Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակային վարկը օգտագործվել է ոչ նպատակային

Հունիս 27,2007 00:00

Գործադիր տնօրենը կենթարկվի պատասխանատվության

«Միավորված բանկ» ԲԲԸ գործադիր տնօրեն Հովսեփ Գալստյանի նկատմամբ այս տարվա մայիսի 2-ին հարուցվել էր քրգործ՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, նպատակային վարկը ոչ նպատակային օգտագործելու եւ կեղծ փաստաթղթեր պատրաստելու, օգտագործելու համար:

Ըստ մեղադրանքն առաջադրած մարմնի՝ գործադիր տնօրենը խախտել էր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի «Միավորված բանկ» ԲԲԸ-ի վերաբերյալ 1999թ. դեկտեմբերի 21-ի թիվ 59 գ որոշումը, իր գրավոր ցուցումով բանկի արտահաշվեկշռում չհաշվառված Սուրեն Մխիթարյանի անվամբ «Միավորված բանկ» ԲԲԸ-ի 2000թ. փետրվարի 15-ի թիվ E-310 բանկային երաշխիքով երաշխավորել էր ստանալ $120.000 վարկ ու դրա հաշվարկված տոկոսների վերադարձը: Վարկառուի «ստացած» $120.000 վարկը տնօրինել էր անձամբ:

Հ. Գալստյանը կիպրոսյան «Ինթերնեյշնլ Փրայմ Բանկ Քորփորեյշն» բանկից 16.088.405 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել գերմանական «Ռեյնելբ Յունիոն» ընկերության կողմից 1926թ. թողարկված փոխառության 30 պարտատոմս, որոնց մարման ժամկետը լրացել էր դեռեւս 1976 թվականին, ինչը «Միավորված բանկ» ԲԲԸ-ի համար առաջացրել է ծանր հետեւանքներ:

Հ. Գալստյանը «Արմ Իտերա Էներջի», «Կռավ», «ԱՄԷՔՍ» ընկերությունների եւ «Միավորված բանկ» ԲԲԸ-ի միջեւ պարտքերի վերաձեւակերպման գործարքի իրականացման արդյունքում առաջացած, 1998թ. դեկտեմբերի 29-ին «ԱՄԷՔՍ» ընկերության հաշվին 456.500.000 դրամի կանխիկի ստացման չեկով այդ ընկերությանը պակաս տրամադրելով 470.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ վերջինիս միջոցով «Կռավ» ՍՊԸ-ին անձնապես պարտք է մնացել նույնքան գումար:

Հ. Գալստյանը «Կռավ» ՍՊԸ-ի նկատմամբ իր պարտավորությունը վարկի միջոցով մարելու նպատակով, բանկային երաշխիքներով «Տրաստբանկ» ՓԲԸ-ին երաշխավորել է «ԱՄԷՔՍ» ԼՏ ընկերությանը, «Կռավ» ՍՊԸ-ի աշխատակիցներ Պետրոս Գեւորգյանին, Սոնա Գեւորգյանին եւ Վոլոդյա Դանիելյանին համապատասխանաբար 170.000, 125.000, 125.000 ու $50.000-ի վարկերի եւ հաշվարկված տոկոսների վերադարձը:

Տնօրենի ձեռքերը հասել են նաեւ փոքր եւ միջին բիզնեսը տնօրինողներին: Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար վարկային միջոցների հատկացման վերաբերյալ ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի եւ Լինսի հիմնադրամի միջեւ կնքված վարկային համաձայնագրի, ՀՀ կառավարության անունից միասնաբար գործող՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության, Ծրագրերի իրականացման գործակալության, ՀՀ կենտրոնական բանկի ու «Միավորված բանկ» ԲԲԸ-ի միջեւ 1999թ. հուլիսի 16-ին կնքված կառավարության վարկի համաձայնագրի շրջանակներում վերջինիս հատկացվել է 384.450.000 դրամի կառավարության վարկ՝ Լինսի հիմնադրամի կողմից հավանության արժանացած «Հրազդան-Մսամթերքներ» ԲԲԸ-ի վարկային առաջարկության եւ գործարար ծրագրի հիման վրա նրան ենթավարկ տրամադրելու համար: 384.450.000 դրամ նպատակային վարկը նույնպես յուրացվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել