Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Հունիս 27,2007 00:00

\"\"Լիբանանահայ Ճարտարագետ Փիեռ Գույումճյանի նվերը ավելի մեծ հնարավորություններ ունի, քան «Հիլլի»՝ կասկածելի պայմաններով առաջարկած տեխնիկան:

«Անգամ գաղափարը, որ օտար կազմակերպությունը՝ ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սուրբ Հովհաննես համալսարանին կից Հիլլ ձեռագրերի գրադարան-թանգարանը պիտի թվայնացներ մեր ձեռագրերը, արդեն անընդունելի էր ինձ համար»,- լիբանանահայ բարերար, մասնագիտությամբ ճարտարագետ Փիեռ Գույումճյանը երեկ «Առավոտին» պարզաբանեց, թե ինչու է որոշել իր միջոցների հաշվին Մատենադարանին նվիրատվություն կատարել: Լիբանանցի մեր հայրենակիցը Մատենադարանին է նվիրել մի սարք (ATIZ- Book Drive Diy), որն ավելի մեծ հնարավորություններ ունի, քան «Հիլլի» առաջարկածը: «Հիլլի» ունեցածն այնպիսի սարքավորում էր, որով, օրինակ, լուսանկարելիս գիրքը կամ ձեռագիրը պետք է 180 աստիճան թեքությամբ դնել սարքի մեջ, մինչդեռ իմ բերածով հնարավոր է երկու էջերը միաժամանակ լուսանկարել: Կարծում եմ, մինչեւ օտարներին դիմելը, լավ կլիներ հայաստանյան հեղինակավոր կազմակերպություններին հնարավորություն տրվեր իրենց պարտքը կատարել հայրենիքի հանդեպ: Մանավանդ նրանցից շատերը արտերկրից բազում ծանրակշիռ մրցանակներ են բերել»,- փաստեց պրն Գույումճյանը: «Google»-ն էլ է նմանատիպ սարքավորումներ օգտագործում»,- սփյուռքահայ բարերարի նվերը գովեց Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Արշակ Բանուչյանը:

Պարզվում է, Փիեռ Գույումճյանին ոգեւորել է այն աղմուկը, որը Հայաստանում բարձրացվել էր «Հիլլ» կազմակերպության եւ Մատենադարանի միջեւ կնքված, մասնագետների բնորոշմամբ՝ «փնթի» պայմանագրի պատճառով: Ի տարբերություն «Հիլլի», Փ. Գույումճյանը ոչ ձեռագրերի կրկնօրինակ է ուզում, ոչ էլ հատուկ թույլտվություն պահանջում՝ սարքից օգտվելու համար: «Իմ ցանկությունն այն է, որ մարդիկ հանգիստ լինեն, եւ հաջող իրականացվի Մատենադարանի թվայնացման ծրագիրը: Թվայնացումը կնպաստի, որ ժողովուրդը հաղորդակից լինի Մատենադարանի արժեքավոր մատյաններին»,- ասաց Փ. Գույումճյանը: Վերջինս ժամանակին ցանկացել է թվայնացնել նաեւ Անթիլիասի հավաքածուն, սակայն այնտեղ էլ է «Հիլլն» իրենից առաջ ընկել: Բարերարի նվիրած սարքավորումը Մատենադարանում 1-2 ամիս կփորձարկվի, որից հետո պարզ կդառնա, թե էլ ինչ լրացուցիչ սարքավորումներ են անհրաժեշտ գործընթացը լիովին իրականացնելու համար: «Թվայնացումը տարբեր փուլերից է բաղկացած: Դրա մեջ միայն նկարահանումը չի մտնում, այլ ձեռագրերի նորոգումը, բուն թվանշայնացման աշխատանքները, տվյալների շտեմարանի ստեղծումը եւ այլն: Օգոստոսին այս ծրագրերը կքննարկվեն Մատենադարանի խորհրդում, հետո ԿԳ նախարարությունում եւ կներկայացվի կառավարություն: Այնպես որ, մինչեւ այդ, Մատենադարանը պատրաստ է լսել եւ քննարկել այլ առաջարկներ եւս»,- տեղեկացրեց Ա. Բանուչյանը, որը մեծ դերակատարություն ունի Մատենադարան-Հիլլ տխրահռչակ «գործարքում»: «Առավոտը» Ա. Բանուչյանից հետաքրքրվեց, արդյո՞ք «Հիլլի» առաջարկը ընդունել-չընդունելու հարցը պիտի որոշի Մատենադարանի՝ ԿԳ նախարարի կողմից առաջիկայում նշանակվելիք խորհուրդը: «Ըստ օրենքի, լիազորված պետական մարմինը պիտի հաստատի խորհրդի կազմը: Ժամանակին, երբ «Հիլլի» հետ փաստաթղթերը ստորագրված էին, դրանք պիտի քննարկվեին Մատենադարանի խորհրդում, վավերացվեին եւ ներկայացվեին նախարարություն, վերջնական որոշում պիտի կայացներ կառավարությունը: Ըստ էության՝ գործընթացը նույնն է մնացել»,- հայտնեց նա: Բանուչյանը տեղեկացրեց, որ համագործակցության առաջարկ են ստացել նաեւ ավստրիական Գրաց քաղաքի Կարլ Ֆրանցի անվան համալսարանից: «Համենայնդեպս, Մատենադարանը որեւէ օտար մարդու չի վստահի ձեռագրերի թվայնացման գործը: Միանշանակ, դա պիտի անեն Մատենադարանի աշխատակիցները: Իսկ այլ կազմակերպություններ կարող են միայն աջակցել խորհրդատվության, սարքավորումների ձեռքբերման հարցում»,- հավաստիացրեց տնօրենի պաշտոնակատարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել