Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԷԼ ՊԻՏԻ ՆԵՐԳՐԱՎՎԵՆ

Հունիս 28,2007 00:00

\"\"Լեո Պլատվոետն անհրաժեշտ է համարում անհետ կորածների խնդրով զբաղվող աշխատանքային համակարգող խմբին Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը:

Հոլանդացի պատգամավոր Լեո Պլատվոետը, որը ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ բնակչության կոմիտեի զեկուցողն է՝ մշակել է եւս մի փաստաթուղթ, որը վերաբերում է մեր երկրին: «Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում անհետ կորածները Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հակամարտությունների ընթացքում» զեկույցը քննարկվել է ԵԽԽՎ մշտական կոմիտեի՝ Բելգրադում մայիսի 24-ին կայացած նիստում եւ ընդունվել:

Զեկույցի ամփոփագրում մասնավորապես նշված է, թե 1990-ականներին վերոհիշյալ հակամարտությունների ընթացքում անհետ կորած անձանց խնդրի լուծման կապակցությամբ առաջընթացը փոքր է: Ըստ տվյալների, որոնք մեջբերված են զեկույցում՝ այս տարածաշրջանում 7643 անձ է անհետ կորել, որոնցից 4604-ն ադրբեջանցի են, իսկ 947-ը՝ հայ. «Կան չհաստատված տեղեկություններ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորածներից ոմանք հնարավոր է՝ դեռ կենդանի են եւ պահվում են գաղտնի բանտերում: Այս տեղեկությունները հերքվում են իշխանությունների եւ շահագրգիռ «վարչակարգերի» կողմից, սակայն այդ խնդիրը շարունակվում է հաճախ արծարծվել անհետ կորածների ընտանիքներում եւ նպաստում է միայն տարածաշրջանում լարվածության ավելացմանը»:

Հիշեցնենք, որ այս զեկույցը նախապատրաստելու ընթացքում Լեո Պլատվոետը անցած տարի հունիսի 4-9-ն այցելեց Հայաստան, Ադրբեջան ու Վրաստան, իսկ սեպտեմբերի 17-23-ը՝ Լեռնային Ղարաբաղ ու Աբխազիա: Նա հանդիպել է անհետ կորած անձանց 60 ընտանիքների:

Այժմ այս զեկույցի միայն բացատրական հուշագրում է Լեո Պլատվոետը նշել, որ թեեւ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, թե իրենց 460416 քաղաքացիներն են անհետ կորել, Միջազգային կարմիր խաչի կոմիտեի տվյալներն այս կապակցությամբ այլ են՝ 3247 անձ է 2006-ի հունիսին այստեղ արձանագրվել, իբրեւ անհետ կորած Ադրբեջանից: Այս կազմակերպությունն այժմ ստուգում է իրեն տրամադրված երկու ցուցակները: «Ադրբեջանի ցուցակում ներառված 783 անձինք, ըստ իշխանությունների, հնարավոր է՝ դեռ կենդանի են եւ որպես պատանդներ կամ գերիներ պահվում են Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում»,- նշում է Լեո Պլատվոետը: Նա զեկույցում ներկայացրել է իր լսած լուրերը, թե այդ անձինք պահվում են գաղտնի ճամբարներում, ոսկու հանքերում, քիմիական գործարաններում, բացի այդ՝ որպես ստրուկ օգտագործվում են առանձին ընտանիքներում, կամ կանանց ստիպում են զբաղվել պոռնկությամբ: Եվ վերջապես՝ հիշատակել է իր լսած այն լուրերի մասին, թե անհետ կորած անձինք օգտագործվել են օրգանների առքուվաճառքի համար: Լեո Պլատվոետը նկատում է, թե գաղտնի բանտերում պահվող յուրաքանչյուր անձի առկայությունը կլինի եվրոպական նորմերի խախտում: Եվ անհրաժեշտ է համարում, որ այս պնդումները հետաքննի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն, որը լիազորություն ունի այցելել այն վայրերը, որտեղ կարող են պահվել այդ անձինք:

Նա ափսոսանք է արտահայտել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի այն հանձնախմբերի միջեւ, որոնք զբաղվում են անհետ կորածների խնդրով՝ գրեթե իսպառ բացակայում է համագործակցությունը: Այս կառույցների ներկայացուցիչներն իրար հանդիպել են միայն երկու անգամ, եւ վերջին անգամ՝ 2005-ին, Վրաստանում, ոչ կառավարական մի կազմակերպության նախաձեռնած հավաքի ընթացքում, եւ առավել քննարկել են գերեվարվածների փոխանակման խնդիրները: Զեկուցողը հիշատակում է, թե առաջին հանդիպման ժամանակ ներկա է եղել նաեւ ԼՂ համանման կառույցի ներկայացուցիչը, մինչդեռ երկրորդ հանդիպման ժամանակ Ադրբեջանը չի հանդուրժել ղարաբաղյան կողմի ներկայությունը: Այս փաստին Լեո Պլատվոետն ըմբռնումով է վերաբերվել՝ նշելով, թե գիտի քաղաքական առկա սուր խնդիրների մասին, սակայն այնուամենայնիվ՝ գերադասում է հարցի մարդասիրական կողմը. «Եվ այդ պատճառով՝ առաջնային ենք համարում, որ ստեղծվելիք այն աշխատանքային մարմնում, որը կապահովի համագործակցություն Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնախմբերի միջեւ, ընդգրկվեն նաեւ Լեռնային Ղարաբաղի շրջանից հայերի եւ ադրբեջանցիների ներկայացուցիչները»: Եվ ընդունված բանաձեւում էլ է նշված, թե անհետ կորածների խնդիրը մարդասիրական ու մարդու իրավունքների հարց է, եւ այն պետք չէ դիտարկել իբրեւ քաղաքական. «Հետեւաբար՝ այս խնդրի լուծումը պայմանավորված չէ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել