ այս կյանքի մեջ ամեն ինչ կանխորոշված է, որ ինքը կապ չունի, որ ԱԺ-ում ամեն ինչ որոշված է: Այս ժողովրդավարական առավելությունը մենք նորից պետք է վերագտնենք, որ դառնանք առաջատար»: Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրինք նաեւ «Ազատություն» ռադիոկայանը փակելու մասին («Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ): Ասաց, որ ինքը խիստ բացասական կարծիք ունի վերոնշյալների կապակցությամբ. «Դեմ ենք թե՛ բովանդակային, թե՛ արժեքային, թե՛ իրավական եւ թե՛ դասակարգային առումներով: Համապարփակ սխալ է եւ օրենքի հղմամբ հակաիրավական քայլ, ցանկացած մարդ միշտ կարող է օրենքին հղում կատարել իր անիրավ քայլը բացատրելու համար: Սա անուղղակի ձեւ է` ընտրությունների նախաշեմին եթերազրկել հարգված մի լրատվամիջոց, որը առանձնանում է իր բարձր արհեստավարժությամբ եւ իր անկախ ու անկառավարելի լինելու հատկանիշով»: